ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2013 մրցույթի եզրափակիչ փուլի մասնակից 144 ընտանիքների մեջ կան այնպիսիք, որոնք մասնակցել են առաջին տարվանից եւ, որպես կանոն, հանդես եկել գրեթե բոլոր եզրափակիչներում:
Նրանց մարզավիճակն ակնհայտորեն տարբերվում է մյուսներից: Aravot.am-ը զրուցեց երկու այդպիսի ընտանիքի հետ:
Սմբատ Շահբազյան: Վայոց ձորի մարզ: Մալիշկա համայնք:
«10-րդ տարին է, որ մասնակցում ենք ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» միջոցառմանը, որը մարզասեր ընտանիքների համար կյանքը հետաքրքիր դարձնելու հիանալի միջոց է: Ամբողջ կյանքում կապված եմ եղել սպորտի հետ, մանկավարժ եմ: Հիմա դասավանդում եմ ռազմագիտություն եւ անձնական օրինակով գիտեմ, թե ֆիզիկական կուլտուրան եւ առողջ ապրելակերպը, որքան մեծ նշանակություն ունեն մարդու կյանքում: Արցախյան պատերազմի վետերան եմ, պարգեւատրվել եմ մեդալներով, եղել եմ «Մալիշկա» կամավորական ջոկատի հրամանատարը: Առողջությունն ու ֆիզիկապես ամուր ու դիմացկուն լինելն են օգնել, որ հաղթահարել եմ արցախյան ազատամարտը: Ուրախ եմ, որ մեր երկրում կա եւ կազմակերպվում է ամենամյա մարզական-մասսայական այսպիսի միջոցառում, այն էլ՝ ՀՀ նախագահի հովանու ներքո», ասաց Սմբատ Շահբազյանը:
Կարդացեք նաև
Իսկ ընտանիքի մայրը՝ նույնպես մանկավարժ Աշխեն Ավետյանը ավելացրեց. «Ավանդական այս միջոցառումն ավանդական է դարձել նաեւ մեր ընտանիքի համար: Սա ծրագիր է, որտեղ համատեղվում են սպորտն ու ակտիվ հանգիստը, առողջ ապրելակերպն ու ընտանեկան միասնությունը: Շնորհիվ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի, ես էլ արդեն տասը տարի զբաղվում եմ սպորտով ու դրա բարերար ազդեցությունը զգում: Իսկ որպես մայր եւ արդեն տատիկ, ինձ համար ավելի թանկ բան չկա, քան առողջ ամուսին, զավակներ եւ թոռնիկներ ունենալը»:
Արամ Սարգսյան: Քաղաք Կապան: «Առաջին տարվանից իմ ընտանիքով մասնակցում եմ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին: Միշտ էլ հաղթահարել ենք համայնքային եւ մարզային փուլերը եւ մասնակցել եզրափակիչ փուլերին: Բացի այն, որ այս մրցույթը ֆիզիկական կուլտուրան եւ առողջ ապրելակերպը հայկական ընտանիքներում արմատավորելու լավագույն միջոց է, այստեղ ձեւավորվում է նաեւ մեծ բարեկամություն: Ամեն տարի հավաքվելով այստեղ՝ նորանոր ընկերներ ենք ձեռք բերում ու բարեկամությունը շարունակվում է: Նկատել եմ. ամեն անգամ «նորեկները» տեսնելով այստեղ տիրող ընդհանուր ջերմ մթնոլորտը՝ հետո այդ մասին իրենց գյուղում, քաղաքում, համայնքում պատմում են մյուսներին եւ համայնքային մրցույթի մասնակից ընտանիքների քանակը տարեցտարի ավելանում է: Այս մրցույթը մեկ այլ կարեւոր դերակատարություն էլ ունի: Նաեւ այստեղ են դրվում առողջ սերունդ աճեցնելու հիմքերը, դաստիարակվում են առողջ երեխաներ, որոնք վաղվա մեր զինվորներն են, մեր երկրի ապագան»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ