Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենակ եմ հիմա ու միշտ». Լենան հիասթափված է

Օգոստոս 22,2013 17:35

Տանը բոլորը քնել էին, բացի Լենայից. սպասում էր ինչ- որ նոր օրվա, բայց և համոզված էր, որ ոչ մի յուրահատուկ բան էլ չի լինելու, երբ հեռախոսի լույսը վառվեց. «Արդեն բավականին ուշ էր. գիշերվա ժամը երեքն էր, երբ բջջայինիս անծանոթ համարից հաղորդագրություն ստացա, գրված էր՝ բացիր դուռը, – պատմում է Լենան, – մի քիչ վախեցած, բայց հետաքրքրությունից ոգևորված դուռը բացեցի ու դռան դիմաց դրված ծաղկեփունջն ինձ էր սպասում, բացիկի վրա էլ գրված էր՝ դու երբեք մենակ չես»: Լենան չգիտեր, թե նվերի հեղինակն ով է, մտքով նույնիսկ չէր անցնում, որ դա այն տղան է, ում հետ նա պատահաբար ծանոթացել է մեկ ամիս առաջ ճիշտ նույն օրը. «Հեռախոսս կորցրել էի, երբ զանգեցի մի տղա վերցրեց, պայմանավորվեցինք հեռախոսս վերադարձրեց, պարզվեց դրսում ընկել էր գրպանիցս», – ասում է Լենան: Այդպես էր ծանոթացել Հայկի հետ, բայց ո՞վ կմտածեր, որ նրանք նորից պետք է հանդիպեին: Օրերը հերթափոխում էին միմյանց, Լենան այդպես էլ չէր կռահում, թե նվերն ում կողմից կարող է լինել: Այդպես անցավ մեկ շաբաթ, և նա նորից նամակ ստացավ, բայց այս անգամ արդեն սոցցանցերից մեկի միջով. «Շատ լավ եմ հիշում ինչ էր գրել Հայկը, – ասում է Լենան, – «Չգիտեմ՝ նվերը քեզ դուր եկավ, թե՝ ոչ, բայց համոզված եմ, չես էլ կռահել, որ հեղինակը ես եմ», ես պատասխանեցի նամակին, իսկ հետո հետաքրքրությունից դրդված հարցրեցի նաև, թե ինչու էր բացիկի մեջ գրել՝ դու երբեք մենակ չես»: Հայկն էլ, հարցին ի պատասխան, ասել էր, թե այն ժամանակ, երբ հեռախոսը գտել է, փորձել է նկարները նայել ու տեսել է, որ գրեթե բոլոր նկարներում միայնության մասին գրություններ են, չհաշված, որ ճիշտ նույն գրությամբ էր նաև հեռախոսի էկրանի նկարը: «Հայկը ինձ հասկացել էր անգամ առանց ինձ ճանաչելու, – համոզված է Լենան, – միայն մի հարցում նա ինձ չհասկացավ և դա ճակատագրական եղավ մեզ համար»:

Մի քանի ամիս էր, ինչ Լենան ու Հայկը ընկերություն էին անում, երբ վիճեցին, պատճառը ինչպես Լենան է ասում, Հայկի խանդն էր, որն արդեն հիվանդություն էր դառնում. «Ես չէի կարողանում տնից դուրս գալ, գնալ խանութ, կարծես վանդակում լինեի, ինձ լիարժեք մարդ չէի զգում, ճիշտ է, շատ էի սիրում Հայկին, բայց չէի կարողանում նրա բնավորությունը հանդուրժել: Նա անընդհատ խոստանում էր, որ կփոխվի, բայց արդպես էլ չէր փոխվում, ես էլ վանդակում ապրել չէի կարողանում»: Մի օր ամեն ինչ ավարտվեց, Լենան էլ որոշեց մեկնել երկրից, կարծելով, թե այդպես երկուսի համար էլ լավ կլինի: Սակայն մինչ մեկնելը որոշեց Հայկին իր «Ցտեսությունը» ասել: Հաղորդագրություն ուղարկեց նրան ճիշտ նույն գրությամբ, ինչ-որ Հայկը ամիսներ առաջ. «Բացիր դուռը»: Բայց ի տարբերություն Լենայի նվերի, Հայկին դռան հետևում ծրարով մի գրություն էր սպասում՝«Դու չկարողացար կողքիս լինել, ես մենակ եմ հիմա ու միշտ»:

Տիգրանուհի Թասլակյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031