Այսօր ազատամարտիկների հանրահավաքին միացել էր նաեւ Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Նա հավաքվածներին խրախուսեց ու գովեց պայքարի այդ ուղին ընտրելու համար. «Ով հիմա ոտքի է կանգնած, մի վայրկյանն անգամ չվհատվի , մի կասկածեք սա հաղթանակի, Ավարայրի երթն է»:
Նրա խոսքերով, «Պետք է սթափեցնենք բոլորին, մենք հիմա այստեղ կանգնած ենք, շատերը չեն զգում այդ պահի լրջությունը, շատերը մեր ազատամարտիկներին հայտարարել են մոբիլիզացիա, այդ մոբիլիզացիան ոչ թե իրենց համար է, այլ ես արդեն կասկած չունեմ, նրանք շրջում են հանրապետությունով մեկ և ազատամարտը ոտքի է կանգնելու, ի՞նչ է նշանակում` վեր ենք ընկած տներում, երբ որ հայրենիք ենք կորցնում»:
Պարոն Մանուչարյանի համոզմամբ, իշխանության ներկայացուցիչներն էլ են լավ հասկանում՝ ինչ է կատարվում երկրում. «Հասկանում ենք, խոզ կա, որը լափում է, բայց տարել է տունը առյուծ է կապել, թե տեսեք ես ինչ հզոր մարդ եմ, առյուծների տեր եմ, ես էլ առյուծ եմ, լսի՛ր, կողքինիդ փիսիկ ես դարձրել արդեն, ոչ մի առյուծ այդքան չի լափում, ինչքան դու ես լափում, բայց դու էլ փիսիկ ես, մի հատ փշտ անեն, կփախնես…Ավարայր է, և Ավարայրում բոլորս մարտիկ ենք»:
Կարդացեք նաև
Հանրահավաքի վերջում էլ խոսեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը. «Բոլոր կուսակցականները պետք է այստեղ լինեն, որովհետև այն, ինչի համար կանգնել են մեր ազատամարտիկները, դա վերկուսակցական խնդիր է»:
Հետո դիմեց հավաքվածներին. «Կուսակցությունների միտինգին չեք գալիս, ասում եք` կուսակցություններն են անում, բայց ազատամարտիկներն են անում, էլի չեք գալիս, կարծում եք ուղղորդում են: Լավ, եկեք դուք ուղղորդեք: Այսօր մենք բոլորս միասնական լինելու խնդիր ունենք: Ամեն մեկի սայլն իր կողմը տանելու քաղաքականությունը լավ բանի չի բերի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ