Հատված քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԻ հարցազրույցից:
-Կրեմլի «խոսափողի» համարում ունեցող փորձագետներից մեկը՝ Մոդեստ Կոլերովը, անդրադառնալով Հայաստանի «եվրաասոցացման» քաղաքականությանը, ասել է՝ Ռուսաստանը տնտեսական եւ քաղաքական պատժամիջոցներ չի կիրառի մեր նկատմամբ, կսպասի մինչեւ Հայաստանն ավարտին կհասցնի եվրաինտեգրման գործընթացը եւ սեփական կաշվի վրա կզգա դրա «հմայքները»։ Միաժամանակ համոզմունք է հայտնել, որ մոտ ժամանակներս Հայաստանից Ռուսաստան մեկնողների թիվը կավելանա։ Սա հերթական «կարմիր քարտ» չէ՞՝ ուղղված հայկական կողմին։
-Ընդհանրապես աշխարհում եւ տարածաշրջանում իրադրությունը այնքան արագ է փոխվում, որ մի շաբաթ, երկու ամիս առաջ արված ցանկացած մեկնաբանություն, վերլուծություն կամ կանխատեսում վաղը կարող է չհամապատասխանել օբյեկտիվ իրականությանը։
Երկրորդ՝ յուրաքանչյուր փորձագետ, լինի Կոլերովը, Զատուլինը, թե հայաստանյան փորձագիտական հանրության որեւէ ներկայացուցիչ, ունի որոշակի տեղեկատվական սահմանափակումներ եւ իր մեկնաբանությունները, վերլուծությունները իրականացնում է այն տեղեկատվության շրջանակներում, որին տիրապետում է։
Երրորդ՝ ցանկացած փորձագետ ներկայացնում է իր կարծիքն այս կամ այն իրադարձության մասին՝ ելնելով իրավիճակի աշխարհայացքային իր ընկալումներից։ Դուք լրագրող եք եւ լավ գիտեք, որ փաստերը նույնն են, մեկնաբանությունները՝ տարբեր։ Մենք գործում ենք այս երեք սահմանափակումների շրջանակներում։
Ինչ վերաբերում է ռուսաստանցի փորձագետներին, նրանք, իհարկե, պետք է պաշտպանեն այն մոտեցումները, որոնք այսօր այս կամ այն ձեւով արտացոլված են պաշտոնական դիրքորոշման մեջ։ Այլ բան է, որ Ռուսաստանի պաշտոնական շրջանակների մի մասն ունի ավելի ադրբեջանամետ, մյուս մասը՝ ավելի հայամետ դիրքորոշում։ Բայց նրանք բոլորը միանշանակ ռուսամետ քաղաքականություն են վարում, եւ ըստ որում՝ ռուսական շահերի պաշտպանությունը տեսնում են համապատասխանաբար Ադրբեջանի կամ Հայաստանի հետ ավելի խոր համագործակցության դաշտում՝ բնականաբար պահպանելով հավասարակշռությունը կողմերի միջեւ։
Այս առումով, չեմ կարծում, թե Կոլերովը արտահայտում է Ռուսաստանի պաշտոնական տեսակետը, կամ նրա ասածները պետք է ընդունել որպես վերին ատյանի ճշմարտություն։
-Այդուհանդերձ Ռուսաստանից եկող բացասական մեսիջները չե՞ն վկայում լուրջ դժգոհության մասին։
Կարդացեք նաև
-Փորձենք հասկանալ այն ազդակները, որ ներկայացվում են որպես բացասական մեսիջներ Ռուսաստանի կողմից՝ ուղղված Հայաստանին։
Առաջինը ռուսական զենքի վաճառքն է Ադրբեջանին։ Մենք այդ նույն զենքը չե՞նք ստանում Ռուսաստանից։ Ստանո՛ւմ ենք։ Այստեղ, մի կողմից՝ գործ ունենք Ռուսաստանի բիզնես-շահերի հետ, մյուս կողմից՝ հասկանալի է, որ զենքի վաճառքը, բացի նրանից, որ բիզնես-գործարք է, պարունակում է նաեւ որոշակի քաղաքական բաղադրիչ, որն առկա է նաեւ հայ-ռուսական հարաբերություններում. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եւ արտոնյալ պայմաններով զենք է ներկրում Ռուսաստանից։ Այսինքն՝ բալանսը այս դեպքում էլ պահպանվում է։
Հաջորդ «բացասական մեսիջը», որի մասին խոսվում է, գազի թանկացումն է։ Հարց եմ տալիս՝ ինչքա՞ն կարող էր Ռուսաստանը հետաձգել գազի գնի բարձրացումը, երբ հայտնի էր, որ վաղ թե ուշ դա լինելու է։ Ու բոլորը հասկանում էին, որ լինելու է էլեկտորալ ցիկլից հետո։
Ռուսաստանի ներքին շուկայում գազի գինը բարձրացե՞լ է։ Բարձրացե՛լ է։ Եվ այն, որ Հայաստանի նկատմամբ տարիներ շարունակ եղել է այն ընկալումը, որ կարելի է մի քիչ էլ «ձգել», համագործակցության դրսեւորում է՝ կարծում եմ, պետք չէ բացատրել։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց Աշխարհ» թերթի այսօրվա համարում