Այսօր «Հայացք» մամուլի ակումբում Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, Մեյլման հանրային առողջության բժշկական համալսարանի հոգեբան-համաճարակաբան Քրիստինա Հովենը, հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը և ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը (լուսանկարում) խոսեցին հոգեկան առողջության իրազեկվածության, առողջապահական համաշխարհային կազմակերպությունների ղեկավարների հայաստանյան այցի և «Երևանյան հռչակագրի» ստորագրման մասին:
Արմեն Սողոյանն ասաց, որ օգոստոսի 29-31-ը Երևանում կայանալու է համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի թեմատիկ գիտաժողով, որին մասնակցելու են բազմաթիվ մասնագետներ՝ աշխարհի տարբեր վայրերից, այդ թվում նաև 5 համաշխարհային կազմակերպությունների ղեկավարներ: Նախատեսվում է նաև ստորագրել «Երևանյան հռչակագիր»:
Իսկ այն հարցին, թե ի՞նչ կտա Հայաստանին այդ գիտաժողովը, հոգեբանը պատասխանեց. «Մեր բոլոր հոգեբուժները հնարավորություն կունենան մասնակցելու այս գիտաժողովին, շատ բան սովորելու և ծանոթանալու համաշխարհային գիտնականների հետ: Իսկ երկրորդը՝ մեր տուրիզմը կզարգացնենք»:
Քրիստինա Հովենը, որը հիմնականում աշխատում է երեխաների հետ, կատարել է հետազոտություններ 9-ը երկրների միջև, որի նպատակը երիտասարդ տարիքում ինքնասպանությունների կանխարգելումն էր: 9-ը երկրների մեջ մտնում էին նաև Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը: Հիմա կատարում է հետազոտություն 10-ը երկրների միջև: Այս անգամ նույնպես, Հայաստանը մտնում է այդ երկրների մեջ: Այս հետազոտության նպատակն է առաջին անգամ հետազոտել ՝ ինչպես դպրոցներում իրականացնել երեխաների հոգեկան առողջության իրազեկումը:
Կարդացեք նաև
Պրոֆեսորը նշեց նաև, որ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում գրեթե նույն արդյունքներն են: «Հայաստանում երեխաների մոտ խանգարումները, հիմնականում ճնշվածությունը նյութական անբավարար վիճակից է»,- ասաց Քրիստինա Հովենը և ավելացրեց, որ Հայաստանում բացակայում են նաև ինքնասպանություն կատարած անձանց թիվն ու տարիքը, ինչը թույլ չի տալիս ուսումնասիրել ինքնասպանություն գործողների տարիքային սանդղակը:
Վերջում Խաչատուր Գասպարյանը կոչով դիմեց լրագրողներին. «Ամեն անգամ, երբ դուք՝ մասսայական լրատվամիջոցներդ, տեղեկություն եք տալիս, խնդրում եմ ուշադիր եղեք, քանի որ ձեր տված ինֆորմացիան թեկուզ մեկ հոգու կարող է տալ միտք, որ սա է լուծման իրական տարբերակը: Մի գրեք ինքնասպանությունների մասին, մի դրեք դրանք լուրերի առաջին էջերում, մի հայտարարեք լուրերի անոնսի մեջ: Ինչի՞ համար եք դա ասում, ի՞նչ է տալիս դա մեզ»:
Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ