Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայկական եկեղեցական աթոռների միջեւ ծագած վեճը միլիոնավոր դոլարների շուրջ է պտտվում»

Օգոստոս 22,2013 14:15

Ըստ ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանի, Գյուլի հայտարարության իրագործումը՝ Ստեփանակերտում թրքալեզուների համաժողով անցկացնելու մասին, սարերի ետեւում չէ

– Վերջին շրջանում Հայ առաքելական եկեղեցում ծագած խժդժությունները» լայն արձագանք են ստացել: Ձեր տպավորությամբ, որտեղի՞ց է գալիս եւ ո՞ւր է տանում:

– Իմ կարծիքով, սա մեզ պետականությունից զրկելու ծրագրի մի մասն է: Դա լրջագույն ծրագիր է, որը մարդիկ իրագործում են հետեւողականորեն: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, երբ նախագահական ընտրություններում 90 տոկոս ձայն ստացած Կարեն Դեմիրճյանն այդպես էլ նախագահ չդարձավ: Հետո պետք է ձայների բացարձակ առավելությամբ նախագահ չդառնար Ստեփան Դեմիրճյանը, ապա՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ու այդ համատեքստում էր, որ բոլոր պրեսկոտատիպերը հաստատում էին Հայաստանում չընտրված նախագահներին:

– Ի՞նչ կապ ունեն ընտրությունները՝ հոգեւոր առաջնորդների ներկայիս վեճի հետ:

– Ադոլֆ Հիտլերն ասում էր, որ սլավոնական ազգերը պետք է չունենան օպերա, ասում էր՝ մշակույթից ու հոգեւորից նրանց պետք է զրկենք, որ հոգեւորը չամրապնդվի: Հիշենք նաեւ անցյալ դարի 50-ականներին Էդվարդ Գուվերի հայտնի ճառը, թե ինչպես պետք է կործանել Սովետական միությունը՝ արմատացնելով գործազրկությունը, անբարոյականությունը ու պետք է աշխատել, որ դա գրականությամբ ու ֆիլմերով նաեւ անչափահասների շրջան թափանցի:

Նմանատիպ ծրագիր իրականացվում է այսօր՝ զրկելու համար մեզ պետականությունից: Ու թույլ չտրվեց, որպեսզի Հայաստանն ունենա ընտրված նախագահ, քանի որ չընտրված նախագահը ժողովրդի հենարանը չէր ունենալու. նրան անմիջապես շրջապատելու էին տզրուկներ, թունավոր սնկեր եւ ամեն տեսակի կենդանիներ, որոնց ձեռքերով կատարվել է կեղծիքը: Իսկ չընտրված նախագահը բմբուլի պես մի բան է, ով անգամ մարդ սպանած հանցագործին չի կարող պատժել: Դա արդեն մեզ պետականությունից զրկելու հիմքերի հիմքն է: Գործազրկությունը, իրավունքի չկիրառումը, դրա մասնակի կիրառումը միայն կլանների ներսում, հիմք են դառնում, որպեսզի մեր հայրենակիցները լքեն իրենց բնօրրանը: Եվ եթե այսպես շարունակվի, 4-5 տարի հետո մենք ընդհանրապես պետություն չենք ունենա: Ադրբեջանցիների հաշվարկներով, 10-12 տարի հետո Հայաստանում կմնա 600-700 հազար մարդ:

– Լավ, ի վերջո, ի՞նչ կապ ունի այս ամենի հետ եկեղեցին:

– Իմ թվարկածներն առ ոչինչ են, եթե ՀՀ քաղաքացին հոգեւոր է: Բայց այդ ամենին զուգահեռ, ծրագրի հեղինակները սկսեցին աշխատել Հայ առաքելական եկեղեցին ներսից քայքայելու վրա՝ օգտվելով նրանից, որ եկեղեցին երկու հատվածի է բաժանված: Ի պատիվ Արամ Ա-ի, նա իրեն, համենայնդեպս, 2008 թվականի մարտյան իրադարձությունների ժամանակ, պահեց հոգեւոր առաջնորդի նման եւ չդարձավ տիրող կլանի խամաճիկը: Ցավոք, Վեհափառին ստիպեցին, որ նա ձայն չհանի: Ավելին, զոհերի քառասունքի օրը գնա եւ օծի չընտրված նախագահին: Այդտեղ արդեն պառակտման հիմքը դրված էր: Հենց Վեհափառին կտրեցին ժողովրդից, սկսեցին տարբեր կարծիքներ հնչել, այն էլ այն դեպքում, երբ նա հսկայածավալ շինարարություն է սկսել Մայր Աթոռի հարակից տարածքում եւ միայն հիվանդանոցը, երբ շահագործման հանձնվի, մեծ նվեր կլինի հայ ժողովրդին: Ինչեւիցե: Վեհափառը տեղի տվեց եւ չկարողացավ ընդդիմանալ: Պառակտումը սկսվեց՝ օգտագործելով ձեռքի տակ եղած տեղեկատվությունը: Դրսում, հատուկ ծառայությունները լրջագույն տեղեկություններ ունեն ցանկացած հոգեւորականի մասին, այդ թվում նաեւ Հայ առաքելական եկեղեցու սպասավորների:

– Այսի՞նքն:

– Գիտեք, շատ հեշտ է հավաքագրել դրսում հոգեւորականին, ասենք կաթոլիկ եկեղեցու սպասավորին, որը միասեռական է կամ մանկապիղծ: Այդ ամենը կատարվում է հատուկ ծառայությունների ուշադիր հայացքի ներքո: Իսկ սրբազանի վեղարի տակ ծպտված բազմաթիվ սրիկաներ ու որկրամոլներ կան՝ շահի ու պերճանքի ետեւից ընկած: Նման մարդկանց հավաքագրելն ու ուղղորդելը դառնում է խրթին հարց: Եթե մենք ունենք նման հոգեւորականներ, սրբազաններ, ինչ-որ իքս պահի շատ դյուրին կլինի նրանց ոտքի հանել՝ ընդդեմ Մայր Աթոռի, ինչի ականատեսը այսօր մենք լինում ենք ձեզ հետ:

Մեզ զրկեցին տնտեսությունից, զրկեցին ՀՀ քաղաքացուց (նախանցյալ տարի Էրդողանը 6000 պոռնիկ հայ է արտաքսել Թուրքիայից), զրկեցին մշակույթից, հիմա արդեն հասան հոգեւոր կապին: Հայաստանով մեկ թունավոր սնկի նման աճում են տարաբնույթ աղանդներ, եւ Հայ առաքելական եկեղեցին այդ ամենից մնացել է կողք, որովհետեւ ինքը ներքին խնդիրներ ունի: «Գլխավոր դիրիժորը» խնդիր ունի հայ ազգին հովվից, հոգեւորից զրկելու: Անտուն, անաշխատանք, հոգեւորից զրկված եւ ազգություն չունեցող հայ է նրանց պետք: Ինչն էլ այսօր իրագործվում է:

– Բայց Մայր Աթոռն ինքը կարծես հենց նպաստել է այդ հոգեւոր պառակտմանը:

– Այո: Ըստ իս, այստեղ լրջագույնս աշխատել է վախի գործոնը:  Ամեն մեկն իր շահի ետեւից է ընկել: Հայկական եկեղեցական աթոռների միջեւ ծագած վեճը միլիոնավոր դոլարների շուրջ է պտտվում, ու մեր հոգեւոր առաջնորդներին չի հետաքրքրում, թե ո՞ւր կտանի այս ամենը, քանի որ նրանք իրենց շահի ետեւից ընկած մարդիկ են: Ու մեր ազգին օտար «հոգեւոր» կառույցների արմատավորումը կլինի վերջին ակորդներից մեկը:

– Կարծում եք, որ Աբդուլա Գյուլի հայտարարությունը՝ Ստեփանակերտում թրքալեզուների համաժողով անցկացնելու մասին, լո՞ւրջ էր:

– Գիտեք, Թուրքիան լուրջ երկիր է, եւ Թուրքիայի նախագահն էլ հաստատ ցանցառ չի: Նա մի բան ասաց, որի իրագործումը սարերի ետեւում չէ, իսկ մենք մեր ներսում դեռ մարդասպանին ենք պաշտպանում եւ թույլ ենք տալիս համատարած թալանը:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031