Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական գառնուկների լռությունը

Օգոստոս 23,2013 11:31
kapik

Նոյեմբերին Հայաստանը պիտի կայացնի իր անկախության 22 տարիների թերեւս կարեւորագույն որոշումը։ Իսկ հիմնական քաղաքական ուժերն ընդհատակ են անցել ու ձայն-ծպտուն չեն հանում։ Նույնիսկ ՀՀԿ-ում «շունը տիրոջը չի ճանաչում»՝ մեկն ասում է, որ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը փայլուն հաջողություն է, մի ուրիշն ասում է, որ կարեւորն անվտանգությունն է (այսինքն՝ չարժե բարկացնել Ռուսաստանին), մի խոսքով՝ միասնական կարծիք չկա։

Լավ, իսկ ինչո՞ւ են լռում քաղաքական ուժերը։ Որովհետեւ հստակ կարծիք արտահայտել՝ նշանակում է բարկացնել կամ Ռուսաստանին, կամ Արեւմուտքին։ Բայց սա միակ պատճառը չէ։ Բանն այն է, որ խնդրի էությունը բոլորն էլ հասկանում են. Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը կարող է բացասաբար անդրադառնալ դարաբաղյան հարցում Ռուսաստանի դիրքորոշման վրա, այսինքն՝ ռուսները մեզ կնեղեն, «ներքին գներով» զենք չեն վաճառի, կօգնեն Ադրբեջանին եւ այլն։ Պարզ ասած՝ խնդիրն այն է, որ Հայաստանը հարեւանների հետ թշնամական հարաբերությունների մեջ է։ Ու քանի դեռ դա այդպես է՝ մենք իրականում ընտրության հնարավորություն չունենք, Եվրամիություն-Եվրասիական միություն երկընտրանքը կեղծ է։ Դա նույնն է, թե գաստրիտով հիվանդին առաջարկես ընտրություն կատարել խոզի չալաղաջի եւ կծու սոուսի մեջ տապակած հավի միջեւ։ Ի՞նչ ընտրության մասին է խոսքը, եթե երկու դեպքում էլ հետեւանքները ծանր են լինելու, մի՞թե պարզ չէ, որ սկզբում պետք է գաստրիտը բուժել, եւ միայն դրանից հետո ընտրությունն իմաստ կունենա։ Պարզ ասած՝ քանի դեռ Հայաստանը հարեւանների հետ հարաբերությունները չի կարգավորել, ինչ ընտրություն էլ կատարի՝ հետեւանքները ծանր են լինելու։ Այո, ամենակարեւորն իսկապես էլ Հայաստանի անվտանգությունն է, բայց այդ անվտանգությունը չի կարելի ոչ ՀԱՊԿ-ին վստահել, ոչ ՆԱՏՕ-ին։ ՀԱՊԿ-ին վստահենք՝ ՀԱՊԿ-ն է «քցելու», ՆԱՏՕ-ին վստահենք՝ նրանք են «քցելու»։ Մենք պիտի փորձենք ինքներս կարգավորել մեր հարաբերությունները հարեւանների հետ, եւ դա կլինի անվտանգության լավագույն համակարգը։ Այլ հարց է, որ մեր հարեւաններն այդ կարգավորման դիմաց չափազանց շատ բան են պահանջում, բայց դա արդեն բանակցությունների խնդիր է, ընդ որում՝ ցանկալի է առանց միջնորդների (քսան տարի է միջնորդների օգնությամբ բանակցում ենք, եւ ոչ մի արդյունք):

Բայց արդյո՞ք Հայաստանում կգտնվի որեւէ քաղաքական ուժ, որը կհայտարարի, թե պետք է նախ առանց միջնորդների կարգավորել հարաբերությունները հարեւանների հետ եւ միայն դրանից հետո որոշել՝ Եվրամիությա՞նն ենք անդամակցում, թե՞ Եվրասիական միությանը։ Իհարկե չի գտնվի (չորս կողմից վրա կտան ու «դավաճան» կհռչակեն), դրա համար էլ ոչ մեկն առանձնապես չի խորանում։ Լավագույն դեպքում թեժ բանավեճ է ընթանում, թե ո՞վ ավելի դաժանաբար «կքցի» Հայաստանին՝ Ռուսաստա՞նը, թե՞ Արեւմուտքը։ Երկու կողմերն էլ իրենց տեսակետը հիմնավորելու համար բազմաթիվ պատմական ու ժամանակակից փաստեր են ներկայացնում, եւ, ուշադրություն դարձրեք՝ երկու կողմերն էլ իրավացի են. ով երբ հնարավորություն է ունեցել մեր փոխարեն կարգավորել մեր հարաբերությունները հարեւանների հետ՝ պարտաճանաչորեն «քցել է» մեզ։ Բայց քաղաքական ուժերն այս մասին չեն խոսում, նրանց քարոզիչներն են խոսում:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031