Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից միայն անկուսակցական, երեւանաբնակ Պավլիկ Սարգսյանը չէր վճարել ընտրագրավը:
Արդեն տեղեկացրել ենք , որ թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը օգոստոսի 20-ին անցկացրած նիստում որոշել է և թեկնածուին մինչեւ օգոստոսի 22-ը ժամը 13:00-ը ժամանակ տրամադրել՝ ընտրագրավը մուծելու համար:
Սակայն, ինչպես տեղեկացանք թիվ 38 ԸԸՀ-ից, Պավլիկ Սարգսյանն այսօր մինչեւ նշված վերջնաժամկետը այդպես էլ չի ներկայացել հանձնաժողով: Այնտեղից մեզ փոխանցեցին, որ թեկնածուների գրանցման վերջին օրը՝ օգոստոսի 25-ին, կայանալիք նիստի ժամանակ Պավլիկ Սարգսյանի թեկնածության գրանցումն այսպիսով կմերժվի:
Իսկ Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում առաջադրված մյուս երեք պատգամավորի թեկնածուները՝ ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանը, ինքնաառաջադրված անկուսակցական, «Կապանի ՀՀԳ» ՍՊԸ տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը եւ «Ժառանգությունից» առաջադրված Կապանի բնակիչ Սամվել Հայրապետյանը վճարել են ընտրագրավը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ առաջադրված 5 թեկնածուներից մեկը՝ Կապանի բնակիչ, անկուսակցական Տիգրան Սարգսյանը, օգոստոսի 20-ին ինքնաբացարկ էր հայտնել, նոր ինքնաբացարկ հայտնողներ դեռ չեն եղել:
Իսկ Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 29-ին:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ