Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանն`ընդդեմ ՀՀՇ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի

Օգոստոս 23,2013 12:14

«Այդպիսի հռչակագրի ընդունումն արդեն ինքնին անկախության գործողություն էր, որին, ինչպես ցույց տվեց կյանքը, դեռեւս պատրաստ չէին Հայաստանի Գերագույն խորհրդի եւ ղեկավարության, եւ անդամների հիմնական մասը»,- այսօր «Հայացք» ակումբում, Հայաստանի անկախության հռչակագրի 23-րդ տարեդարձի օրը, կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Հիշեցնենք, որ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը միաձայն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը:

Այսօր Հայրիկյանն արձանագրում է, որ Հայաստանի իշխանությունը հետեւողական չեղավ իր իսկ ընդունած փաստաթղթի դրույթների իրականացմանը, հատկապես Արցախին եւ Հայաստանի ժողովրդավարությանը վերաբերվող դրույթներին:

Ասուլիսում Հայրիկյանը մանրամասն ներկայացրեց այդ օրերին իր անձի շուրջ զարգացած իրադարձությունները`նկատելով, որ այդ տարիներին Հայաստանի ԳԽ-ի պատգամավոր հեռակա ընտրվելը հերոսական բան էր, քանի որ անհրաժեշտ պայման էր Սովետական միության քաղաքացի լինելը, մինչդեռ ինքը ՍՍՀՄ քաղաքացի չէր:

«Հայ մարդիկ Հայաստանում կարողացան ԿԸՀ-ին ստիպել`ինձ գրանցել եւ ես ամենաբարձր տոկոսը ստացա»,- հիշում է Հայրիկյանը`հավելելով, որ պատգամավորի թեկնածուն ըստ օրենքի անձեռնմխելի է ու ինքն անմիջապես պետք է Հայաստան վերադառնար, բայց Մոսկվան չէր ցանկանում այդ թույլտվությունը տալ, իսկ Հայաստանի իշխանություններ նույնպես չէին կամենում. «Նրանք շատ լավ հասկանում էին, որ այդ ժամանակ անկախության պայքարի առաջնորդը, ինքնորոշման սկզբունքի առաջամարտիկը կարող էր հիմնական դերակատարում ստանալ: Եվ քանի որ այդ փուլում էլ ԿԳԲ-ն վերահսկում էր հայկական «քաղաքական կյանքը», նրանք ամեն բան արեցին, որ ես վերադառնամ պատգամավոր ընտրվելուց վեց ամիս անց: Այսինքն, երբ արդեն իշխանություններ էին ձեւավորված, երբ իրենք իրենց դեմոկրատ էին հռչակել, իսկ իմ առաջարկները ներկայացվում էին ոչ թե ազգի համար կարեւորագույն քայլ, այլ որպես Հայրիկյանի իշխանատենչություն»:

Հայրիկյանն ասում է, որ ՀՀՇ-ական իշխանությունների այդ օրերի վարած քաղաքականությունը հանգեցրել է այսօրվա շատ փակուղային վիճակների, մասնավորաբար, Արցախի հարցում, նաեւ բանակի ձեւավորման ու Հայաստանի ժողովրդավարացման: «Դա դավաճանություն էր Անկախության հռչակագրի նկատմամբ`Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ իր թիմակիցների կողմից: Հռչակագրի մեջ գրած էր`հավատարիմ մնալ 1918 թվականին մեր պապերի կողմից ամրագրված ժողովրդավարական ավանդույթներին եւ զարգացնել դրանք, բայց երբ եկավ այդ սկզբունքը կյանքի կոչելու պահը, այդ մարդիկ իրենց քմահաճույքներով առաջնորդվեցին: Լեւոն Տեր-Պետրոսյաննն ու իր թիմակիցները Հայաստանին պարտադրեցին մի կատարյալ խուժանություն: Այդ Սահմանադրությունը այլանդակության մարմնացումն էր»:

Հայրիկյանը նաեւ ամենայն մանրամասնությամբ նկարագրեց, թե իրենից որքան ջանք հետո պահանջվեց սահմանադրական բարեփոխումներ կատարելու համար: ՀՀՇ-ական իշխանության նման մոտեցումն, ըստ Հայրիկյանի, այն էր, որ դա իրենց էությունը չէր ու անկախությունը չէր բխում նրանց մոտեցումներից:

«Մենք օդն արժեւորում ե՞նք, որ շնչում ենք: Ոչ ոք դրա մասին չի խոսում: Բայց երբ այն պակասի`բոլորը կխոսեն: Նույնն էլ անկախությունը. Քանի կա, բոլորը համարում են սովորական մի բան, հենց պակասի`կհասկանան»,- ըստ Պարույր Հայրիկյանի, այսպիսին է այսօրվա մեր վերաբերմունքը անկախության նկատմամբ: Այնուամենայնիվ, Անկախության հռչակագիրն, ըստ բանախոսի, կարեւորագույն փաստաթուղթ էր, որովհետեւ իրավաբանորեն ամրագրվեց Հայաստանի անկախության հռչակումը, պետականության վերականգնման գաղափարը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նորայր says:

    Պ-րն Հայրիկյան եթե ուզում եք արժևորել ձեր անձը և կամ կարևորել ձեր անիմաստ գոյությունը՝ մի արեք դա այլ քաղաքական գործիչներին վատաբանելու գնով, դա կարող է շատ վատ անդրադառնալ ձեր՝ արդեն կորցրած արժանապատվության և սիրամարգերին բնորոշ ինքնասիրահարված կերպարի վրա: Վերջերս ձեր՝ էպիտետի ձեռքբերումը այս պարտքերի մեջ թաղված բյուջեի վրա նստեց մի կլորիկ գումար,բարի բուժում կամ վայելում,դեմ չենք,բայց բավական է, այպանեք այն իշխանություններին որոնք ձեզ վստահեցին և սխալվեցին,Դուք եղել եք քաղբանտարկյալ,բայց դուք քաղաքական գործիչ չեք: Ձեր այս մեջ, որոնք դուք անվանում եք քաղաքական՝ մենք տեսնում ենք միայն տնտեսականը, դուք խեղաթյուրելով պատմական մի կարևոր էպոխա վիրավորում եք մարդկանց, որոնք կայացրել են երկիրը,ինչպես եք համարձակվում դուք՛ ձեր ճղճիմ ու տափակ էությամբ փորձ անել աղտոտելու երկրի կայացմանը մեծապես նպաստած անձանց : Դա ձեզ և ձեր պատվիրատուներին չի հաջողվի, քանի-որ մեր ժողովուրդը արդեն լավ գիտի ձեզ և ձեր տերերին:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031