Այս պահին Կոմիտասի հինգ հասցեում լարված իրավիճակը դեռ շարունակվում է:
Ոստիկանների բռնի ուժով շինհրապարակից դուրս հանված տասից ավելի ակտիվիստները գոռում են՝ «Թույլ չենք տալու այստեղ ապօրինի շինությունները», «Մենք ենք տերը այս երկրի»:
Ակտիվիստների դուրս գալուց հետո շինարարները փորձում են վերսկսել շինարարությունը, իսկ բնակիչներն ու ակտիվիստները ամոթանք են տալիս շինարարներին: Ոստիկանները փակել են շինհրապարակի, հարակից շենքի մուտքը եւ չեն թողնում քաղաքացիներին ելումուտ անել:
Հավաքվածները սպառնում են՝ հենց վերսկսվի շինարարությունը, իրենք փակելու են փողոցը, դիմելու են կտրուկ քայլերի: Ակտիվիստներից մեկն էլ, ով գաղտնի հետեւում է շինհրապարակում տեղի ունեցող գործողություններին, հենց նոր փոխանցեց հավաքվածներին, որ բանվորներին ներսում ստիպում են աշխատել: Հավաքվածները միաբերան գոռում են՝ կեցցեն բանվորները, բանվորներ, միացեք մեզ:
Քիչ առաջ վատացած եւ հենց փողոցի կենտրոնում ընկած ակտիվիստի առողջական վիճակը լավ է: Նա ակտիվիստների հետ երգում է: Նա չցանկացավ զրուցել կատարվածի մասին, միայն վստահեցրեց, որ ոստիկանների հարվածից չի ընկել, ինչպես ավելի վաղ հայտնել էին ականատեսները:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շինհրապարակից դուրս հանված ոչ մի ակտիվիստի ոստիկանություն բերման չեն ենթարկել:
Կոմիտասի 5 հասցեում հավաքված բնակիչների եւ ակտիվիստների հետ բանակցելու է գալիս փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ