Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ կինոն բոլորին հասանելի լինել չի կարող այնպես, ինչպես օպերան»

Օգոստոս 22,2013 13:50

Վերջին շրջանում «Առավոտը» քանիցս զրուցելով տարբեր սերունդների կինոգործիչների հետ, հանգել է հետեւյալ եզրակացության. մերոնք մշտապես բարձրացնում են հայ կինեմատոգրաֆին վերաբերող նույն հարցադրումն երը՝ առանց հստակ լուծումներ առաջարկելու: Օրինակ, այն խնդիրները, որոնց պատճառով մեր կինոն թույլ է, իրականում դեռ չեն լուծվել կամ այսօր եթե հայ կինոն զարգանում է, ապա այդ ուղին ընթանում է այլ ուղղությամբ: Անկասկած, կա զարգացում մեր կինոյում, կան շնորհալի կինոգործիչներ, ովքեր այս ծանր վիճակում  ֆիլմեր են արտադրում: Դրանք չնկատել չի կարելի, բայց ասել, որ դա զարգացում է, չենք կարող: Հույս ունենալով, որ գուցե երիտասարդ կինոգործիչները լուծում կառաջարկեն այս հարցում, «Առավոտը» զրույցի հրավիրեց կինոռեժիսոր, արձակագիր Արեգ Ազատյանին:

Երիտասարդ արվեստագետը դեռեւս 17 տարեկանում ուսանելով Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի 2-րդ կուրսում, մասնակցել է Ռոտերդամի հեղինակավոր միջազգային փառատոնին՝ «Էշը» կարճամետրաժ նկարով, որին հետագայում հաջորդել են եւս երեքը, որոնք մասնակցել են շուրջ 40 միջազգային կինոփառատոների, այդ թվում՝ Ռոտերդամի, Փարիզի, Սան Պաուլոյի, Բուխարեստի, Տրիեստի, Բարսելոնի, Մադրիդի, ինչպես նաեւ մեր «Ոսկե ծիրանին» եւ այլն: Վերջերս էլ խոսակցություններ են պտտվում, թե կինոռեժիսորը  ավարտել է իր առաջին լիամետրաժ՝ «Ռոմանտիկները» ֆիլմի նկարահանումները, որն ունի համարձակ սյուժե:

Մեզ հետ զրույցում Արեգը նախ ասաց, որ «Ռոմանտիկների» սցենարն ու ռեժիսուրան պատկանում են իրեն եւ կնոջը՝ կինոռեժիսոր Շողիկ Թադեւոսյանին, հավելելով, թե այդ նկարի աշխատանքները սկսել են 2012-ին, եւ այն արժանացել է շվեդական Գյոթեբուրգի կինոփառատոնի հիմնադրամի կողմից սցենարի առաջխաղացման ֆինանսական աջակցությանը, որին հետեւել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի նմանօրինակ գործընթացը: Այս պահին ֆիլմը հետարտադրական փուլում է, իսկ ավարտին կհասցվի տարեվերջին: Դիտարկմանը՝ ծանոթ լինելով մեր զրուցակցի ծնողների՝ ճանաչված եւ միջազգային կինոմրցանակաբաշխություններում աչքի ընկած ռեժիսորներ Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի արվեստին, տպավորություն է ստեղծվել, թե նրանք հիմնականում արտադրում են փառատոնային ֆիլմեր, որոնք մեզանում լայն տարածում չեն գտնում, Արեգը պատասխանեց. «Երկու գործոն է առկա: Նախ պարզենք, թե ինչ ասել է փառատոնային կինո եւ ինչ է նշանակում հասարակության մեջ լայն տարածում չգտած կինո: Օրինակ, օպերային եւ փոփ երգարվեստում հանդիպում ենք իսկապես տաղանդավոր երգիչների, բայց վստահ եմ, որ ոչ մեկը չի կարող հերքել, թե օպերան, այնուամենայնիվ, լայն մասսաների համար չէ: Կամ՝ բոլորս տարրական պատկերացումներ ունենք բժշկության մասին եւ ոչ մեկս չի կարող նեղվել, եթե ասենք, թե այս կամ այն դեղի բաղադրությունից ոչինչ չենք հասկանում. դա զուտ դեղագործների մասնագիտական խնդիրն է: Բայց, չգիտես ինչու, շատերի մոտ թյուր կարծիք կա, որ, տպավորիչ ասած՝ լավ կինոն պետք է լինի բոլորին ընկալելի: Եկեք վերջապես հստակեցնենք մի բան, որ փառատոնային կինոն չի կարող լայն հնչեղություն ստանալ հասարակության լայն շրջանում»: Մեր զրուցակիցը նշեց, թե ինքը 5 տարեկանից ծնողների հետ  «մասնակցում» է հեղինակավոր կինոփառատոների եւ կարող է փաստել, որ նրանց վերջին աշխատանքներից «Անառակ որդու վերադարձը» ֆիլմը, որը թեեւ փառատոնային է, այդուհանդերձ 2009թ. մեծ լսարան ապահովեց մեզանում, նույնիսկ կինովարձույթի հանվեց: Արեգի խոսքերով՝ դրան նպաստեց երկու գործոն. առաջինը՝ թեման համամարդկային էր՝ մի հայ ընտանիքի ողբերգություն մեզ հայտնի քրիստոնեական առակի համատեքստում եւ երկրորդը՝ ճիշտ գովազդը: Հավելեց նաեւ, որ սեպտեմբերի 7-ից մեծ էկրան կբարձրանա ծնողների նոր ֆիլմը՝ «Ապակե կախազարդը» եւ, իր համոզմամբ՝ այն նույնպես կունենա մեծ լսարան:

Անդրադառնալով մեր դիտարկմանը, թե իր որոշ գործընկերներ գտնում են, որ եթե նույնիսկ հայ կինոն զարգանում է, ապա՝ սխալ ուղղությամբ, Արեգն ասաց. «Մենք ժամանակակից հայ կինոյի մասին խոսելիս նախ պետք է հաշվի առնենք, թե այն ունի ընդամենը  20 տարվա պատմություն: Հաճախ շրջանառվող այն միտքը, թե խորհրդային տարիներին ստեղծված կինոն հասու է լայն մասսաներին ու սիրված, մոռանում ենք, որ այդ ֆիլմերը խորհրդային տարիներին ձեւավորված կինոհամակարգի արդյունք էին, իսկ այդ նույն  ֆիլմերի սիրված լինելն այսօր, ես կասեի՝ վիճահարույց է: Ընդհանրապես, որեւէ ֆիլմ պիտակավորելուց առաջ կինոհանդիսատեսը պետք է ունենա համապատասխան գիտելիքներ»: Երիտասարդ արվեստագետը հայտնեց նաեւ. «Անձամբ ես զերծ եմ հայկական որեւէ ֆիլմ պիտակավորելուց: Վերջին շրջանում իսկապես ստեղծվել են հաջողված ֆիլմեր: Ես այն արվեստագետներից չեմ, ովքեր միայն քննադատում են ու պետք է նշեմ, որ հայ կինոյում կա առաջխաղացում, կան լավ գաղափարներ ու նոր անուններ, որոնք առաջիկայում կներկայացնեն մեր կինոյի «Նոր ալիքը» աշխարհում»: «Նոր ալիք» ասելով՝ կինոռեժիսորը նկատի ունի 1950-ականների ֆրանսիական կինոգործիչների շարժումը, հանձինս Ժան Լյուկ Կոդարի, Ֆրանսուա Տրյուֆոյի, Կլոդ Շաբրորի եւ այլն:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Լուսանկարում` Արեգ Ազատյանն ու Շողիկ Թադեւոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031