Վերջերս Մայր թատրոնը հյուրախաղեր է ունեցել Բաթումում, ինչ մասին այսօր «Ֆորում» ակումբում պատմեցին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Շողեր Գրիգորյանը եւ թատրոնի մամուլի պատասխանատու Վահե Մովսիսյանը:
Թատրոնը երկու ներկայացմամբ (Բ. Բրեխտի «Կովկասի կավճե շրջանը» եւ Պ. Զեյթունցյանի «Հարյուր տարի անց»), հանդես է եկել Բաթումում, եւ Վահե Մովսիսյանի խոսքով, հանգիստը զուգակցել են գործով, շուրջ քառասուն դերասաններով առաջին անգամ եղել այդ ծովափնյա քաղաքում. «Անգամ խորհրդային տարիներին, երբ հյուրախաղերը հնարավոր էին, Մայր թատրոնը չի մեկնել հյուրախաղերի այդ քաղաք»:
«Երեք-չորս անգամ ներկայացումը ընդմիջվեց հանդիսատեսի ծափերով, այնքան նրբանկատ հանդիսատես էր… Շատ հաճելի էր, որ հայրենիքից հեռու, բայց արմատներին մոտ գտնվելով՝ ծագումով հայ հանդիսատեսը ջերմ ընդունեց «Հարյուր տարի անց» ներկայացումը»,- նշեց թատրոնի մամուլի պատասխանատուն:
Նրա ասելով, երկու ներկայացմանն էլ ներկա է եղել ՀՀ հյուպատոս՝ Արմեն Գեւորգյանը, նաեւ հոգեւոր հովիվը՝ իր մի քանի ամսական երեխայի հետ:
Կարդացեք նաև
Շողեր Գրիգորյանն էլ հավելեց. «Ինձ մոտ տպավորություն է, որ հայապահպան գործի մասնակից եմ եղել, հուզիչ էր, թե ինչ մոտեցում ցուցաբերեցին վիրահայերը: Երազում եմ, որ նման հյուրախաղեր էլի լինեն, որոնք մարդկանց կհիշեցնեն, որ իրենք հայ են»: Նա տպավորված էր, որովհետեւ իր առաջին հյուրախաղն էր թատրոնի հետ:
ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, որ հանգստանում էր Վրաստանում, այդ օրերին միացել է սունդուկյանցիներին:
«Հարյուր տարի անց»-ում Ջեմալ փաշա խաղացող լուսահոգի Ազատ Գասպարյանին փոխարինել է Տիգրան Գասպարյանը: Հանդիսատեսների մեջ է եղել նաեւ Ջեմալ փաշային սպանած Արտաշես Գեւորգյանի թոռը՝ Արմենը:
Aravot-ը սունդուկյանցիներից հետաքրքրվեց՝ չե՞ն կարծում, որ հայկական համայնքների համար խաղալով ցեղասպանության ճանաչման թեման առանձնապես չի հանրայնացվում, գուցե օտարներին արժեր կինոյի եւ թատրոնի միջոցով նյութը մատչելի ներկայացնել եւ հասու դարձնել թեմային: «Մեզ այլեւս պետք չէ մխիթարվել, մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ գնալ: Յուրաքանչյուր մարդ իր գործը պետք է անի որպես պրոֆեսիոնալ: Մշակութային քարոզարշավը շատ մեծ բան է, մեծ ծախսերի հետ կապված, հետո ես այլ կերպ եմ տեսնում հայկական հարցի լուծումը»,-ասաց Վահե Մովսիսյանը:
Նշենք, որ սեպտեմբերի 14-ին Մայր թատրոնի թատերաշրջանի բացումն է, թե ինչ ներկայացմամբ կբացվի, դեռ հստակեցվում է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ