Լրահոս
Օրվա լրահոսը

Խոզապահներից պրծան, հիմա էլ սկսել են խփել կարտոֆիլագործների բիզնեսի՞ ն

Օգոստոս 22,2013 13:53

Տևական ժամանակ է` Շիրակի մարզի գյուղացիների շրջանակում լուրեր են պտտվում այն մասին, որ հայ որոշ օլիգարխներ սկսել են մեծ քանակությամբ կարտոֆիլ ներկրել այլ երկրներից, մասնավորապես Իրանից: Որպես ներկրող` շոշափվում է նաև Ախուրյանի շաքարի գործարանի սեփականատեր, ԱԺ օլիգարխ -պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անունը: Այսօր Aravot.am-ը կարտոֆիլագործությամբ զբաղվող ամենամեծ գյուղի` Ազատանի ավագանու անդամ Գևորգ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են իրական այդ տեղեկությունները, գյուղացին սեփական կաշվի վրա զգո՞ւմ է ներկրման վնասները: «Չեմ կարող ասել, որ դա 100 տոկոսանոց տեղեկություն է, քանի որ գործի վրա չեմ բռնել ձեռքերը, բայց իմ ականջին էլ է կպել, գյուղում էլ մարդիկ խոսում են այդ մասին ու ի սրտե զայրանում: Ես ուղղակի չեմ հասկանում էս երկրի չինովնիկներին, նրանք ուզում են, որ նորմալ գյուղատնտեսություն չլինի՞ ու վերջ: Քանի որ կարտոֆիլը, անցած տարվա հետ համեմատ, այս տարի շուկայում մի քիչ ավելի լավ է վաճառվում, դժգոհ չենք, սպառվում է, հայրենասիրությամբ տառապող մեր օլիգարխները սկսել են անմիջապես իրար խառնվել: Թվերով բացատրեմ, ամենաորակյալ կարտոֆիլը գյուղացուց տանում են 130-140 դրամով, շուկայում բնականաբար այն վաճառվում է ավելի թանկ, ասենք 160-170 դրամ: Փող աշխատելու գայթակղությանը չեն դիմանում, բերում են Իրանից էժան գներով ու տեղական արտադրանքի տակ փող աշխատում:Բայց, իհարկե, էստեղ մի մեծ վտանգ կա. գյուղացուն խուճապի տակ են պահում, ահավոր վիճակ են ստեղծում, ուզում են իրենք դառնան շուկայական գնի թելադրողը, այնպես անեն, որ գյուղացին ի վերջո հրաժարվի հող մշակելուց: Դա փաստ է, որ կարտոֆիլ ներկրում են, եթե շատ քանակությամբ ներկրեցին, բնականաբար մեր գործին խփելու են, եթե այս պահին վաղահաս ապրանքը մնաց դաշտերում, աշնանը նորից անկում է լինելու: Էս ի՞նչ խաղեր են, վերջը էս երկրում վերահսկողություն պետք է սահմանվի, թե՞ ոչ: Սա մի նպատակ ունի, շուկայի գները իրենք թելադրեն, հո՞ էս երկրում պատահական մարդկանց չեն թողնում ապրանք ներկրելու, ենթադրենք մի 10 հոգի կարտոֆիլ ներկրի, պարզ է , որ 10-ն էլ արտոնյալ են, 10-ն էլ իրար հետ մոտիկ, ոնց ուզեն, էն գինն էլ կթելադրեն: Իրանից կարտոֆիլ բերելն ի՞նչ է, մի 25 տոննանոց բեռնատարով էլ բարձած կբերեն, թող տեղի արտադրողը մտածի, ի՞նչ է եղել որ»,- նեղվեց մեր զրուցակիցը :Քանի որ ներկրողների մեջ շոշափվում է նաև Ախուրյանի շաքարի գործարանի սեփականատիրոջ անունը, սա Գևորգ Աբրահամյանին ենթադրելու այլ տեղիք է տալիս: «Երևի այս մարդը ուզում է, որ մենք ` Շիրակի դաշտավայրի կարտոֆլիգործներս, կարտոֆիլ չցանենք, իրա ներկրածի պատճառով տուժվենք, որպեսզի մտածենք ճակնդեղ ցանելու ու իր գործարանին հումք տալու մասին: Չարաչար սխալվում է, թե կոնկրետ ազատանցին կարտոֆիլագործությունը կփոխարինի ճակնդեղագործությամբ, էն էլ իր առաջարկած գնի դիմաց, երբ որ հանապազօրյա հաց անգամ չես կարող վաստակել, եկամտաբեր չէ: Սամվել Ալեսքանյանը ինքը վերցրեց Արևիկի ամենաբերրի հողերը, ճակնդեղ ցանեց, բայց նորմալ բերք չստացավ, որովհետև չկարողացավ նորմալ մշակել: Էլ մեզանից ի՞նչ է ուզում, հո որևէ մեկին չե՞ս կարող պարտադրել, թե ախպեր ջան կարտոֆիլ մի ցանի, ճակնդեղ ցանի: Խորապես հիասթափված եմ , էսպես չի կարող շարունակվել, չեմ հասկանում, չեն ուզո՞ւմ հարուստ գյուղ ունենալ, եթե գյուղը հարուստ չեղավ, քաղաքի բնակիչները սովից կմեռնեն, միգուցե ասելիքս կոպիտ եմ ձևակերպում , բայց դա է փաստը»,- ասաց մեր զրուցակիցը: Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ  Ամասիայի գյուղացիներն էին բողոքել Սամվել Ալեքսանյանի դեմ` խոզապահների գործին խփելու համար: 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031