Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էմիլ Կարատը փառատոն եւ «տուսովկա» է խոստանում

Օգոստոս 23,2013 13:35

Էմիլ Կարատը հայտնի է, որպես շոումեն, նաեւ մի շարք նախագծերի, այդ թվում՝  կինոյի, հեռուստատեսության, բեմականացված պարահանդեսների, դիմակահանդեսների, արարողակարգային եւ պաշտոնական միջոցառումների ռեժիսոր եւ վարող: Նա նաեւ սեպտեմբերի 23-29-ը կայանալիք «Երաժշտության շաբաթ՝ Երեւանում» բազմաժանր փառատոնի (ժողովրդական երգ, ռոք, դասական երաժշտություն, ջազ, էստրադա) համապրոդյուսերն ու ռեժիսորն է: 

«Առավոտը» Էմիլ Կարատից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ Երաժշտության շաբաթ եւ ինչո՞ւ տարբեր ժանրերի յուրատեսակ «կոկտեյլ»:

«Սեպտեմբերը Երեւանում մշակութայնորեն հագեցած է, իսկ փառատոնն իր ձեւաչափով այնպիսին է, որ յուրաքանչյուր օր առանձին ժանրով է ներկայանալու հանդիսատեսին: Անվանիներից բացի, ներակայացնելու ենք նաեւ երեւանցիներին քիչ հայտնի արտիստների արվեստը, մարդկանց, ովքեր այստեղ քիչ հայտնի են  հատկապես  այն ժանրերում, որոնք ավանդաբար հայ հանդիսականը սիրում  է: Գալահամերգի համար էլ հրավիրել ենք էստրադային ժանրի երգիչների: Ի դեպ,  գալահամերգը կայանալու է Ազատության հրապարակում: Համերգի գաղափարն այն է, որ ժամանակի այնպիսի «կտրվածքով»  կազմակերպենք փառատոնը, որ մարդիկ, գնելով աբոնեմենտ,   շատ հանդիսությունների մասնակցեն»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա հավելեց, որ փառատոնը յուրատեսակ նվեր է Երեւանին. «Վաղուց էի ուզում  նվեր անել իմ քաղաքին, կազմակերպել համերգ եւ հրավիրել այն արտիստներին, որոնք ժամանակին ի՛նձ են սովորեցրել: Այնպես որ, մի քիչ սուբյեկտիվորեն եմ մոտեցել մասնակիցների ընտրությանը՝ որպես ռեժիսոր ու միջոցառման կազմակերպիչ: Մյուս կողմից էլ՝ հրավիրել ենք արժանավոր մարդկանց, որոնք տարբեր ժանրերում այսօրվա  հայ երաժշտության դիմագիծն են, հեղինակություններ ու նաեւ շնորհալի  կատարողներ՝ Լեւոն Մալխասյան, Հյուսնունց,  Էռնա Յուզբաշյան, Սերգեյ Սմբատյան՝ Երիտասարդական նվագախմբի հետ, Մոսկվայից հրավիրել ենք դաշնակահարներ Վազգեն Վարդանյանին  եւ Իգոր Պոլտավցեւին, Մարիամ եւ Արմեն Մերաբովներին……Բոլոր այն երաժիշտները, ովքեր ընդունել են մեր հրավերը, այժմ հաճույքով  պատրաստվում են փառատոնին: Ի դեպ, մեր փառատոնը չունի «սեւ» ցուցակ, այն բաց է բոլոր արվեստագետների համար»:

Էմիլ Կարատին հարցրինք, ինչո՞ւ ավարտած լինելով հայկական կինոյի վարպետ Ներսես Հովհաննիսյանի  կուրսը՝ չգնաց  «մաքուր» կինոյի ճանապարհով: «Շատ եմ սիրում խոսել այն մասին, որ ես կինոռեժիսոր եմ մասնագիտությամբ եւ ինձ հաճելի է խոսել մի մարդու մասին, ով իմ ուսուցիչն է: Ներսես Հովհաննիսյանի հետ մեր շփումը այժմ էլ  շարունակվում է, նա  ապրում է Մոսկվայում, շատ ակտիվ է, անընդհատ կարծիք եմ հարցնում այս կամ այն հարցի վերաբերյալ, ինքը միշտ ասում է, որ կարդում է իմ մշակութային հոդվածները: Երջանիկ եմ, որ Ներսես Գեդեոնիչը կա՛ իմ կյանքում, իմ կենսագրության մեջ… Իսկ ինչո՞ւ կինոռեժիսուրայից այլ ոլորտ անցա: Այնպես ստացվեց, որ ես գնացի TV՝ երաժշտաժամանցային հաղորդումների բաժին ու համերգային ծրագրերի ու հանդիսությունների ռեժիսուրան դարձավ իմ հիմնական գործունեությունը, բայց ես շարունակում եմ մասնակցություն ունենալ տեսանյութերի, տեսահոլովակների ստեղծմանը եւ այն նախագծերում, որոնք ինքս եմ անում: Օգտվելով առիթից՝ Ներսես Հովհաննիսյանին ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ամենի համար, որ մեզ սովորեցրել է՝ թեթեւ, առանց պարտադրելու: Մինչեւ հիմա հաճույքով նայում ենք նրա ֆիլմերը, մեջբերումներ անում այդ ֆիլմերից»,- ասաց ռեժիսորը:

Բացի կոմերցիայից, ինչ ակնկալիքներ ունի «Երաժշտության շաբաթ՝ Երեւանում» փառատոնից: «Առայժմ մեր նախագիծը իրադարձային-մշակութային բնույթ ունի, գուցե հետագայում, երբ այն դառնա ավանդական, բոլորին հետաքրքիր լինի նաեւ կոմերցիոն տեսանկյունից:  Մեր նպատակն է՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում եւ Ազատության հրապարակում կայանալիք միջոցառումներին հաղորդակից դարձնել հնարավորինս մեծ թվով հանդիսատեսի եւ եթե հաջողվի, երաժշտության տոն ստեղծել»: Քանի որ անդրադարձ եղավ նվերներին,  Էմիլ Կարատի հետ խոսեցինք նաեւ հաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւային ամուսնության առիթով նրա արած նվերից: Կարատը սկանդալային հաղորդավարուհուն Երեւանի մոտակայքում խաղողի այգի է նվիրել: Օրիգինալ նվերի հեղինակն ասաց, որ այդկերպ ցանկացել է իր հայրենիքից մի մասնիկ նվիրել հաղորդավարուհուն: Իսկ ինչու հենց խաղողի այգի, որովհետեւ Կարատի ձեւակերպմամբ՝ խաղողը սրբազան պտուղ է: Տեղեկացանք, որ «Երաժշտության շաբաթ՝ Երեւանում» փառատոնի կազմակերպիչները ցանկություն ունեն սեպտեմբերի 6-ին  մի հանդիպում կազմակերպել բոլոր այն մարդկանց համար, ովքեր միմյանց հետաքրքիր են՝ արտիստներ, լրագրողներ, կազմակերպիչներ, գործընկերներ: Էմիլ Կարատի խոսքով, դա կլինի յուրատեսակ «տուսովկա»:

Հանդիպման ավարտին, իբրեւ էքսպրոմտ երեք ցանկություն, Էմիլ Կարատը հետեւյալը հայտնեց. «Ուզում եմ, որ  մեր փառատոնը հաջողություն ունենա: Երկրորդ ցանկությունս է, որ բոլոր արտիստները գոհ մնան կազմակերպիչներից եւ հանդիսականից: Ինչ վերաբերում է երրորդին,  թող բոլորը բոլորից գոհ մնան, որ միայն երաժշտության տոն չլինի, լինի  հոգու տոն բոլոր ոլորտներում……մարդիկ գոհ լինեն կառավարությունից, տաքսու վարորդներից, խանութի վաճառողից, որ դրական լիցքեր լինեն ողջ երկրում, Երեւանում, ամեն գյուղում»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031