Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՍՆԻՆՆՈՒԿԵՍ

Օգոստոս 23,2013 10:39

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ տասնվեցերորդ

ՏԱՍՆԻՆՆՈՒԿԵՍ

Եվ Արիկն Անանիային ասաց՝ «Նոբելյան մրցանակի մասին էլ էինք խոսում», եւ Անանիան մի քիչ մտածեց ու հեգնանքով ասաց՝ «Նոբելյան մրցանակը գրականության հետ ոչ մի կապ չունի», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «բա ինչի՞ հետ կապ ունի, ադա», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «Նոբելյան մրցանակը գրականության հետ էնքան կապ ունի, ինչքան՝ ֆիզիկայի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մենք մեղավոր չենք, որ ֆիզիկայից զադ չենք հասկանում», եւ Անանիան հեգնանքով Ջավախյանին հարցրեց՝ «բա ո՞վ ա մեղավոր», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «երեւի ֆիզիկայի դասատուս», եւ Անանիան մի քիչ մտածեց ու քմծիծաղով Ջավախյանին ասաց՝ «ֆիզիկայի դասատուդ ոչ մի մեղք չունի» եւ մի քիչ էլ մտածեց ու քմծիծաղով ավելացրեց՝ «ոչ էլ գրականություն չհասկանալդ ա գրականության դասատուիդ մեղքը», եւ Ջավախյանն ապշահար նայեց Անանիային, եւ Հայկունին ժպտալով Անանիային ասաց՝ «էդ մեկը չպիտի ասեիր», եւ Անանիան ասաց՝ «ինչ որ ճիշտն ա, էդ եմ ասում», եւ Ջավախյանը թարս նայեց Անանիային ու հարցրեց՝ «ի՞նչն ես ճիշտ ասում, ադա», եւ Անանիան մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «որ պատմվածք ես գրում, էդ դեռ չի նշանակում թե՝ գրականություն ես հասկանում», եւ Ջավախյանը թարս նայեց Անանիային, մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ Աբոն ու մյուսներս գրածնիդ հանաքով գովացինք, էդ չի նշանակում թե՝ պատմվածք են», եւ Անանիան մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «կարող ա շատ լավ պատմվածք գրես, բայց գրականություն չհասկանաս», եւ Օրթախ Աբոն Ջավախյանին ասաց՝ «ամեն մեկդ ձեր անունից խոսացեք» եւ ժպտալով ավելացրեց՝ «ես Անանիայի պատմվածքը համ շատ լուրջ հավանել եմ, համ էլ շատ լուրջ գովել եմ» եւ մի քիչ մտածեց ու Ջավախյանին հարցրեց՝ «ի՞նչ հանաքի մասին ա խոսքը», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ Անանիան մի քիչ իրա չափը ճանաչի, շատ լավ կըլնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մենք իրա համեմատ ուստա ենք, բայց մեզ ավելի համեստ ենք պահում», եւ Աբոն ժպտալով հարցրեց՝ «դուք՝ ո՞վ», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «ես ու Արմոն», եւ Հայկունին ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «ի՞նչ իմաստով եք ուստա», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «գրի ու գրականության», եւ Աբոն փռթկացնելով ասաց՝ «Անանիայի համեմատ մենակ Թումանյանը կարա ուստա ըլնի» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «չնայած իրա վերջին պատմվածքը «Գիքորին» հեչ չէր զիջում», եւ Անանիան միանգամայն լուրջ տոնով Աբոյին հարցրեց՝ «էն «Հրապարակի» մեջ տպվածը նկատի ունե՞ս, Ալբերտ Գուրգենիչ», եւ Ջավախյանը փռթկացնելով Անանիային հարցրեց՝ «էդ երբվանի՞ց ես սկսել Աբոյի հետ անում-հայրանունով խոսալ, ադա», եւ Հայկունին փռթկացնելով Ջավախյանին ասաց՝ «քո պատմվածքն էլ որ «Գիքորի» հետ համեմատեն, դու էլ անուն-հայրանունով կխոսաս», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Հայկունուն ասաց՝ «իմ գրածնին Մարկեսի հետ էլ են համեմատել, բայց էսքան չեմ մեծամտացել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մեր համար համեստ ապրում ենք», եւ Ջոնը փռթկացնելով Ջավախյանին ասաց՝ «համեստորեն ապրում ու համեստորեն Նոբելյան մրցանակ ես պահանջում», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ումի՞ց եմ Նոբելյան մրցանակ պահանջում», եւ Ջոնը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «աշխարհից», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Ջոնին ասաց՝ «էդ Նոբելիս մասին հանաքով ասում ու խոսում ենք, բայց Անանիան ու դու լրիվ լուրջ եք ընդունել», եւ Անանիան ժպտալով Ջավախյանին ասաց՝ «Աբոն էդ պատմվածքս հանաքով «Գիքորի» հետ ա համեմատել, բայց որոշ մարդիկ շատ են սրտներին մոտ ընդունել», եւ Ջավախյանը փռթկացնելով Անանիային ասաց՝ «մի քիչ առաջ Ալբերտ Գուրգենիչ էիր ասում», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ պետք ըլնի, էլի Ալբերտ Գուրգենիչ կասեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես սուբորդինացիան հարգող ու պահող մարդ եմ», եւ Ջավախյանը փռթկացնելով Անանիային ասաց՝ «գրականության մեջ էլ պիտի սուբորդինացիան պահես», եւ Անանիան մի քիչ մտածեց ու Ջավախյանին հարցրեց՝ «գրականության մեջ ո՞ւմ հանդեպ պիտի սուբորդինացիա պահեմ», եւ Ջավախյանը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «Թումանյանի «Գիքորի», եւ բոլորս ծիծաղեցինք, եւ Հայկունին ծիծաղելով Ջավախյանին հարցրեց՝ «ասում ես՝ ով ա քեզ Մարկեսի հետ համեմատե՞լ», եւ Ջավախյանն առանց երկար մտածելու պատասխանեց ու ասաց՝ «դու», եւ Հայկունին ապշահար նայեց Ջավախյանին ու հարցրեց՝ «ո՞վ», եւ Ջավախյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Հայկունի Հարությունյանը», եւ Հայկունին ավելի զարմացած նայեց Ջավախյանին ու գոռաց՝ «էդ ի՞նչ շառեր ես վրես անում, արա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով Հայկունուն ասաց՝ «պատմվածքս որ կարդացիր՝ ասեցիր», եւ Հայկունին ապշահար հարցրեց՝ «ի՞նչ ասեցի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու կմկմալով ասաց՝ «ասեցիր՝ համարյա Մարկես ա», եւ Հայկունին գոռալով հարցրեց՝ «ի՞նչն ա համարյա Մարկես», եւ Ջավախյանը կմկմալով պատասխանեց ու ասաց՝ «էդ զադս», եւ Հայկունին գոռալով հարցրեց՝ «ի՞նչ զադ», եւ Ջավախյանը կմկմալով ասաց՝ «էդ պատմվածքս», եւ Հայկունին գոռալով հարցրեց՝ «ի՞նչ պատմվածք», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «էդ «Ուրիշի երեխաները» պատմվածքս» եւ մի քիչ էլ մտածեց ու կմկմալով ավելացրեց՝ «կարդացիր, ասեցիր՝ համարյա Մարկես ա», եւ Հայկունին գոռալով հարցրեց՝ «ե՞րբ եմ էդ բանն ասել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի էրկու ամիս կըլնի», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «չեմ հիշում» եւ մի քիչ էլ մտածեց ու Ջավախյանին հարցրեց՝ «որտե՞ղ եմ ասել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հենց «Տրիումֆի» մեջ», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «չեմ հիշում, որ ըտենց բան ասած ըլնեմ», եւ Ջոնը ժպտալով Հայկունուն ասաց՝ «կարող ա խմած վախտ ես ասել» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «խմած մարդն ամեն ինչ էլ կարա ասի», եւ Ջավախյանը թարս նայեց Ջոնին ու ասաց՝ «ես Հայկունի խմածն ու օյաղն իրարից շատ լավ եմ տարբերում», եւ Սերոբն ասաց՝ «Հայկունն արդեն վեց ամսից ավել ա՝ վաբշե մի գրամ չի խմել», եւ Աբոն ծիծաղելով ասաց՝ «Ջավախյանի էդ պատմվածքը կարդալուց հետո հաստատ խմած կըլնի», եւ Ջոնը Ջավախյանին ասաց՝ «Հայկունը հանաքով մի բան ա ասել, դու լրիվ լուրջ ես ընդունել», եւ Ջավախյանը թարս նայեց Ջոնին ու ասաց՝ «ես Հայկունի հանաքն ու լուրջն էլ եմ իրարից տարբերում», եւ Հայկունին Ջավախյանին հարցրեց՝ «էդ պատմվածքդ ո՞ր թերթի մեջ էիր տպել», եւ Ջավախյանն ասաց՝ «թերթի մեջ չէր. Պետրոսի սայթի մեջ էր», եւ Արիկը ժպտալով Հայկունուն հարցրեց՝ «Պետրոսի սայթն էլ ե՞ս կարդում», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես նույնիսկ չգիտեմ, որ էդ տեսակ սայթ գոյություն ունի» եւ մի քիչ մտածեց ու Ջավախյանին հարցրեց՝ «ի՞նչ Պետրոսի սայթ. Պետրոսն ո՞վ ա», եւ Ջավախյանն ասաց՝ «էն «Կենտրոն» հեռուստատեսության չաղ Պետոն», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու Ջավախյանին հարցրեց՝ «բա ի՞նչ սայթ ես ասում», եւ Ջավախյանն ասաց՝ «էդ «Ուրիշի երեխաներս» Պետոյի սայթի մեջ ա», եւ Հայկունին զարմացած հարցրեց՝ «ի՞նչ «Ուրիշի երեխաներ», եւ Ջավախյանն ասաց՝ «էն՝ որ Պետոյի սայթից տպել, տվել էի քեզ» եւ մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «էն՝ որ Մարկեսի հետ համեմատեցիր», եւ Հայկունին վրդովված գոռաց՝ «ո՞ւմ եմ Մարկեսի հետ համեմատել», եւ Ջավախյանը մեղավոր ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ինձ» եւ մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ էդ «Ուրիշի երեխաները» պատմվածքս», եւ Հայկունն ապշահար հարցրեց՝ «ես ե՞մ Մարկեսի հետ համեմատել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով Հայկունուն ասաց՝ «ոչ միայն Մարկեսի հետ ես համեմատել, այլեւ տասնիննուկես ես գնահատել», եւ Հայկունին ապշահար հարցրեց՝ «ո՞ւմ եմ տասնիննուկես գնահատել», եւ Ջավախյանը մեղավոր ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ինձ» եւ մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ իմ էդ գրվածքը», եւ Աբոն ժպտալով Ջավախյանին ասաց՝ «չհավատալու բան ես ասում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Աբոյին ասաց՝ «վայ թե դու էլ էիր ներկա», եւ Աբոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես որ էղած ըլնեի, հաստատ կհիշեի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Աբոյին ասաց՝ «առանց քեզ ո՞վ ա էդ «Տրիումֆում» նստում» եւ մի քիչ էլ մտածեց ու Աբոյին հարցրեց՝ «չես հիշո՞ւմ, որ Հայկունն ինձ Մարկեսի հետ համեմատեց», եւ Ջոնը քթի տակ խնդալով Հայկունուն ասաց՝ «դու երեւի ձեռ ես առել, բայց էս Լյովիկը լրիվ լուրջ ա ընդունել», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Ջոնին, հետո Աբոյին նորից հարցրեց՝ «չես հիշո՞ւմ, որ ինձ Մարկեսի հետ համեմատեց», եւ Աբոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Մարկեսի հետ համեմատելը չգիտեմ, բայց չեմ հավատում, որ Հայկունը քեզ տասնինը բալ տված ըլնի», եւ Ջավախյանն ինքնագոհ ժպտալով ճշտեց՝ «տասնիննուկես», եւ Աբոն ժպտալով ասաց՝ «առավել եւս» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «Հայկունը հեչ Մարկեսին տասնիննուկես չի տալիս»:
Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031