Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պետք է շեշտը դնել մեր տեղական սորտերի զարգացման վրա». ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար

Օգոստոս 22,2013 15:09

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը եւ «Կանաչ արահետ» հ/կ-ի նախագահ Նունե Սարուխանյանն այսօր «Էկոլուր» մամուլի ակումբում քննարկում էին գենետիկորեն ձեւափոխված սերմերի Հայաստան ներմուծման խնդիրը:

Նունե Սարուխանյանի կարծիքով, այսօր Հայաստանում գենետիկորեն վերափոխված մթերքների հետ կապված մեծ վտանգ չկա, քանի որ նման սերմերի ներկրում գրեթե չկա: Սակայն իրենց կազմակերպությունն անհանգստացած է դեպի Հայաստան արտասահմանյան մի շարք հիբրիդների ներկրումով. «Շուկայում ներկայումս վաճառվում են հիբրիդներ, որոնք հիմնականում նախատեսված են պահածոների արտադրության համար: Դրանք ավելի չոր են, նաեւ զիջում են համային հատկանիշներով»:

Տիկին Սարուխանյանը հայտնում է, որ մի քանի օրենքներ են մշակվում՝ օրգանական գյուղատնտեսության եւ սերմերի մասին, որոնք քննարկման փուլում են. «Պետք է աշխատել ենթաօրենսդրական ակտերի վրա՝ կապված ներկրման եւ արտահանման հետ, որպեսզի հնարավորինս բացառվի գենետիկորեն մոդիֆիկացված մթերքների ներմուծումը»:

Գյուղատնտեսության փոխնախարարը հայտնում է, որ Հայաստանում սննդի անվտանգության ուղղությամբ որոշակի լուրջ քայլեր են իրականացվում՝ փորձելով կանխել գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ներմուծումը եւ օգտագործումը երկրում. «Մեր երկիրը սերմերի ներմուծումը կատարում է խիստ կանոնակարգված կերպով: Ներմուծվում են այն սերմացուները, որոնք գրանցված են մեր երկրում, եւ օգտագործման համար ունեն թույլտվություն»:

Պարոն Պետրոսյանի կարծիքով պետք է հիմնական շեշտը դնել տեղական սորտերի զարգացման, տարածման եւ պահպանման վրա: Գյուղատնտեսության նախարարությունը ձեռնամուխ է եղել այս խնդրին:

Փոխնախարարը շտապում է տեղական մթերքներ նախընտրողներին ուրախացնել, ասելով, որ տեղական սորտերը չեն անհետացել, ընդհակառակը դրանք շարունակում են մշակվել եւ միայն բանջարաբոստանային մշակաբույսերի սելեկցիոն սերմնաբուծական կենտրոնի կողմից այս տարի վաճառվել է 115 կգ լոլիկի սերմ, որով հնարավոր է մինչեւ 700 հա սածիլ աճեցնել:

Պարոն Պետրոսյանը նշում է, որ շատ հաճախ հայ ֆերմերները ձեռք են բերում դրսից ներմուծված սորտեր, բայց սեփական կարիքների համար, իրենց տնամերձ տարածքներում մշակում են տեղական սորտերը: «Այստեղ կա երկկողմանի շահագրգռվածություն՝ արտադրողի եւ սպառողի: Արտադրողը դրսի սերմերը ավելի ընդունելի է համարում, որովհետեւ ինչ-որ չափով դրանք մեր տեղական սորտերին գերազանցում են՝ ավելի դիմացկուն են հիվանդությունների նկատմամբ»:

Նա նաեւ հայտնում է, որ տեղական ապրանքը ներկայումս շուկայում ավելի էժան է, քան ներմուծվածը: Սպառողը չի կարողանում զանազանել տեղական սորտի մթերքը ներմուծված մթերքից: Հույս ունի, որ կգա ժամանակ, երբ հայ սպառողը կկարողանա զանազանել տեղական սորտի լոլիկը: Եվ շուկայում այն ավելի բարձր արժեք կունենա, քան արտասահմանից ներկրվածը:

Փոխնախարարը նաեւ ներկայացրեց մի անվանացանկ, որտեղ ներկայացված էին տեղական լոլիկի, վարունգի , պղպեղի, սմբուկի, տարբեր այլ բանջարեղենների սորտերը, որոնք ամեն տարի կարելի է ձեռք բերել եւ օգտագործել:

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031