Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Թոքմաջյանը իր քանդակների տեղադրվելու մոլուցքով չի տառապում

Օգոստոս 23,2013 13:26

Կանադական քանդակագործությունը աշխարհին հայտնի է ժանրային ու թեմատիկ բազմազանությամբ: Սա է պատճառը, որ երիտասարդ շատ քանդակագործներ ձգտում են դեպի Կանադա, որտեղ վաղուց նաեւ հայ քանդակագործներ են հիմնել իրենց արվեստանոցները: Մեզ հայտնի են Արտո Չակմակչյանն ու Գագիկ Ավագյանը: Կանադայում է ապրում ու ստեղծագործում նաեւ քանդակագործության մաեստրո Լեւոն Թոքմաջյանի որդին՝ Վահեն: 
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Վահե Թոքմաջյանն ասաց, որ 2005թ. իր մեկնումը Կանադա՝ պայմանավորված է եղել ստեղծագործական հնարավորությունների լայն դաշտով եւ այն պատճառով, որ Հայաստանում հիմնականում տարածված է մոնումենտալ, հուշարձանային քանդակագործությունը, ինչը նեղացնում է արվեստագետի թեմատիկ դաշտը, զրկում էքսպերիմենտներից ու փորձարարություններից: Հիշեցնելով, որ մինչ Կանադայում հաստատվելը քանդակագործը թեկուզեւ կարճ ժամանակահատված ստեղծագործել է նաեւ Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Կիպրոսում եւ այլուր, հետաքրքրվեցինք՝ այդ ի՞նչ «լայն դաշտ» է ստեղծագործելու համար Կանադայում, որ ընտրեց հենց այդ երկիրը: Մեր զրուցակիցն ասաց, որ այնտեղ ստեղծագործությունն ընդհանրապես դիտվում է որպես փորձարարական արվեստ, ինչը զարգացնում ու հարստացնում է արվեստագետի երեւակայությունը: Հավելեց նաեւ, որ երբ 2002թ. Հայաստանից մեկնել է մասնակցելու Կանադայում անցկացվող միջազգային սիմպոզիումին, Վերնոնի քաղաքապետարանի դիմաց տեղադրել են իր «Սեր» աշխատանքը եւ հենց այդ ժամանակից էլ միտք է հղացել հաստատվել այնտեղ: «Մշտապես աշխատել եմ հորս հետ, մասնակցել միջազգային սիմպոզիումների, աշխատանքներ տեղադրել ինչպես Հայաստանում, Արցախում, այնպես էլ դրսում, օրինակ՝ Ղրիմում՝ Այվազովսկի եղբայրներինը եւ այլն: Ամեն տեղ քանդակագործների շրջանում մի տեսակ մրցելու հիվանդություն կա: Մեծ մասն ուզում է անպայման իր գրեթե յուրաքանչյուր գործ տեղադրվի ինչ-որ տեղ: Ես այդպես չեմ մտածում: Ի վերջո, տեղադրելը հետեւանք է եւ ոչ նպատակ: Բայց գալիս է ժամանակ, երբ ինքդ քո ուղղությամբ ես ուզում գնալ, ուզում ես ինքնուրույն հարթել անհատական ստեղծագործական ճանապարհդ: Հայերս ունենք հիանալի քանդակագործության դպրոց ու ավանդույթներ: Ինչ վերաբերում է մեզանում տարածված հուշարձանային քանդակագործությանը, դա գալիս է մեր ժողովրդի կենցաղից, ավանդույթներից, ապրելաձեւից: Խնդրում եմ իմ խոսքերը սխալ չընկալվեն, իհարկե, աշխարհում էլ, երբ հուշարձան են կանգնեցնում, դա ողջունելի է: Օրինակ, վերջերս ԱՄՆ-ում բացվեց Մարտին Լյութեր Քինգի հուշարձանը, որը շատ հաջողված է, բայց դրան զուգահեռ՝ այլ գործեր էլ են տեղադրվում: Օրինակ, ես ողջունում եմ Երեւանում՝ Կասկադում տեղադրված արձանները, բայց նկատենք, որ դրանք «դրսի» աշխատանքներ են ու, հավանաբար, պատվիրված: Մերոնք էլ կարող են հիանալի գործեր ստեղծել»,- ասաց քանդակագործը: Մեր զրուցակիցը գուցե արդարացնելով իր՝ դրսում ստեղծագործելը, նշեց համաշխարհային անունների, որոնք բացահայտվել են այլ երկրներում: Օրինակ՝ հնդիկ Անիշ Կապուրին հայտնի դարձրեց Անգլիան, անգլիացի Թոնի Բրեյգին «հայտնաբերեց» Գերմանիան, կոլումբիացի Բոտերոն եւ լեհ Միտորայը ստեղծագործել են Իտալիայում, եւ այլն: Մեր զրուցակիցը, փաստելով, որ իր հորից կարելի է անվերջ սովորել, բերեց ծնունդով Ռումինիայից՝ Ֆրանսիայում անվանի դարձած Ռոդենի աշակերտ Բրանկուսի օրինակը. «Ուսանելով Ռոդենի մոտ, նա դարձավ դեկորատիվ քանդակագործության հիմնադիրներից մեկը: Բրանկուսն իր աշխատանքներում դուրս եկավ մարմնի սահմաններից, մինչդեռ Ռոդենը ամեն ինչ կապում էր մարմնի հետ եւ, որ ամենակարեւորն է, Բրանկուսն իր գործերով հաստատեց, որ անպայման չէ, որ շարժումը, ռիթմը ներկայացվի մարմնի միջոցով, դա կարելի է անել նույնիսկ երկրաչափական առարկաների միջոցով: Անհրաժեշտ է անվերջ սովորել, շփվել տարբեր մշակույթների հետ»: Ռեպլիկին՝ ինչի՞ է հասել Կանադայում ութ տարիների ընթացքում, Վահե Թոքմաջյանը պատասխանեց. «Ապրելով Քալգըրիում, արժանացել եմ քաղաքապետարանի ամենամյա մրցանակին, որ տրվում է այն էմիգրանտ արվեստագետներին, որոնց արվեստը ճանաչվում ու գնահատվում է երկրի կողմից: Իմ մի քանի աշխատանքներ տեղադրված են քաղաքում, դասավանդում եմ Քալգըրիի համալսարանում: Հաճախ եմ ճամփորդում՝ այլ մշակույթների հետ շփվելու նպատակով: Կարճ ասած՝ մշտապես ստեղծագործական փնտրտուքի մեջ եմ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031