Այս պահի դրությամբ բժշկի մասնագիտությունը ամենապահանջված է Գյումրիում: Այս մասին կարելի է դատել`ընթերցելով Աշխատանքի և սոցիալական նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կայքէջում թափուր աշխատատեղերի մասին տրված հայտարարությունները:
Գործատուները մեծամասամբ բժիշկներ են փնտրում, օրինակ ակնաբույժ` 67000 դրամ աշխատավարձով, ատամնաբույժ` 70 000 դրամ, բջջաբան, բջջաբանական կաբինետի բժիշկ, դիմածնոտային վիրաբույժ`62 000 դրամ, էխոսկոպիստ, էնդոսկոպիստ, թորակալ վիրաբույժ, ընդունարանի բժիշկներ, նյարդաբան, նյարդավիրաբույժ, սրտաբան ու ռենտգենոլոգ, քիթ-կոկորդ-ականջաբան և այսպես շարունակ:
Այնպիսի տպավորություն է, որ Գյումրիում կամ բժիշկ չի մնացել, բոլորն արտագաղթել են, կամ աշխատավարձն այնքան ողորմելի է, որ լավ է բանվոր աշխատես, քան բժիշկ: Ի դեպ, բժիշկների օրվա նվիրված միջոցառման ժամանակ մեզ բուժհիմնարկներից մեկի ղեկավարը այսպես ասած ներքին կարգով տեղեկացրեց, որ ՌԴ-ի «Հայրենակիցներ» ծրագրից օգտվել են հենց Գյումրու բուժաշխատողները, նրանք մեկը մյուսին թիկունք կանգնելով`հերթով դուրս են տարել իրենց կոլեգաներին:
Aravot.am-ը Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանից փորձեց ճշտել, թե ո՞վ է տվել այս հայտարարությունները և մի՞թե Գյումրիում բժիշկներ չեն մնացել, բոլորն արտագաղթե՞լ են, որ նորերին են փնտրում: Մարզպետարանի պաշտոնյան ասաց, որ հենց մարզպետարանն է տվել այդ հայտարարությունները` նպատակ ունենալով Գյումրի աշխատանքի հրավիրել նաև այլ մարզերի բժիշկների: «Օրինակ` կարող է Մեղրիից մեկը գալ, որը շատ ավելի մեծ արժանիքներ ունի, քան մեզանից յուրաքանչյուրը, կամ Լոռուց գան, ի՞նչ կլինի որ: Քանի՞ Գյումրու բժիշկներ են աշխատում այլ վայրերում, ես ինքս գյուղի տղա, չգնացի՞ մայրաքաղաք ու երևելի պաշտոններ զբաղեցրի: Ունենալով այս մասնագետների կարիքը` ամեն ինչ անում ենք, որ Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան ավարտածները մեզ մոտ գան աշխատանքի, մարզպետի հետ համատեղ ծրագիր ենք իրականացնում, անգամ նրանց վճարն ենք փոխանցում, այդ մեկ միլիոն դրամը վերցրել ենք մեր վրա, որ պարտավորված զգան գալ ու Գյումրիում աշխատել: Արդեն իսկ կան բժիշկներ, որոնք եկել են: Իսկ բժիշկների մասսայական արտագաղթ, այն էլ «Հայրենակիցներ» ծրագրով չկա, հավատացնում եմ ձեզ, ընդամենը երկու բժշկի եմ ճանապարհել, որից մեկը էսպես ասած իրենից բան չէր ներկայացնում , կուզենայի գնար, լավ է իր ոտքով գնաց երկրից», -ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Մեր այն հարցին էլ` ինչո՞ւ է այսքան թափուր աշխատեղ ստեղծվել Գյումրիում, մի՞թե աշխատավարձն է պատճառը, որը կազմում է 60 000-70 000 դրամ, վարչության պետն ասաց, որ աշխատավարձից բացի կան բոնուսներ, բժշկին վճարում են այդպես:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ