Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պուտինի այցերն ու Իլհամի այծերը

Օգոստոս 23,2013 12:25

Երբ կատաղած ու բորբոքված մեկը գլխից դուրս բաներ է դուրս տալիս, էդ մարդու մասին ժողովուրդն ասում է. «Էծերն էկել են»:

Չնայած Իլհամ Ալիևի նախնիները Սիսիանից են, չեմ կարծում, որ կրտսեր Ալիևը լսած լինի մեր ժողովրդի էդ խոսքը:

Այդուհանդերձ, ի տարբերություն ավագ Ալիևի, կրտսերի էծերը հաճախ են հայտնվում, և հենց հայտնվում են, երիտասարդ Ալիևն անմիջապես հիշում է, որ Ադրբեջանի երկու երրորդը գրավված է Ղարաբաղի և Հայաստանի կողմից: Հատկապես իր հերթական նախագահական ընտրությունից առաջ է հիշում և հերթական անգամ հիշելով` սկսում է պատերազմական ու ռազմական թեմաներով հոխորտալ ու հաթաթաներ տալ, և երբ նույն էդ թեմաներով համարժեք պատասխաններ է ստանում մերոնցից, որոշ ժամանակ լռում ու հետո նորից սկսում է պատերազմական նույն երգը քոքել:

Մենք, իհարկե, սիրում ենք Ալիևի պատերազմական ու ռազմաշունչ հոխորտանքներին համարժեք պատասխաններ տալ, բայց, այդուհանդերձ, մենք առավել նախընտրում ենք ուշիուշով հետևել, նկատել և հրապարակայնորեն բարձրաձայնել Ադրբեջանի և անձամբ Իլհամ Ալիևի անհաջողությունները` մանավանդ արտաքին քաղաքականության ոլորտում: Եվ հատկապես Պուտինի Բաքու այցելությունից հետո ենք ահագին ոգևորված, և առավել ոգեորված ենք էն հանգամանքից, որ Իլհամ Հեյդարովիչը ռուս բարձրաստիճան մեկի անունը տալիս` իբր պատահաբար «սիկ» է ասել, և երիցս ոգևորված ենք, որ կրտսեր Ալիևը չի բարեհաճել անձամբ ներկայանալ օդանավակայան` Պուտինին դիմավորելու:

Եվ էդ ամենից ոգևորվում ենք` հաշվելով ու հաշվի առնելով, որ էդ ամենը չափազանց բացասական հետևանքներ կունենա Ադրբեջանի ու անձամբ Իլհամ Ալիևի համար, և մեր իսկ ոգևորությունից ոգեշնչված` չենք էլ մտածում ու ենթադրում, որ ինքը` կրտսեր Ալիևն էլ հաշվել ու հաշվարկել գիտի:

Եվ մեր ոգևորությունը գագաթնակետին է հասնում` երբ Պուտինը հայտարարում է, որ Ղարաբաղի հարցը քաղաքական ճանապարհով պիտի լուծվի, կարծես թե` սպասելի էր, որ Պուտինը Բաքվում հայտարարեր թե` Ղարաբաղի հարցը պատերազմի ճանապարհով պիտի լուծվի: Եվ մենք, որ միշտ քամահրանքով ենք վերաբերվում Մինսկի խմբի հայտարարություններին առ այն, որ Ղարաբաղի հարցը միայն քաղաքական ճանապարհով պիտի լուծվի, Պուտինի նույնաբովանդակ հայտարարությունից ահա էսպես ոգևորվում ու հուսավառվում ենք: Եվ, ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանն էլ է էս ամենը մեր ու իր հաջողությունը և Ալիևի ու ադրբեջանցիների անհաջողությունը համարում, ու երևի նաև էդ է պատճառը, որ ինքը Ծաղկաձորում հայտարարում է թե` Հայաստանի համար նախընտրելի է, որ Ալիևը մնա ու շարունակի Ադրբեջանի նախագահ աշխատել:

Այդուհանդերձ, Սերժ Սարգսյանն Ալիևի նախագահ վերընտրվելու գծով այլ շահագրգռություններ էլ ունի, և դրանցից ամենակարևորն այն է, որ երկուսով էլ մնան իրենց պաշտոններին և շարունակեն Ղարաբաղի հարցը քաղաքական ճանապարհով լուծել:

 ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գրիգոր says:

    անկապ, անիմաստ հոդված

  2. Լևոն Մելքումյան says:

    Տեսնես, որ էս Ոսկան Երեվանցին չգրի, աշխարհում մի բան կփոխվի՞

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031