Լրահոս
Օրվա լրահոսը

Ռետրո. «Մարտնչող մատերիալիստի» հետնորդները

Օգոստոս 23,2013 13:20

Դուք, իհարկե, հիշում եք, թե ով էր «մարտնչող մատերիալիզմի» ջատագովը։ Պարոն Ուլյանովը գտնում էր, որ քիչ է, բավարար չէ կողմնակից լինել այս կամ այն գաղափարական հոսանքին եւ փորձել ապացուցել նրա ճշմարտացիությունը։ Անհրաժեշտ է «մարտնչել»։ Դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Եվ բոլշեւիկները մարտնչեցին, ոչ միայն ֆիզիկապես կոտորելով գաղափարական հակառակորդներին, այլեւ մի քանի սերնդի մեջ մտցնելով այն գաղափարը, թե առանց ներքին թշնամու դեմ մարտնչելու ոչ մի բան չի ստացվի։

Սա է պատճառը, որ ժամանակներն ու գաղափարները փոխվում են, սակայն ուժի մեջ է մնում լենինյան մակդիրը։ Օրինակ, լճացման տարիներին, խորհրդային կայսրությունը այնպիսի խանդավառությամբ էր պայքարում խաղաղության համար, որ պատրաստ էր ոչնչացնել ամբողջ երկրագունդը։ Ժամանակակից Հայաստանի քաղաքական կյանքում պրոլետարիատի առաջնորդի թոռներն ու ծոռները շարունակում են նրա գործը։ 88-ին մարտնչող

ՀՀՇ-ականները ջարդեցին կոմունիստ Հրանտ Ոսկանյանի գլուխը, 95-ին մարտնչող հակաՀՀՇ-ականները (որտեղ կային, անշուշտ, նույն մարդիկ) այրեցին հանրապետության նախագահի խրտվիլակը։

Եվ ահա, Լենինից մոտ մեկ դար հետո, նախկին մարտնչող ՀՀՇ-ական Արշակ Սադոյանը առաջարկում է մի նոր եզրույթ՝ «մարտնչող ժողովրդավարություն» («Շրջան», թիվ 30)։ Սխեման մնում է նույնը, միայն թե «ժողովրդավարություն» բառը ինքնին հակասական է դարձնում հասկացողությունը։ Այսինքն, ի՞նչ է պետք անել այն մարդկանց հետ, որոնք ժողովրդավար լինելու բախտ չունեն. ուղարկել համակենտրոնացման ճամբարնե՞ր, գնդակահարե՞լ, կախե՞լ։ Ի՞նչ անել «ոչ ժողովրդավարական» գրքերի եւ հոդվածների հետ՝ հրապարակավ այրե՞լ խարույկի մեջ։ Եվ այդ ամենը հանուն ժողովրդավարությա՞ն։ Այդ դեպքում ես առաջարկում եմ եւս մի քանի հասկացություն. «մարտնչող հանդուրժողականություն», «մարտնչող փոխզիջումներ», «մարտնչող երկխոսություն», եւ, վերջապես… «սպիտակ նեգր»։

20-րդ դարի սկզբին (եւ որոշ չափով՝ նաեւ 88-90 թվականներին) մեզանում ընդունված էր մարտնչող ազգայնականությունը. «Ախ, դու ինձ պես չե՞ս մտածում։ Ուրեմն, դու թուրք ես, ապազգային ես, հուդամասոն ես, դավաճան ես եւ այլն»։ Վերջին շրջանում Հայաստանում տարածում գտավ մարտնչող հակաազգայնականությունը (այդ թվում նաեւ՝ մեր թերթի էջերում), ըստ որի մենք այնքան բութ, այնքան սահմանափակ, այնքան գավառական ազգ ենք, որ ընդհանրապես խոսելու տեղ չունենք։ Չնայած այդ ծայրահեղությունը մատուցվում է լիբերալ-ժողովրդավարական համեմունքներով, մեծ առաջնորդի մարտնչող մորուքը, այնուամենայնիվ, այստեղ էլ է երեւում։

…Այն ժամանակ, երբ մենք կհասկանանք, որ մարտնչել պետք է միայն արտաքին թշնամու դեմ, որը զավթել է կամ փորձում է զավթել քո հողը, իսկ ներքին կյանքում անհրաժեշտ է ամեն ինչ անել՝ իրար հասկանալու համար, այդ ժամանակ հնարավոր կլինի խորը շունչ քաշել եւ ասել. «Սկսվել է նոր դարաշրջան»։

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

27.10.1995թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031