Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Էրիկաս Պետրիկասին:
Ողջունելով դեպսանին՝ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը կարեւորեց Լիտվայի նախագահությունը Եվրոպական Միությունում, նշելով, որ չափազանց էական է համարում այն, որ ԵՄ-ում Լիտվայի նախագահության գերակայությունններից է Արեւելյան գործընկեր երկրների հետ առավել սերտ համագործակցությունը: Նա հույս հայտնեց, որ ԵՄ-ում իր նախագահության ընթացքում Լիտվան կկարողանա լրջորեն առաջ մղել Արեւելյան գործընկերության առաջնահերթությունները:
Կողմերը քննարկեցին նաեւ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովը, որի ընթացքում Հայաստանը Եվրամիության հետ կնախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը: Այս համատեքստում տիկին Զոհրաբյանը կարեւորեց հանրության տեղեկացվածության ապահովումը. ըստ նրա, անհրաժեշտ է, որպեսզի հանրությունը հստակ պատկերացում ունենա Ասոցացման համաձայնագրի հիմնական դրույթներից թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական մասով: Տիկին Զոհրաբյանը նշեց, որ վիլնյուսյան գագաթաԺողովում պայմանագրի նախաստորագրումից հետո, ըստ էության, ծանրության կենտրոնը տեղափոխվելու է խորհրդարան, ուստի շատ կարեւոր է ԵՄ անդամ երկրների փորձն ու անցած ճանապարհը՝ ՀՀ օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը մոտարկելու հարցում:
Դեսպան Էրիկաս Պետրիկասը նշեց, որ վիլնյուսյան գագաթաժողովից հետո առանցքային է դառնալու եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի դերակատարությունը որպես Ասոցացման համաձայնագրի դրույթների կատարման հիմնական կոորդինատոր: Նա պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցել հանձնաժողովին եւ խորհրդարանին՝ այդ հարցում Լիտվայի անցած ճանապարհն ու փորձը փոխանակելու առումով:
Կարդացեք նաև
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ հայաստանյան ներքաղաքական իրավիճակին եւ հնարավոր քաղաքական զարգացումներին:
ԱԺ մամուլի հաղորդագրություն