2014 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած Վայոց Ձորի մարզի տարրական դասարանների աշակերտները դասարաններում ստանալու են միանվագ սնունդ` 200մլ կաթ, կամ մածուն, կամ հյութ, կամ կակաո, կամ էլ` յոգուրտ եւ 50 գրամ քաղցրավենիք: Այս համայնքից եւ եկող տարվանից մեկնարկում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը:
Այս սնունդը, ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հաշվարկած է օրական անհրաժեշտ կալորիականության չափանիշներով, սնունդը հարուստ է լինելու հանքային նյութերով, ածխաջրերով, ճարպերով. մի խոսքով այն ամենով ու այնպիսի քանակով, որքանի որ պահանջ ունի տարրական դասարանի երեխան:
Պարոն Աշոտյանի վստահեցմամբ` ծրագիրը կրթության որակի վրա ազդող գործոն է, որովհետև ճիշտ սնված երեխան, նախևառաջ, ավելի ընկալունակ է կրթական գործընթացում, այսինքն` հանքային նյութերով սնված երեխան ավելի լավ կդիմակայի ուսման ծանրաբեռնվածությանը:
«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրով, ինչպես ասաց նախարարը, առողջապահական խնդիրներ էլ են լուծվում, այն նաեւ աղքատության դեմ պայքարի միջոցներից մեկն է, եւ գյուղատնտեսության զարգացումն է խթանելու. «Որովհետեւ դպրոցական սննդի մատակարման մեջ շատ մեծ դեր են կատարելու տեղական արտադրության գյուղմթերքները եւ գյուղացիների ապրանքները սպառելու համար ավելի լավ պայմաններ են լինելու»:
Կարդացեք նաև
Ըստ պարոն Աշոտյանի, ծրագրում մասնակցություն է ունենալու նաեւ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպությունը, ծրագիրը միջազգային դոնորների, համայնքների եւ ծնողների հետ համագործակցության հնարավորություն է տալու: Այսինքն, ցանկության դեպքում կայուն դպրոցական սննդին» կարող են աջակցել ծնողները միջազգային դոնորներն ու համայնքները:
Ծրագիրը նախատեսված է տարրական դասարանների համար, եւ ինչպես նախարարն ասաց` հաշվարկային միավորը,որին պետք է հասնեն, շուրջ 140-150 հազար երեխաներ են: Վայոց Ձորից հետո ծրագիրը գործելու է Արարատի եւ Սյունիք մարզերում, իսկ մինչեւ 2021 թվականը ամբողջ հանրապետությունում:
Նախարարի խոսքերով`«Վերականգնում ենք խորհրդային կրթական համակարգի ավանդույթը` միջազգային նորագույն փորձի վրա խարսխվելով»:
Ծրագրի պատասխանատուն կրթության եւ գիտության նախարարության ծրագրերի իրականացման գործակալությունն է լինելու:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Արհեստական բաղադրության հյութերի փոխարեն կառաջարկեի ցուցակում ընդգրկել օրական մեկ խնձոր: Աճող սերնդին վիտամիններ են պետք: