Լրահոս
Օրվա լրահոսը

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրով «ատկատներ» չե՞ն լինի, աղքատությունն էլ` կհաղթահարվի (Տեսանյութ)

Օգոստոս 23,2013 14:13

Այսօր կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողներին ներկայացրեց «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, որը մեկնարկելու է 2014 թվականին Վայոց ձորի մարզում: Ըստ պարոն Աշոտյանի, ծրագիրն իրականացնելու է նախարարության ծրագրերի իրականացման գործակալությունը: 
Aravot.am-ը պարոն Աշոտյանից հետաքրքրվեց` հաշվի առնելով գնումների ոլորտում Վերահսկիչ պալատի ֆինանսական խոշոր չարաշահումների բացահայտումները, արդյոք այս ծրագիրը եւս մեկ «ատկատի» միջոց չի՞ լինի:
«Ես վստահ եմ, առաջինը` գնումների գործընթացներում հայտնաբերված թերությունները բոլոր գերատեսչություններում բերել են նրան, որ դարձել են ավելի լավը եւ թափանցիկ: Մեր նախարարությունը բացառություն չէ, ես վստահ եմ՝ ձեր աչալրջության դեպքում որեւէ մի կրթության նախարարի, կլինեմ դա ես, որեւէ մեկը, որ մոտակա տարիներին այս պատվին կարժանանա, որեւէ մեկ նախարարի մտքով չի անցնի դպրոցական երեխաների սննդի հաշվին հարստանալ: Մեր ԾԻԳ-ը լավ է աշխատում, Վերահսկիչ պալատի հաշվետվությունները, որ նայեք, կտեսնեք, որ այլ խնդիրների հետ կապված դիտողություններ եղել են, բայց գնումների հետ կապված երեւի թե ամենասահուն աշխատող հիմնարկություններից մեկն է»:
Մեր հարցադրումը, ինչպես նախարարն ասաց` «Կիկոսի մահը» հեքիաթը հիշեցրեց, իբր, դեռ ծրագիրը չսկսած, մտավախություն ենք արտահայտում:
«Կլինի`կգրեք, կպատժեք, եթե ես կլինեմ, կպատժեք ինձ, չի լինի` կօգնեք, որ ծրագիրն իրականացվի շատ լավ»,-ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ, օրինակ, գնումների միջոցով մանկապարտեզի երեխաների սննդի մատակարարման գործընթացում են չարաշահումներ բացահայտվել, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մանկատան երեխաներին հասանելիք բնակարանների հաշվին էր «ատկատ» անում:

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարության մեջ նշված է, որ սա նաեւ աղքատությունը հաղթահարելուն է ուղղված, իսկ երեխային հասանելիք օրական միանվագ սննդի բազային արժեքը կազմելու է 140 դրամ:
Aravot.am-ը պարոն Աշոտյանից նաեւ հետաքրքրվեց, արդյոք հնարավո՞ր է 140 դրամով աղքատություն հաղթահարել, այն դեպքում, երբ բազմաթիվ երեխաներ կոշիկ ու հագուստ չունեն, որպեսզի դպրոց հաճախեն եւ օգտվեն 140 դրամանոց 1 բաժակ կաթից եւ քաղցրավենիքից: «140 դրամը եթե բազմապատկենք աշակերտների այն օրերի վրա, որ իրենք գնում են դպրոց, կտեսնեք, որ դա 140 դրամ չէ, դա պետության մասշտաբով բավականին հսկայական գումար է: Ես վստահ եմ, որ սոցիալական ծանրությունը մեղմվելու է, որովհետեւ կիսաքաղց երեխան դպրոց գալով, այնտեղ գոնե կսնվի: Ես այդ երեխաների կարիքի մասին ձեր լրատվականներով չէ, որ գիտեմ, ես իրենց տեսնում եմ, շփվում եմ, ես իրենց ծնողների հետ եմ շփվում, երբ գնում եմ գյուղեր երեխաներին տեսնում եմ, ու վստահաբար, պատկերազարդ իմ ունեցած տվյալները մամուլից չեն: Վստահ եմ` սոցիալական բեռն ենք թեթեւացնում: Շատերը առավոտյան հաց չեն կարողանում ուտեն, որ գալիս են դպրոց: Ես դեպքեր ունեմ, երբ ինձ ահազանգում են, որ երեխայի ուշքն է գնում դասի ժամին, ինչի մասին է խոսքը, ձեր համար լրատվական թեմա է, ինձ համար` երեխայի ճակատագիր»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031