Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Անահիտ Պարսամյանի «Աշոտ երկաթի խաչը» վիպակը, Վարագ Ներսիսյանի «Հայ հին գրականություն» ուսումնական ձեռնարկը, Երվանդ վարդապետ Տեր-Մինասյանցի «Ընդհանուր Եկեղեցու պատմություն» դասագրքի Ա հատորը և Վալերի Գ. Թունյանի «Խրիմյան Հայրիկի հայրապետությունը 1893-1907» ռուսերեն մենագրությունը:
Անահիտ Պարսամյանի «Աշոտ երկաթի խաչը» վիպակում ներկայացված է Աշոտ Երկաթի կյանքը, հանուն հայրենիքի նրա մղած անձնվեր պայքարը, ժամանակի բախտորոշ պահերին Եկեղեցու և պետության միասնականությունը:
Վարագ Ներսիսյանի «Հայ հին գրականություն» ուսումնական ձեռնարկը վերջին տարիների հայագիտության հանգրվանային նվաճումներից մեկն է: Աշխատությունն իր անուրանալի լուման կարող է ներդնել ոչ միայն Հանրապետության բուհերի համապատասխան բաժինների ուսանողների մասնագիտական պատրաստման գործում, այլև կարող է օգտակար լինել հայագիտությամբ հետաքրքրվող լայն շրջանակների համար: Երվանդ վարդապետ Տեր-Մինասյանցի «Ընդհանուր Եկեղեցու պատմություն» դասագրքի Ա հատորում փաստական հարուստ նյութի համակարգված վերլուծությամբ լուսաբանվում է Եկեղեցու հիմնարկման, քրիստոնեության առաջին դարերի պատմական ընթացքի, դոգմատիկ զարգացումների, ինչպես նաև Եկեղեցու դավանաբանական առաջին պառակտման համալիր հիմնահարցերը:
Վալերի Գ. Թունյանի «Խրիմյան Հայրիկի հայրապետությունը 1893-1907 թթ.» ռուսերեն մենագրությունն ամբողջական կերպով հետազոտում է Խրիմյան Ա Վանեցի Հայրապետի 1893-1907թթ. գործունեությունը: Արխիվային, պատմական ու աղբյուրագիտական լուրջ նշանակություն ունեցող այս գիրքը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ժողովրդի և Եկեղեցու պատմությամբ:
Վերոնշյալ աշխատությունները հրապարակվել են Մայր Աթոռի բարերար Գաբրիել Չեմպերճյանի մեկենասությամբ: