Լրահոս
Օրվա լրահոսը

Շ.Քոչարյանն ակնկալում է հայ ռազմագերու շուտափույթ վերադարձը, իսկ սոցապնախարարն էլ մոռացել էր թոշակների ուշացումները

Օգոստոս 22,2013 14:53

Ադրբեջանում գերի ընկած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին վերադարձնելու համար, ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտգործփոխնախարար Շավարշ Քոչարյանը, բոլոր ուղղություններով ու մակարդակներով աշխատանքներ են տանում եւ ակնկալում են զինծառայողի շուտափույթ վերադարձը: Իսկ թե ինչպես կվերադարձվի հայ գերին. փոխանակմա՞ն միջոցով, թե՞ այլ միջոցներով, փոխնախարարն ասաց, կարեւորը դա չէ. «Մնացածը դետալներ են, մեզ համար էական է, որ ինքը վերադառնա»:

Պարոն Քոչարյանը վստահեցրեց, որ եւ զանգեր են արվում, եւ հանդիպումներ, եւ ոչ միայն արտգործնախարարությունն է զբաղվում, այլ բոլոր այն կառույցները, որոնք որեւէ կերպ կարող են գործին աջակցել:

Այսօր կառավարության նիստից հետո աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք սեպտեմբերին էլ կենսաթոշակների վճարումները չե՞ն ուշացվի: Իսկ նախարարը նույնիսկ զարմացավ` «Իսկ թոշակները ե՞րբ են ուշացրել»: Լրագրողները նախարարին հիշեցրին օգոստոսի սկզբի ուշացումները, երբ հազարից ավելի կենսաթոշակառուներ խնդիրների էին ունեցել, որին ի պատասխան՝ պարոն Ասատրյանն ասաց, որ այդ ամսվա առաջին աշխատանքային օրը օգոստոսի 5-ն էր, ֆինանսավորումը կատարվել է հենց այդ օրը, իսկ վճարումները ամսի 5-6-ին:

Լրագրողներից մեկի հարցին, թե` վարչապետը նախորդ նիստերից մեկում նշել էր, որ կենսաթոշակների վճարման նոր համակարգում ներքին դիմադրություն կար, ովքե՞ր են այդ դիմադրողները, նախարարն ասաց` «Ովքեր, որ իրականացրել են որեւէ խնդիր, նրանք բոլորը ստացել են համապատասխան կարգապահական պատիժներ: Տվյալ գործընթացը շարունակվում է: Խնդիրը շատ պարզ է, նոր համակարգը, ես հնարավորություն ունեցել եմ բազմիցս նշելու, ստեղծել է նաեւ նոր պահանջներ: Պետք է աշխատանքները կատարվեն բացառապես տեղեկատվական համակարգի շրջանակներում, եւ սուբյեկտիվ որոշումները նվազագույնի են հասցված: Բնական է, որ սա ոչ բոլորին է դուր գալիս, բայց դրանք կառավարելի խնդիրներ են եւ լուծումներ են ստանում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031