Փաստաբանների պալատի անդամ եւ ՓՊ նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանն այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում ներկայացնում էր իր թեկնածությունն առաջադրելու հիմնական շարժառիթները: Հայաստանի փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները, որոնք տեղի են ունենալու արդեն 3-րդ անգամ՝ կլինեն սեպտեմբերի 14-ին:
Տիգրան Աթանեսյանը հայտարարում է, որ սա առաջին անգամն է, երբ կլինեն իրական մրցակցային ընտրություններ:
Պարոն Աթանեսյանն ասում է, որ առաջադրվելու մի քանի շարժառիթներ ունի, որոնցից հիմնականը համարում է պալատում իրականացվող «ժառանգ» օպերացիան եւ կազմակերպված բեմականացումները: Տիգրան Աթանեսյանի խոսքերով՝ պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը հայտարարել է, թե ինքը աջակցելու է իր տեղակալ՝ նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանին: Տիգրան Աթանեսյանը վստահաբար ասում է, որ Արա Զոհրաբյանն էլ հենց կարող է դառնալ պալատի հաջորդ նախագահը, չնայած նրան, որ բացի իրենից՝ կա եւս 3 թեկնածու: «Իհարկե իմ առաջադրվելու համար այս օպերացիան լուրջ շարժառիթ չէր լինի, եթե պալատի գործունեության մեջ չլինեին բազմաթիվ բացասական գործողություններ»,- ասաց պարոն Աթանեսյանը:
Նա հայտնեց, որ պալատը որեւէ կերպ չի աջակցում փաստաբաններին: Նշեց մի քանի խնդրահարույց դեպքեր, որոնց ընթացքում պալատը լուռ էր եւ որեւէ արձագանք չէր տալիս. «Պալատը որեւէ կերպ չաջակցեց վերջերս տեղի ունեցած գործադուլին, հակառակը, ոչ հրապարակայնորեն՝ ներսից, միջոցներ ձեռնարկվեցին այդ գործադուլը տապալելու համար: Այսինքն` պալատն ամբողջությամբ դարձել է իշխանության որոշ մարմինների կցորդ»: Նրա կարծիքով, ամեն դեպքում, փաստաբանների պալատը պետք է լինի փաստաբանի կողքին:
Կարդացեք նաև
Տիգրան Աթանեսյանը նշեց նաեւ այլ խնդիրներ. «Ներսի խնդիրներ են, բայց քանի որ սա քարոզչություն է, ապա ժամանակն է դրանք բարձրաձայնելու»:
Պարոն Աթանեսյանը հայտարարեց, որ պալատի ֆինանսական գործունեությունը թափանցիկ չէ. «Մենք չենք հասկանում՝ ինչ միջոցներ ունի պալատը, ինչպես են դրանք ձեւավորվում եւ ինչ նպատակներով են ծախսվում: Բացարձակ պարզ չէ՝ ինչ միջոցներ ունի փաստաբանական դպրոցը, աուդիտ չի անցկացվում, հարկային ստուգումներ չեն անցկացվում: Իմ կարծիքով դա է հիմնական պատճառն այս «ժառանգ» օպերացիան անցկացնելու համար»:
Փաստաբանի խոսքերով, պալատը չունի միջազգային համագործակցություն: Գոյություն ունեցող փաստաբանական միջազգային կազմակերպություններում հարեւան Վրաստանը եւ Ադրբեջանը անդամակցում են, իսկ Հայաստանը ոչ մի տեղ չկա գրանցված:
Նա նաեւ բարձրաձայնեց այլ խնդիրների մասին. «Պալատը որեւէ կերպ չի օժանդակում երիտասարդ փաստաբաններին, ոչ մի ծրագիր այդ ուղղությամբ չկա: Տալիս են արտոնագիր եւ թողնում, որ նա ինքնուրույն ծավալի իր գործունեությունը: Պարզ չէ, թե ինչպես է աշխատում հանրային պաշտպանի գրասենյակը: Մարզերում գրեթե հանրային պաշտպաններ չկան»:
Պարոն Աթանեսյանի խոսքերով սա առաջին անգամն է, երբ փաստաբանների պալատի նախագահի նախընտրական քարոզչությունը իրականացվում է հրապարակայնորեն:
Նա հայտարարեց, որ փաստաբանները Հայաստանում չունեն արտահայտվելու հարթակ. «Եթե պալատն ամբողջությամբ ճիշտ լիներ, քարոզչությունը տեղի կունենար փաստաբանների միջեւ: Սակայն մենք չունենք հարթակ, որտեղ փաստաբանները կկարողանան շփվել միմյանց հետ: Անգամ մեր պալատի կայքը այս դարում նման է մի աֆիշայի: Չկա տեղ, որտեղ մենք ունենանք մասնագիտական քննարկումներ եւ իրականացնենք քարոզչություն»:
Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ