Լրահոս
Օրվա լրահոսը

Ռետրո. Անցյալը պետք է մարսել

Օգոստոս 22,2013 13:32

Ուղիղ 50 տարի առաջ Իտալիայի ֆաշիստական վարչակարգի ղեկավար Մուսոլինին դաժան մահապատժի էր ենթարկվել։ Պարտիզանները նրան կախել էին գլխիվայր եւ հնարավորություն տվել իտալացիներին իրենց ցասումն արտահայտել դուչեի հանդեպ՝ թքել նրա երեսին։ Մուսոլինիի մեղքերը իտալական ժողովրդի, ինչպես նաեւ մարդկության առջեւ իսկապես մեծ էին, եւ նա իր հանցագործությունների համար ստացավ արժանի փոխհատուցումը։

Տարբեր երկրների (նաեւ Հայաստանի) այն գործիչները, որոնք այսօր «ֆյուրերական» հավակնություններ ունեն եւ բացահայտորեն ֆաշիստական գաղափարներ են քարոզում, պետք է, հավանաբար, աչքի առաջ ունենան Իտալիայի պատմության այս դրվագը։ Ազգային անհանդուրժողականության քարոզը ու ձրի ուտելիքների խոստումները կարող են որոշ ժամանակահատվածում ոգեւորել զանգվածներին, սակայն նման գործելակերպի վախճանն այնքան ողբերգական է լինում, որ նույն զանգվածների մոտ ցանկություն է առաջանում թքել այդ քաղաքականության հեղինակների երեսին։

Ֆաշիզմը եւ կոմունիզմը տապալվեցին այն պատճառով, որ նրանք անզիջում հեղափոխական պայքար էին ծավալել նախորդ վարչակարգերի, իրենցից առաջ ձեւավորված արժեքների համակարգերի դեմ։ Ագրեսիվ դիրք բռնելով անցյալի հանդեպ, նրանք պատմականորեն դատապարտված էին։

Սակայն ավելի հրատապ եւ կարեւոր է այն հարցը, թե ինչպես ենք մենք հաղթահարում այդ անբնական երեւույթները։ Նո՞ւյնպես անցյալի (մասնավորապես, կոմունիզմի) վրա կոշտ եւ ագրեսիվ հարձակումներ գործելով, անցյալի «երեսին թքելով»։ Հիշենք, թե ինչպիսի խանդավառությամբ էինք լցված, երբ ապամոնտաժվում էր Լենինի արձանը Երեւանում։ Ոգեւորություն ապրող զանգվածը արդյո՞ք իրեն չէր դրսեւորում որպես լենինյան պատգամների հետեւորդ։ Պաշտոնական դրական վերաբերմունքը իր տեղը զիջեց անպաշտոն ատելության, արդյո՞ք դրանից փոխվել է երեւույթի էությունը։

Անցյալի հեղափոխական ժխտումը կարող է ունենալ առավել կամ պակաս վայրագ դրսեւորումներ։ Ֆրանսիայի մսավաճառները գլխատեցին Լյուդովիկոս XVI-ին, չեկիստները Լենինի հրամանով գնդակահարեցին Նիկոլայ II-ի ընտանիքին, իտալական պարտիզանները գլխիվայր կախեցին Մուսոլինիին։ Ինչպես վերջերս գրեց մի ռուս հրապարակախոս, մեկ մարդու բռնությունը կոչվում է «հանցագործություն», իշխանությունների բռնությունը՝ «պետական անհրաժեշտություն», իսկ զանգվածներինը՝ «հեղափոխություն»։ Բարեբախտաբար Հայաստանը կարողացավ խուսափել նման ցնցումներից, եթե չհաշվենք բոլորիս հիշողության մեջ մնացած մանր, բայց ցավալի ու անպատվաբեր միջադեպերը։ Բայց ժխտողական միտումը, որը դաստիարակվել էր հատկապես վերջին 70 տարվա ընթացքում, դեռեւս մնացել է մեր հոգեբանության մեջ։ Ցանկացած քաղաքական հոսանք, որի էությունը կարելի է բնութագրել «հակա» մակդիրով, դատապարտված է պարտության։ Լիբերալիզմի էությունը (միեւնույն ժամանակ ուժը) հենց նրանում է, որ այն ենթադրում է հանդուրժողականություն ցանկացած (այդ թվում նաեւ ոչ լիբերալ) ուղղությունների նկատմամբ։

…Անցյալը անվերադառնալի է։ Այն վերադարձնելու ջատագովները պարզապես կարեկցանքի են արժանի։ Սակայն, դա մեր պատմությունն է, եւ փորձը ցույց է տալիս, որ խելամիտ չի լինի բռունցքներով հարձակվել նրա վրա։ Անցյալի բոլոր դրական եւ բանական դրսեւորումները պետք է տեղադրել այսօրվա  իրականության մեջ: Անցյալը պետք է մարսել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

27.04.1995 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել