Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չեմ կարող չանդրադառնալ չհիմնավորված ու չափազանցված քննադատությանը

Օգոստոս 23,2013 13:57

Որպես Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտին անմիջական առնչություն ունեցող պատգամավոր՝ չեմ կարող չանդրադառնալ վերջերս որոշ շրջանակների եւ լրատվամիջոցների՝ արտաքին քաղաքականության եւ դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությանն ուղղված չհիմնավորված ու չափազանցված քննադատությանը:

Չէի ցանկանա խորամուխ լինել, թե ինչով է պայմանավորված մեր արտաքին քաղաքականության համար ներկայիս վճռորոշ փուլում Հայաստանի դիվանագիտության ու դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության այս ընդհանրական, կարելի է ասել անգամ շաբլոնային  գնահատականների եւ համահարթեցման փորձի նոր ալիքը: Ակնհայտ է, որ արտաքին քաղաքական համակարգի, ընդհանուր առմամբ, եւ մասնավորապես դրա բաղկացուցիչ մասերի գործունեության վերաբեյալ կարծիք հայտնելիս պետք է համապարփակ եւ սթափ վերլուծության ենթարկել բոլոր այն քաղաքական եւ աշխարհաքաղաքական գործոնները, որոնք էլ պայմանավորում են այդ ոլորտում ձեռնարկվող յուրաքանչյուր քայլ:

Հերքելու համար այն եզրույթը, որ մեր դիվանագիտական ներկայացուցչությունները պարտություն են կրում տարբեր հարթակներում տարվող քարոզչական պատերազմում, կարելի է բերել աշխարհաքաղաքական կարեւորագույն կետերից մեկում՝ ամերիկյան քաղաքական հարթակներում ընթացող պայքարում հայկական կողմի հաջողությունները: Հարթակ, որտեղ մեր դիվանագետների եւ հայկական համայնքի համատեղ գործողություններով հաջողվում է ոչ միայն հակադարձել թուրք-ադրբեջանական ջանքերին եւ նրանց կողմից վարձված փորձառու լոբբիստական կազմակերպությունների՝ միլիոնավոր նաթվադոլարներով իրականացվող արշավներին, այլեւ ունենալ նաեւ շոշափելի ձեռքբերումներ:

Նշեմ, որ, ըստ ԱՄՆ-ում հրապարակվող տվյալների ու հաշվետվությունների, Ադրբեջանի իշխանությունները ԱՄՆ-ում իրենց շահերը ներկայացնելու նպատակով վարձել են ոչ թե մեկ, այլ մի քանի ամերիկյան առաջատար լոբբիստական ընկերություն (ըստ Wikileaks-ի հրապատակած փաստաթղթերի՝ այդ ընկերությունների թիվը հասնում է վեցի): Հայկական կողմի արձանագրված առաջընթացը ԱՄՆ աջակցության ծրագրի շրջանակներում Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնության մասին ելակետից զարգացում է ապրել մինչեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ որպես ինքնուրույն սուբյեկտի կերպարի ստեղծմանն ամերիկյան քաղաքական եւ հասարակական շրջանակներում: Դեսպանության ծրագրային քաղաքականության եւ հավասարակշռված քայլերի շնորհիվ հաջողվել է օրինաչափության վերածել արդեն յոթերորդ տարին անընդմեջ ԱՄՆ Կոնգրեսում ԼՂՀ բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջոցառումի կազմակերպումը, որին, չնայած ադրբեջանական կողմի համառ ընդդիմությանը, ավանդաբար մասնակցում են մի քանի տասնյակ կոնգրեսականներ, այս տարի արդեն ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորությամբ:

ՀՀ դեսպանության, ԼՂՀ ներկայացուցչության եւ հայ համայնքի ներկայացուցիչների նպատակային գործողությունների շնորհիվ Միացյալ Նահանգներում Խոջալուի իրադարձությունների նենգափոխման արշավը նույնպես մղձավանջի վերածվեց հենց նախաձեռնող կողմի համար՝ թույլ տալով նոր թափ հաղորդել ԼՂՀ անկախության ճանաչման անդառնալի գործընթացին՝ այս անգամ նահանգային մակարդակով` ի դեմս ամերիկյան չորս նահանգների:

Արտերկրում մեր դիվանագիտական ներկայացուցիչների կողմից արված յուրաքանչյուր քայլ կամ հայտարարություն քաղաքական շահառուների կողմից դիտարկվում եւ գնահատվում է տարբեր, երբեմն հակասական պրիզմաներով: Նման իրավիճակում հավասարակշռության կետը, ամեն անգամ, մեր դեսպանի քաղաքական հայտարարություններն են ինչպես ԱՄՆ Կոնգրեսում, այնպես էլ տարբեր գիտակրթական կենտրոններում, որոնք, բխելով ՀՀ արտաքին քաղաքականության ուղեգծից, միաժամանակ հիմքեր են ապահովում դեսպանության, համայնքի, մեր կոնգրեսական բարեկամների եւ ԱՄՆ վարչակազմի հետ համատեղ աշխատանքի համար՝ ուղղված ՀՀ արտաքին նպատակների իրագործմանը: Դրանով է պայմանավորված նաեւ, որ հայկական կողմի վերը նշված ձեռքբերումներին, չնայած ադրբեջանական ճնշումներին, երբեւէ չեն հետեւել ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների, պետքարտուղարության ոչ հայանպաստ հայտարարությունները:

Հարկ է նշել, որ ի պատիվ իրենց, մեր ամերիկյան գործընկերները ցուցաբերում են բարձր սկզբունքայնություն, ոչ միայն տեղիք չեն տալիս ադրբեջանական կողմից տեղացող մշտական բողոքներին, նրանց լոբբիստների ջանքերին, այլեւ, ընդհակառակը, հարկ եղած դեպքում հրապարակային դաս են տալիս Ադրբեջանին: Ինչպես եղավ We the People նախաձեռնության շրջանակներում արված ադրբեջանական տխրահռչակ համապետական-համազգային ստորագրահավաքի դեպքում, երբ դեսպանության եւ հայկական համայնքի համատեղ եւ կշռադատված քայլերի, ինչպես նաեւ ամերիկյան կողմի հավասարակշռված կեցվածքի շնորհիվ ադրբեջանական այդ նախաձեռնությունը ձախողման ենթարկվեց: Պատահական չէ նաեւ, որ Հունգարիայի կողմից մարդասպան Սաֆարովի արտահանձնման եւ վերջինիս հերոսացման վերաբերյալ ամենաառաջին, ամենաբարձր մակարդակի եւ ամենահետեւողական քննադատությունը եղավ հենց Վաշինգտոնից:

Հարկ է նշել, որ դիվանագիտական այս ուղղության վրա զարգացումներն իրենց արտացոլումը գտան նաեւ Մեքսիկայում, որտեղ ադրբեջանական ակտիվ գործունեության արդյունքում ոչ հայանպաստ իրավիճակ էր ստեղծվել: Մեքսիկայում համատեղության կարգով նորանշանակ դեսպանի ու փոքրաթիվ հայ համայնքի հետ սերտ համագործակցությամբ հաջողվեց կարճ ժամանակամիջոցում հասնել տրամագծորեն հակառակ՝ Ադրբեջանի համար խիստ անբարենպաստ մթնոլորտի ձեւավորմանը եւ անգամ իրենց «հիմնադիր հոր»՝ Հեյդար Ալիեւի արձանի ապամոնտաժմանը: Անկասկած, այս հիմքի վրա դեսպանության բացումը եւ տեղում դեսպանի նշանակումը թույլ կտա պահպանել եւ ընդլայնել մեր դիվանագիտական դիրքերը:

Վերջին շրջանում ցանկալի առաջընթաց է արձանագրվում նաեւ տարբեր մայրաքաղաքներում օպերատիվ գործունեություն իրականացնող մեր շատ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից: Եվ այդ աշխատանքն ու արդյունքները փոքր-ինչ առարկայական եւ համալիր վերլուծության դեպքում, կարծում եմ, հնարավոր չէ չնկատել:

ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031