Երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ընդունել էր ուսման վարձավճարների շուրջ բողոքի ակցիա կազմակերպած մի խումբ երիտասարդների ու պատասխանել երիտասարդների հարցերին: Նախարարը նրանց առաջարկել էր իրենց պահանջներն ու առաջարկները գրավոր ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարություն, որոնց կտրվի գրավոր պատասխան:
Aravot.am-ը ԵՊՀ թուրքագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող
Գրիշա Էձգերիձեից, որը նույնպես մասնակցել էր հանդիպմանը ու հարցեր ուղղել նախարարին, հետաքրքրվեց՝ ի՞նչ տպավորություն է ստացել հանդիպումից, գո՞հ է արդյոք արդյունքներից:
«Մենք` երիտասարդներս, ի սկզբանե գիտեինք, որ նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպումը չի կարող մեր հարցերին պատասխան տալ: Ուղղակի, երբ կառավարության շենքի մոտ հանդիպեցինք պարոն Աշոտյանին, սկսեցինք հարցեր ուղղել նրան, նա էլ հրավիրեց ԿԳ նախարարություն՝ այդ հարցերին պատասխանելու համար: Նախարարի հետ հանդիպումից հասկացա մի շատ պարզ բան, եթե մենք` երիտասարդներս, ՀՀ քաղաքացիներս, ուսանողներս չպայքարենք, ոչ մի ուժ չի նպաստի մեզ հուզող հարցերին լուծում տալուն: Այնպես որ, եւս մեկ անգամ կոչ եմ անում ուսանողներին, ծնողներին, ուսանողների ճակատագրով հետաքրքրվող յուրաքանչյուր մարդու միանալ պայքարին: Թանկացման համար կարող է պատճառաբանություններ բերել անգամ յուրաքանչյուր դպրոցական, էլ ուր մնաց, որ ռեկտորը կամ նախարարը չկարողանան պարզաբանումներ տալ: Մի բան հաստատ է, ժողովուրդը ի վիճակի չէ վճարելու օր օրի թանկացող վարձերը, ու ամեն ինչ անելու է դրանք չվճարելու համար»,-ասաց Գրիշա Էձգերիձեն:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ուսանողների հետ հանդիպման ավարտին Արմեն Աշոտյանը և հորդորել է առաջարկություններով մասնակից դառնալ մշակման փուլում գտնվող օրինագծի լրամշակման աշխատանքներին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Նկարն օգտագործելուց մի մոռացեք,որ չի կարելի լոգոն հանել… Նկարը պատկանում է operativ.am-in
Հարգելի Տալիթա, նկարը վերցված է Գրիշա Էձգերիձեի ֆեյսբուքյան էջից(https://www.facebook.com/photo.php?fbid=287910068014180&set=a.105281626277026.6971.100003855674323&type=1&theater), որտեղ ոչ մի նշում եւ լոգո չկա, թե նկարը operativ.am-ինն է: Մենք լոգո հանելու խնդիր չունենք եւ վառ օրինակ ենք, թե ինչպես պետք է պահել հեղինակային իրավունքները: