Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ փոխնախագահը բացատրում է, թե ինչու չի հրապարակվում ասոցացման համաձայնագրի տեքստը

Օգոստոս 22,2013 13:09

Հատված ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ հետ հարցազրույցից:

 -Ինչո՞ւ ասոցացման համաձայնագրի տեքստը չի հրապարակվում՝ անգամ այն բանից հետո, երբ պաշտոնապես հայտարարվեց, որ բանակցություններն այլեւս ավարտված են։ Անգամ ձեր խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը տարակուսանքով հարց է տալիս՝ ինչո՞ւ է գաղտնի պահվում, եթե թաքցնելու բան չկա։

  -Առիթ ունեցել եմ խոսելու այդ մասին, բայց թերեւս արժե եւս մեկ անգամ անդրադառնալ այդ հարցին։

Նախ՝ մենք ունենք օրենք միջազգային պայմանագրերի մասին, եւ մեր բոլոր քայլերն իրականացնում ենք համապատասխան այդ օրենքի պահանջներին։

Երկրորդ՝ յուրաքանչյուր միջազգային պայմանագիր համաձայնեցվում է բանակցությունների արդյունքում, եւ կողմերը բանակցային գործընթացի զարգացմանը համընթաց պետք է գան այն համոզման, որ բանակցային պրոցեսը հասել է մի հանգրվանի, երբ հնարավոր է հրապարակել փաստաթղթի տեքստը։
Այս դեպքում մենք գործ ունենք Եվրամիության հետ եւ, բնականաբար պետք է հաշվի նստենք նաեւ բանակցող կողմի կանոնակարգերի հետ, իսկ ԵՄ կանոնակարգերն այդ իմաստով բավական խիստ են եւ նախատեսում են ծավալուն արարողակարգեր։ Այն պահից, երբ կորոշվի, որ գործընթացն ավարտված է եւ պիտի մտնի հաջորդ փուլ, այդ պահից սկսած՝ պետք է անցնի այդ արարողակարգերով։
Եվ հետո, այնպես չէ, թե Ասոցացման համաձայնագրի ողջ բովանդակությունը «գաղտնի է» հանրության, քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների կամ հանրային սեկտորի ներկայացուցիչների համար։ Եղել են բազմաթիվ քննարկումներ, եւ հիմա էլ այդ քննարկումներն ընթանում են։

Բազմաթիվ Հասարակական կազմակերպություններ, քաղաքական ուժեր, պատգամավորներ ե՛ւ խորհրդարանական քննարկումների, ե՛ւ այլ ձեւաչափերով հնարավորություն են ունեցել եւ հիմա էլ ունեն՝ հանդիպելու արտգործնախարարության պատասխանատուների հետ, որոնք վարում են այդ բանակցությունները, ու նրանց հետ քննարկելու թե՛ փաստաթղթի ընդհանուր ուղղվածությունը, թե՛ հիմնական դրույթներն ու սկզբունքները։
Բայց եթե խոսքը ամբողջական, ավարտուն փաստաթղթի մասին է, դրա հրապարակումը, իհարկե, պետք է հստակ կանոնակարգված լինի մեր օրենսդրության եւ ԵՄ համապատասխան կանոնակարգերով ու ընթացակարգերով։

   -ՀՀԿ խմբակցության մեկ այլ անդամ՝ Արտաշես Գեղամյանը, պարբերաբար հանդես է գալիս Եվրասիական միությանը միանալու հրամայականը հիմնավորող հոդվածներով, ավելին՝ համոզված է, որ «Եվրասիական միությանը միանալու այլընտրանքը պատերազմն է»։ Խմբակցության ներսում միակարծություն չկա՞ այս հարցում։ 

-Մեր խմբակցությունը խորհրդարանի խոշորագույն խմբակցությունն է, որտեղ կարող են լինել տարբեր կարծիքներ տարբեր հարցերի վերաբերյալ։ Կուսակցությունը կամ խմբակցությունը ուժեղ է ոչ թե նրանով, որ մարդիկ միանման են մտածում, այլ նրանով, որ տարբեր մոտեցումներ ունենալով հանդերձ, կարողանում են սինթեզել մեկ միասնական դիրքորոշում, հարցի լուծման ամողջական տարբերակ։
Այդ իմաստով, ե՛ւ Արտաշես Գեղամյանի, ե՛ւ Հայկ Բաբուխանյանի կարծիքներին պետք է շատ հարգանքով վերաբերվել։ Իրականում, կարծում եմ, պարոն Գեղամյանի ասածի մեջ ճշմարտություն կա, որովհետեւ մեր անվտանգության խնդիրները, կրկնում եմ, կապված են ՀԱՊԿ-ի, ասել է թե՝ ապագա Եվրասիական միության հետ, եւ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ»  թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031