Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գաղտնիք-բանալին

Օգոստոս 23,2013 13:46

Ինձ միշտ վախեցրել է բառարանի լռությունը, ինչպես վախեցել եմ մենակ մնալ անձրեւի հետ: Այնինչ, անձրեւն անվերջ շարունակվում է, ինչպես որ կեսգիշերներին ինձ հալածում են բառարանի լռության մեջ ապրող բառերը:

Չգիտեմ, ես եմ կորցրել ստվերս, թե ստվերս` ինձ: Տագնապով նշմարում եմ միայն, որ հիմա կարծես միասին չենք: Ես գիտեմ, որ շարժումը զարթնեցնում է քնած ժամանակը, քանի որ ժամանակը խորը նիրհի մեջ է, քանի դեռ շարժում չկա: Չնայած որ անձրեւը միեւնույն է շարունակվում է: Եվ ինչպես որ բառը բառարանի լռության մեջ իր թվացյալ հաստատուն իմաստը ունի, իսկ երբ հայտնվում է այլ բառերի միջեւ նոր շեշտ եւ նոր իմաստ է ստանում, այդպես էլ ազգերն ու պետություններն են իրենց ներսում եւ այլոց հետ առնչությունների մեջ:

Այնինչ, կարծես թե կար ժամանակ, երբ մութի մեջ տեսնում էի սեփական ստվերս. հիմա լույսի մեջ կորցրել եմ ու նույնիսկ ինքս ինձ կարծես չեմ գտնում: Գուցե ճանապարհն է ինձ մոռացել եւ, տանելով ստվերս, ինձ թողել է ճամփին` կարծելով թե ինձ է տարել:…  Իսկ Ատլանտյան օվկիանոսի ջրերն այսօր էլ հստակ հիշում են վիկինգներին, Կոլոմբոսի նավերը, ինչպես լեռներում կորած լիճն է հիշում չվող ամպերին:

Եվ կեսգիշերային այս համատարած անձրեւի տակ ուզում եմ հիմա արթնացնել իմ հիշողությունը, որ իրենով լցնի օրերի դատարկությունը շարունակվող, եւ, սահման դնելով խոսքին ու լռությանը, մի դեպք պատմի իմ կյանքի մասին, որովհետեւ կարծես թե անդառնալիորեն կորցրել եմ ջրերի լեզուն եւ չժանգոտվող համը կողպե՞ի, որից այն կողմ գաղտնիքն է Մեծ` միակ փակ եւ քառասունինը բաց դռների:

Հուսահատ փորձելով վերադարձնել գաղտնիք-բանալին, որը կարծես թե ինձ խոստացված էր իմ ծննդյան օրվանից: Եվ պարզ է, անշուշտ, որ շնորհն ու ապաշնորհությունն իրար հետ հաշտ չեն, ինչպես լույսն ու ստվերը, ինչպես հաշտ չեն անանձնական եւ անձնական պատճառները: Ու երբ երկրի ճակատագրի շուրջ բանավեճեր են, շարունակ կորսվում է առարկան եւ քննվում միայն մոտիվները` նորից բաժանելով ստվեր ու մարմին` մոռանալով, սակայն, որ կորսվելիք առարկան Հայրենիքն ու պետությունն է՝ միակ ճակատագիրը մեր:

Այնինչ, պարզվում է, որ Հայրենիք տանող միակ ճանապարհը մեր մարմնի եւ մեր ստվերի միասնականությունն է, քանի որ Հայրենիքն այնտեղ է, ուր մարմինն ու ստվերը նույն հասցեն ունեն:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Spartak says:

    Հարգելի Տեր-Գուլանյան,էս մեր դժոխային կյանքի թոհուբոհը թողած, ընկել եք սենտիմենտալիզմի գիրկը:Զգում եմ, որ ինչ-որ բան եք ուզում ասել,բայց ծովերից և օվկիանոսներից այս կողմ չեք գալիս:Չասեք, թե գրածիդ խորքը չեմ հասկանում:Քավլիցի:Ո՞ւր է քո հրապարակախոսական հատու գրիչը:Մարդավարի մի բան գրի/գրում էիր, չէ՞/ , մատդ էլ օրվա զարկերակին դիր/դնում էիր, չէ՞/, զգա օրվա տնքոցը: Երիտասարդությունը դրսում է, տուն չի գնում, երիտասարդությունը պահանջատեր է դառնում, երիտասարդությունը ոչ մի կուսակցություն չի ընդունում, նրանց առողջ մտքի սլացքն ուղղորդող է պետք:Կարծում եմ ինձ ճիշտ եք հասկանում, իսկ ես Ձեզ՝ ավելի շատ:Մեկ-մեկ կարելի է:

  2. Սամվել Ա. says:

    Համաձայն եմ Սպարտակի հետ: Սպարտակը, հավանաբար, շատ համեստ ու զուսպ մարդ է ու չի ուզում ավելի քննադատական խւոսք ասել մեր ազգի, այսպես կոչված մտավորականության հասցեին, ընդհանրապես ու Տեր-Գուլանյանի՝ մասնավորապես: Բայց ես կասեմ: Նախ, որ մեր ազգը մտավորականություն չունի, քանզի մտածող մարդիկ ունեցող ազգը այսքան թշվառ չի լինի: Ոչ մի մարդ ազգի կառավարողներից կամ երևելիներից չգիտի, որ առաջնայինը նյութական արտադրությունն է, հետո նրա արդար բաժանումը ըստ թափած ջանքերի, հետո անվտանգությունն ու արդարադատությունը: Իսկ այս ամենին հասնելու համար նախ պետք է իրերն իրենց անուններով կոչելու քաջություն ունենալ, որը մեր ազգին հեչ բնորոշ չէ: Մնացածը աչքներիս առաջն է: Մենք կարող ենք ծնել Րաֆֆի Հովհաննիսյանի նման անգրագետ ռոմանտիկներ, որոնք բազմության առջև խոսելուց գաղափար չունեն, ու մի քանի թուլա հետևներից գցած, պապայի փողերը ջեբը, ուզում է պրոֆեսիոնալ բորենիներից իշխանություն խլել: Հայությունն էլ, քաղցած խառնամբոխի վերածված, վազում է իր հերթական կեղծ արևների արահետներով: Այս իրավիճակի պատասխանն ու նկարագիրը հազար տարի առաջ տվել է մեծն Ֆիրդուսին. «…իսկ թե հանկարծ պոետներն այդ նստեն գահին, իսկույն իրե՛նք կնմանվեն փադիշահին, Սրերն առած մարդկանց կանեն պատառ-պատառ, Զի թիկունքին տիրակալի միայն սո՛ւրն է կանգնում սատար, Չէ՞ որ հնոց իմաստությունն է հավաստում, Շահին մորթում են, կամ շա՛հն է մորթում:

  3. Ազգ says:

    Այս «գրողին» մի-միայն ողնաշարն է պակասում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031