Լրահոս
Օրվա լրահոսը

Եղբոր դիմումի հիման վրա մեղադրվող վանաձորցու նկատմամբ Վերաքննիչը արդարացում հաստատեց

Օգոստոս 22,2013 14:00

Նա մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ   զբաղվելու մեջ

ՀՀ վերաքննիչ դատարանը օրինական ուժի մեջ է թողել Վանաձորի բնակչուհի Աստղիկ Հովհաննիսյանի նկատմամբ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած արդարացման դատավճիռը:

Աստղիկ Հովհաննիսյանը մեղադրվում էր ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ, ինչի հետեւանքով պետությանը պատճառվել էր առանձնապես խոշոր չափերի վնաս: Նրան մեղադրանք էր առաջադրվել հարազատ եղբոր դիմումի հիման վրա:

Համաձայն մեղադրական եզրակացության` Աստղիկ Հովհաննիսյանը 2005-2009 թվականների ընթացքում, առանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցման եւ հարկային մարմիններում հաշվառման, Վանաձոր քաղաքի Թումանյան 1 հասցեում տեղակայված տարածքն օգտագործել է որպես սրճարան եւ իրականացրել հասարակական սննդի սպասարկման գործունեություն, ստացել հասույթ, այսինքն` իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն, որով պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափի՝ 7,440,000 դրամի վնաս, որից 7.200.000 դրամը՝ որպես հաստատագրված վճար, իսկ 240.000 դրամը՝ որպես պետբյուջե վճարման ենթակա պարտադիր սոցապահովության վճար։

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը, սակայն, կայացրած վճռով Աստղիկ Հովհաննիսյանին անմեղ էր ճանաչել, արդարացրել նրան` վերացնելով խափանման միջոցը, ինչպես նաեւ գույքն ազատել արգելանքից:

Համաձայն չլինելով արդարացման դատավճռի հետ` մեղադրող դատախազը բողոք էր բերել ՀՀ վերաքննիչ դատարան:  Վերջինս, սակայն, մերժել է մեղադրողի բողոքն ու օրինական ուժի մեջ թողել իր նախորդի կայացրած վճիռը:

«Դատավորը ճիշտ գնահատեց գործում առկա ապացույցները եւ արդարացման դատավճիռ կայացրեց: Վճռաբեկ բողոք լինելու դեպքում մենք պատասխան  կներկայացնենք»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Աստղիկ Հովհաննիսյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Նրա փոխանցմամբ՝ պաշտպանական կողմը ի սկզբանե բարձրաձայնել էր իր պաշտպանյալին վերագրվող արարքում հանցագործության դեպքի բացակայության մասին:

«Պաշտպանական կողմը ի սկզբանե գտնում էր, որ Աստղիկ Հովհաննիսյանին վերագրվող արարքում բացակայում է հանցագործության դեպքը: Հարկային տեսչության աշխատակիցների, քաղաքապետարանի, համատիրության, ոստիկանության, հարկային ոստիկանության, աշխատանքի պետական տեսչության եւ մի շարք այլ հիմնարկներից ստացված գրությունների համաձայն` այդ օբյեկտն այդ ժամանակահատվածում որպես գործող սրճարան չի աշխատել: Վանաձորի հարկային տեսչության աշխատակիցները դատարանում ցուցմունքներ տվեցին, նաեւ պաշտպանի հարցմանն ի պատասխան՝ հրավիրվեցին եւ հարցաքննվեցին այդ շենքի բնակիչներ, կողքի շենքի բնակիչներ, դիմացի շենքի գործող օբյեկտների աշխատողներ, ցուցմունքներ տվեցին, որ այդ սրճարանը չի աշխատել»,- դատաքննության ընթացքում պաշտպանական կողմի կատարած աշխատանքների եւ արդյունքների մասին է պատմում փաստաբանը:

Նա տեղեկացնում է, որ վերոնշյալ սրճարանը սկզբում պատկանել է Աստղիկ Հովհաննիսյանի մորը, ապա եւ 2010 թվականին նվիրատվությամբ փոխանցվել իր պաշտպանյալին:

Փաստաբանը մանրամասնում է, որ համաձայն չլինելով նման որոշման հետ` Աստղիկ Հովհաննիսյանի եղբայրը, քույրն ու քրոջ աղջիկը որոշել են դիմել պետական կառույցների եւ հաղորդում ներկայացրել նրա դեմ:

«Իմ պաշտպանյալի հասցեին հնչեցրած բազմաթիվ սպառնալիքներից, վիրավորանքներից եւ զրպարտություններից հետո նրանք որոշել էին այդկերպ հարցին լուծում տալ: Նրանց նպատակը մեկն է եղել, ցանկացել են, որ քույրը դատապարտվի ազատազրկման, իրենք էլ կարողանան այդ օբյեկտը իրենցը դարձնել»,- եզրափակում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031