«Այս շրջանում երեխաները շատ են վարակվում ոջիներով՝ հատկապես մանկապարտեզի երեխաները: Փոքրիկիս մեկ շաբաթ է, ինչ մանկապարտեզ չեմ ուղարկում, մտահոգվում եմ, որովհետև նման դեպքերը շատ-շատ են եղել: Շատ ծնողներ անտարբեր են, իսկ երեխեքը մի քիչ անզգույշ են »,-ասում է վարսահարդար, 4-ամյա երեխայի մայր Մարիամը: Հարցին, թե իր աշխատանքային գործունեության ընթացքում նման դեպք պատահել է, պատասխանում է՝ այո. «Մեկ ամիս առաջ է այդպիսի բան եղել, հաճախորդս ուղիղ ֆեն էր ցանկանում, դեռևս գլուխը լվալու ժամանակ նկատեցի, որ անիծներ ունի, համոզվելուց հետո ասացի, որ չեմ կարող սանրս նրա վարսերին կպցնել, հակահիգենիկ է»,- ասում է Մարիամը: Նա ոջիլների տարածվածությունը պայմանավորում է շոգ եղանակով: Իսկ բժշկուհի Նաիրա Գևորգյանը նշում է՝ ոջիլները ժամանակ չեն ճանաչում, նրանց տարածվածությունը պայմանավորված է հիմնականում անբավարար սանիտարահիգիենային պայմաններով: Նա նաև ասում է. «Ոջիլներն արյունածուծ միջատներ են, մարդու և կաթնասունների մակաբույծներ, որոնց ողջ կյանքն անցնում է տիրոջ մարմնի վրա՝ անհարմարություն տալով նրան՝ ուժեղ քոր առաջացնելով, որից մաշկը կարող է քերծվել, թարախակալել»: Վերջին շրջանում մտահոգություն կա, որ ոջիլով վարակվելու երևույթը մասսայական բնույթ է կրում: «Ես մտածում էի՝ 90 թվից այս կողմ այդ ամենը վերջացել է, բայց չէ, քույրս վերջերս է վարակվել ոջիլով: Ինչ անում ենք, չի անցնում՝ էլ նավթ, էլ սև օճառ»,- «Առավոտ երիտասարդականի» հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը, ով չցանկացավ անունը հրապարակել: Ոջլոտությունից ազատվելու համար վարսավիրը խորհուրդ Է տալիս վարսերը խիտ սանրով սանրեր, աղջիկների և կանանց դեպքում՝ ձիգ հուսքեր անել, իսկ տղամարդկանց և երեխաների պարագայում մազերը կարճ կտրել: Իսկ ահա ոջիլների ոչնչացման համար, բժշկուհի Նաիրա Գևորգյանի խոսքով՝ պետք է օգտագործել նիտիֆոր, պեդիլին (էմուլսիա կամ շամպուն), 10 %-անոց ջրաօճառակերոսինային էմուլսիա և այլն. «Բազմաթիվ դեղեր կան, կարող են ծնողները դեղատներից հարցնել: Դրանից մեկը նախ պետք է քսել մազերին, ապա վարսերը գլխաշորով փաթաթել, թողնել 20-30 րոպե: Դեղը կսկսի ազդել, ապա պետք է անմիջապես գլուխը լվանալ տաք ջրով և օճառով: Իսկ վերջում լոգարանում սանրել խիտ սանրով»,-ասում է Նաիրա Գևորգյանը:
Նազենի Բաղդասարյան