Լրահոս
Օրվա լրահոսը

Գերման Ավագյան. «Վերջին տարիներին արյունոտ ֆոտոները շատացել են»

Օգոստոս 23,2013 11:20

Հատված դոկումենտալ լուսանկարիչ Գերման Ավագյանի հետ հարցազրույցից:

– Մի անգամ ասել եք, որ խեղճ մարդիկ Ձեր հերոսները չեն, եւ սիրում եք պայքարող մարդկանց նկարել։ Բայց հաճախ խեղճությունը, աղքատությունը ֆոտոյում աշխատում են, եւ լուսանկարիչներն էլ խաղում են դրա վրա։ Կա՞ նման բան։

– Ես էլ եմ անցել դրա միջով, բայց, օրինակ, Կապանում ապրող Մերիկոյին նայողը, ով երկու ձեռք չունի, կարո՞ղ ես ասել՝ խեղճ է։ Իհարկե՝ ոչ։ Ինքը երբեք իմ ֆոտոներում խեղճ չի երեւում։

Ես հոգնել եմ այդ թեմայից, որովհետեւ ազգովի խեղճ ենք, նման դեպքերում ես ասում եմ. քարը վերցրեք, գնացեք փոխեք ձեր կյանքը, մի բողոքեք։ Մանավանդ ընտրություններից հետո 5 հազար դրամանոց այդ խեղճերին ես չեմ խղճում, փողը վերցրել ես, ընտրել ես, ուրեմն արժանի ես քո կյանքին։ Իրենք ուզում են համ 5 հազար ստանան, համ լավ ապրեն, բայց այդպես չի լինում ոչ մի երկրում։ Ֆրանսիայից սկսած՝ մարդն իր իրավունքները պայքարով է վերցրել։ Մերոնք ասում են՝ գնամ ուրիշ երկիր, որտեղ ամեն ինչ լավ է։ Այդպես չի, այդ երկրում էլ պետք եղած պահին կարող են տեղում սպանել։

Դոկումենտալ լուսանկարչության կենտրոնում մի՞շտ է մարդը, թե՞ լուսանկարը կարող է արժեքավոր դառնալ նաեւ առանց մարդու միջամտության։

– Օրինակ, ես անում եմ մի պրոյեկտ, երբ ինտերիեր նկարելով՝ ցույց եմ տալիս այսօրվա մեր կյանքը։ Մարդիկ չկան կադրում, բայց դու տեսնում ես նրանց այդ միջավայրում։ Ունեմ մի ֆոտո, որտեղ ռեստորանի ինտերիերն է, ու դու հասկանում ես, որ այս երկրում ինչքան շատ է «կիտչը»՝ սերիալային ճաշակն ամենուր է: Անձնագրի լուսանկարն էլ է դոկումենտալ, չկա ոչ դոկումենտալ լուսանկար։

Ամերիկայում մի նախագիծ եմ անում, որը կոչվում է «Ազգային նույնականացում», հարցնում եմ մարդկանց՝ ի՞նչ ես ազգությամբ, ենթադրենք ասում է քուրդ կամ հայ, ասում եմ՝ ցույց տուր ինձ մի բան, որը քեզ որպես քուրդ կամ հայ է բնորոշում, ու ինձ պետք չի իրեն խորովածի մոտ նկարեմ, դա ինձ չի հետաքրքրում։

Հիշում եմ Լենինականի երկրաշարժից մի լուսանկար, որտեղ դագաղներից մեկում բաց երեսով դիակ էր պառկած։ Երբ լուսանկարչից հարցրի՝ այս դիակը բաց երեսո՞վ էր պառկած, ասեց՝ չէ, վրան ծածկոց էր գցած, ես այն իջեցրել եմ…. Բայց դու ի՞նչ իրավունք ունեիր այդ ծածկոցն իջեցնելու, քեզ ո՞վ է իրավունք տվել միջամտելու, այդ մարդու դեմքն իր սեփականությունն է նույնիսկ իր մահից հետո, դու ընդամենը լուսանկարիչ ես եւ պետք է լուսանկարես այն, ինչ տեսնում ես։

Դա արդեն մարդու կրթական ցենզն է, եթե դու ուզում ես տեսնել, թե դիակը ոնց է թռնում օդում, դու դա կնկարես, բայց ես չեմ նկարի, ի դեպ, «World Press Photo»-ում կար նման լուսանկար։ Ընդհանրապես, վերջին տարիներին արյունոտ ֆոտոները շատացել են, արդեն հոտ է գալիս այդ ֆոտոներից, եթե ես Հայաստանում տեսնեմ նման բան, ուղղակի այդ մարդու գլխին կտամ։ Պետք է մարդուն հարգես։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031