Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Պիպոյան. «Գները թանկացել են և օր օրի շարունակում են թանկանալ»

Օգոստոս 22,2013 15:05

«Սպառողական շուկայում չկա մի ոլորտ, որն ամբողջությամբ կարգավորված է»,- այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Նրա կարծիքով՝ տրանսպորտի ոլորտը կամայականությունների ամենավառ ապացույցն է.  «Սկզբում նստելավարձը դարձրեցին 150 դրամ, հետո այդ որոշումը կասեցրին՝ առանց մեկնաբանություն տալու կամ հերքելու հիմնավորումները: Հասարակության պահանջը միայն  100 դրամը չէր: Խնդիրը այստեղ այն է, որ անգամ 100 դրամ վճարելու դեպքում երթուղիները շահագործող կազմակերպությունները գերշահույթ են ունենում»:

Հանրային լսումների մասին խոսելիս` պարոն Պիպոյանը նշեց, որ այժմ հանրային լսումները ոչ մի կապ չունեն իրական հանրային լսումների հետ: «2010 թվականից մենք ունենք հանրային լսումներ անցկացնելու կարգ, սակայն այդ կարգին չեն հետևում: Սկզբում ասել են, որ բոլոր ցանկացողները կարող են մասնակցել, իսկ այժմ ասում են, որ մենք կքննարկենք, հետո կտեղեկացնենք: Հիմա ով ինչ ուզի, պետք է անի՞»,- ասաց հ/կ-ի նախագահը:

Ասուլիսի ընթացքում Բաբկեն Պիպոյանը խոսեց նաև դրոշմակնիքների մասին. «Առաջին հայացքից թվում է, թե դրոշմակնիքների հարցը դրական գործընթաց է, քանի որ 2-3 դրամ վճարում են դրոշմակնիքի համար, տնտեսությունը ստվերից դուրս է գալիս և սպառողը շահեկան դիրքում է հայտնվում: Ավելին՝ պետությունը պլանավորել է այնպես, որ առաջիկայում այդ գումարները պետք է վերադարձնեն տնտեսավարողներին: Սակայն մի քանի օր հետո գները թանկացան, և ոչ մեկը չասեց` եղբայր, դուք ստվերում եք եղել, որ գին եք թանկացնում: Այդ երկու դրամը պետությունը ձեզ հետ է տալու: Գները թանկացել են և օր օրի շարունակում են թանկանալ»:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ-ի նախագահը նշեց, որ դրոշմակնիքների արդյունքում, օրինակ, գարեջուրը թանկացել է 30-40 դրամով, բարձրացել է նաև գազավորված ըմպելիքների և սուրճի որոշ տեսակների գները: «Ստացվում է այնպես, որ բարձրացնում են դրոշմակնիքի հարցը, սակայն չեն հետևում հետագա գործընթացին, իսկ արդյունքում տուժում է սպառողը: Լավ է, որ փորձում են ստվերից դուրս բերել, բայց այդ ամենը պետք է պրոֆեսիոնալ ձևով անել, իսկ սա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է: Առաջին հերթին մենք պետք է հանձնաժողով ունենանք, որը կզբաղվի գների վերահսկողությամբ»,- ասաց պարոն Պիպոյանը:

Բաբկեն Պիպոյանը նշեց, որ ուսումնասիրություն են կատարել նաև մաքրող, լվացող միջոցների շուկայում, ինչի արդյունքում պարզվել է, որ ապրանքների գերակշռող մասը վաճառում են առանց մակնիշավորման,  այն դեպում, երբ տուփերի վրա բազմաթիվ մարկետինգային  հնարքներ կան. «Եղել են դեպքեր, երբ տուփի վրա մեծ գրված է «Յոթը մեկում», իսկ ներքևում փոքր և ռուսերեն տառերով նշված է` «Լվանում է յուղը, լվանում է յուղը բաժակի վրայից, լվանում է յուղը ափսեի վրայից, լվանում է յուղը սեղանի վրայից և այլն»: Սա մարկետինգային հնարք է, որը մոլորեցնում է սպառողին»:

Անդրադառնալով կոսմետիկ միջոցների ուսումնասիրությանը` պարոն Պիպոյանը նշեց, որ դիմել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչությանը, սակայն վերջիններս չեն պատասխանել այն հարցին` արդյոք այսօր վաճառքում գտնվող կոսմետիկ միջոցները վտանգավո՞ր են, թե՞ ոչ: «Անգամ վերահսկողություն իրականացնող մարմինը չգիտի՝ իրացվող ապրանքը անվտա՞նգ է, թե՞ ոչ»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:

Ինչ վերաբերում է Գումի շուկային, «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ-ի նախագահը նշեց, որ այդ ոլորտը երբեք չի կարգավորվել, սակայն ներկայումս այն անգամ ռեգրես է ապրել. «Գումի շուկան փորձեցին կարգավորել 2011 թվականին: Սակայն այսօր պետք է ասեմ, որ Գումի շուկան ոչ թե 2011-2012 թթ. վիճակում է, այլ այնտեղ 2009-2010 թթ. իրավիճակն է: Փոխանակ գնար դեպի կայունացում, այն ռեգրես ապրեց, իսկ երբ համակարգը ռեգրես է ապրում, ապա այն կարգավորելը կամ վերականգնելը շատ ավելի բարդ է դառնում»:

Լուսինե ՇԱԽԱԶԻԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031