Ադրբեջանցի լրագրող, «Դոկտրինա» ռազմական լրագրության հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ջասուր Մամադով Սումերինլին հայտնել է, որ իրեն սպառնացել են ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության մասին լրատվամիջոցներում ելույթ ունենալու համար: Գրում է «Կոնտակտ» ադրբեջանական լրատվականը:
Իր հայտարարության մեջ նա նշել է, որ ինչ-որ անձիք իր հետ կապի մեջ են մտել` ներկայանալով որպես Ադրբեջանի բարձր պաշտոնյաներ ու տեղեկացրել, որ նրա արած մեկնաբանությունների պատճառով Ռուսաստանի զինվորական շրջանակներից բողոքներ են ներկայացվել պաշտոնական Բաքվին.
«Ինձ ասացին, որ ես իմ հոդվածներով հարվածի տակ եմ դնում ռազմատեխնիկական համագործակցության ապագան, ու երկկողմանի համաձայնագրերի լուծարման վտանգ եմ ներկայացնում», – ասել է Մամադովը:
Ավելի վաղ, մեկնաբանելով Պուտինի այցը Բաքու, լրագրողը կարծիք էր հայտնել, որ ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության խորացումն ու կադրերի պատրաստումը հակասում է Ադրբեջանի զինված ուժերի` ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան զարգացմանը:
Կարդացեք նաև
Մամադովն ասել է, որ իրեն սկզբում պարգևատրում են առաջարկել նման հրապարակումները դադարեցնելու համար, իսկ երբ նա հրաժարվել է, նրան սպառնացել են, որ անախորժություններ կստեղծեն իր համար:
Լրագրողը հայտնել է, որ իր կամ իր ընտանիքի դեմ հնարավոր քայլերի պատասխանատվությունը կկրեն Ադրբեջանի իշխանությունները, և քաղաքացիական հասարակությանն ու լրատվամիջոցներին իրեն աջակցելու կոչ է արել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ