Համերգի կազմակերպիչները դեռ չեն մեկնաբանել պատճառները
Օգոստոսի 19-ին Aerosmith-ը պաշտոնապես չեղյալ է հայտարարել մայրցամաքային Չինաստանում եւ Թայվանում փառատոների շրջանակներում կայանալիք իրենց երկու ելույթները: Օգոստոսի 21-ին Հունգքոուի ֆուտբոլային մարզադաշտում կայանալիք ելույթը պետք է Չինաստանում Aerosmith-ի առաջին համերգը դառնար: Խմբի կողմից տարածած պաշտոնական հայտարարության մեջ որպես ելույթները չեղյալ համարելու պատճառ նշվում է այն փաստը, որ կազմակերպիչները չեն կարողացել կատարել պայմանագրային պարտականությունները: Լեգենդար ռոքերները երկրպագուների ներողամտությունն են հայցում օգոստոսի 21-ին Shangai Sonic եւ օգոստոսի 24-ին Թայբեյի Rock Sonic Day փառատոներին չմասնակցելու համար, սակայն հրաժարվելու պատճառների մասին ավելի մանրամասներ չեն տրամադրում:
Վոկալիստ Սթիվեն Թայլերը, մասնավորապես, ասում է. «Մենք խորապես ցավում ենք մեզ նվիրված երկրպագուներին հիասթափեցնելու համար: Նրանք մեզ հյուրընկալեցին իրենց երկրում, սակայն ինչ-ինչ հանգամանքների բերումով մենք ի վիճակի չենք լինի ելույթ ունենալ: Այնքա՜ն ոգեւորված էինք նրանց հետ մեր երաժշտությունը «կիսելու» հնարավորությամբ եւ անհամբեր սպասում ենք, որ մի օր կվերադառնանք ու կնվագենք շոուներ, որոնց նրանք արժանի են»:
Կիթառահար Ջո Փերին էլ հավելել է. «Մենք հիասթափված ենք, քանի որ ցանկանում էինք նվագել մեր երկրպագուների համար: Մենք դրան սպասել էինք ամբողջ կյանքի ընթացքում»:
Կազմակերպիչ ShiningOn Culture ընկերությունը ելույթների չկայանալու մասին դեռեւս պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել: Ի դեպ, Aerosmith-ի առաջին ելույթների համար երկրպագուները ժամանել էին Չինաստանի ողջ տարածքից եւ, ակնհայտորեն, բացի համերգների տոմսերից, նաեւ ինքնաթիռային տոմսեր էին գնել եւ հյուրանոցներ ամրագրել, այնպես որ՝ համերգի չկայանալը կարող է գլխացավանք դառնալ:
Բոսթոնյան ռոքերների հարվածահար Ջոի Քրամերն ասել է, թե «հանգամանքներն ուղղակի մեր հսկողությունից դուրս էին», եւ հույս հայտնել, որ խումբը դեռ հնարավորություն կունենա վերադառնալ տարածաշրջան:
Հիշեցնենք, որ այս տարի Aerosmith-ը ստիպված էր եղել «բեկանել» մեկ այլ համերգ էլ Ինդոնեզիայում` անվտանգության նկատառումներից ելնելով:
Aerosmith-ի ընթացիկ «Global Warming» շրջագայության հաջորդ կանգառը կլինի օգոստոսի 30-ին՝ ԱՄՆ Միլուոկի քաղաքի Marcus ամֆիթատրոնում:
ՀԱՅԿԱԿԱՆ ՌՈՔ ԱՍՈՑԻԱՑԻԱ