Կոմիտասի 5 հասցեում իրավիճակը գնալով թեժանում է, նորանոր կարմիրբերետավորներ են ավելանում տարածքում եւ շրջափակում շինհրապարակը հարող շենքերը:
Այս պահին ոստիկանները պատրաստվում են շինհրապարակից բռնի ուժով դուրսբերել ակտիվիստներին: Այս եւ հարակից շենքերի մուտքը դժվար է հատել անգամ բնակիչների համար, մնում է ոստիկանները անձնագրեր պահանջեն, ճշտեն բնակիչների հասցեները, նոր թողնեն անցնեն:
Արաբկիր վարչական շրջանի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանն էլ արդեն տարածքը վերահսկող ոստիկաններին միացող նոր ոստիկաններին հրահանգում է, թե ով որտեղ կանգնի՝ «չթողնել ոչ մեկի ներս մտնել, անկախ նրանից, թե դրսում ինչ կլինի՝ քաշքշոց ու հրոց»:
Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանն էլ իր շուրջ համախմբված քաղաքացիներին նախապատրաստում է. «Հողատարածք ներխուժած քաղաքացին պարտավոր է ոստիկանության ներկայացուցչի օրինական պահանջով դուրս գալ հողատարածքից»:
Կարդացեք նաև
Այս պահին դարձյալ բախում է ընթանում ոստիկանության հետ, ակտիվիստները փակել են փողոցը: 10-11 ակտիվիստների այդպես էլ չկարողացան բերման ենթարկել:
Մի ակտիվիստ վատացել է, ընկել փողոցի մեջտեղում: Ականատեսների վկայությամբ՝ պատճառը ոստիկանի հարվածն է եղել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ