Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱԿ ակտիվիստների դեմ ցուցմունք տված վկան «ոնց որ պեշկա լիներ, ասում էին՝ դու պետք է վկա լինես»

Օգոստոս 22,2013 12:51

2011թ. օգոստոսի 9-ին տեղի ունեցած ոստիկանական սադրանքի հետեւանքով 2-6 տարվա ազատազրկման դատապարտված Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ չորս ակտիվիստների գործին բազմիցս անդրադարձել ենք, անդրադարձել ենք նաեւ այս գործով առանցքային վկա Հրանտ Միրիջանյանին։

Ինչպես նախկինում հայտնել էինք, Միրիջանյանը նախաքննության ընթացքում ցուցմունք էր տվել, թե 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեսել էր, թե ինչպես են ակտիվիստ տղաները հարվածում «խեղճ» կարմիրբերետավոր ոստիկաններին, իսկ ահա դատարանում նա պատմել էր, որ ոստիկանները իրենից ցուցմունք էին կորզել բռնությամբ եւ որ «իր տեղն արդեն արել են, երբ ուզում են, գալիս են ու ասում են, որ նա ինչ-որ գործով պետք է որպես վկա անցնի»։

Ավելի ուշ «ՉԻ»-ին տրված հարցազրույցում Միրիջանյանը իր այդ խոսքերը հաստատել էր, նաեւ ցավ էր հայտնել, որ իր սուտ ցուցմունքների հիման վրա Տիգրան Առաքելյանը, Սարգիս Գեւորգյանը, Արտակ Կարապետյանը եւ Դավիթ Քիրամիջյանը ազատազրկման են դատապարտվել։ Ինչպես արդեն հայտնել ենք, տղաների գործը դատական երեք ատյաններով անցնելով նորից վերադարձվել է Վերաքննիչ քրեական դատարան, որտեղ այժմ դատաքննություն է ընթանում եւ չի բացառվում, որ Հրանտ Միրիջանյանը նորից դատարան կանչվի եւ որպես վկա հարցաքննվի։

Հատված Հրանտ Միրիջանյանի մոր՝ Ռոզա Միրիջանյանի հարցազրույցից:

– Տիկիե Ռոզա, հիշո՛ւմ եք մեկ տարի առաջ առաջին ատյանի դատարանում Ձեր որդին ցուցմունք էր տվել, որ ոստիկանները իր նկատմամբ բռնություն են գործադրել դատարան գալուց առաջ։ Դրանից հետո Ձեր որդու վրա ինչ-որ նոր ճնշումներ եղա՞ն։

– Հա, թերթում էլ դրա մասին գրել էին։ Չնայած, ոչ մի բան չեղավ, չի եղել։

– Ձեր վրա դրանից հետո ճնշումներ իսկապե՞ս չեն եղել։ Խոսակցություններ կային, որ ճնշումներ եղել են, ոստիկանները Հրանտին սպառնացել են, որ նա չխոսի։

– Դե դա հա, բայց հետո բան է եղել, հիմա ոչ մի բան չկա։

– Ձեր որդին՝ Հրանտը, մեզ մի օր պատմեց, որ Դուք գնացել էիք ոստիկանություն եւ պահանջել էիք, որ Ձեր որդուն որպես վկա այլեւս ոչ մի գործում չներգրավեն։ Դուք էլ, Հրանտն էլ դատարանում ասել էիք, որ երբ ինչ-որ դեպք է լինում Հրանտին ստիպողաբար տանում են որպես վկա։

– Այո, եղել է նման դեպք։ Ես Կենտրոնի ոստիկանության քրեականի պետի հետ եմ խոսացել դրա մասին:

– Այն տղաները, ում դատաքննության ժամանակ դատարանում սուտ ցուցմունք տալու համար անցած տարի ոստիկանները Ձեր որդուն բռնությամբ դատարան էին բերել, այժմ դատապարտվել են 2-ից 6 տարվա ազատազրկման։

– Հա, երբ Հրանտը ստայանկայում էր աշխատում, գալիս էին գործի տեղից տանում էին։ Մենակ ինքը չէր, երեք տղա կար այնտեղ։ Գալիս էին, տանում էին։ Երեքին էլ քցում էին մեքենան, բայց իմ տղեն ոնց որ պեշկա լիներ, ասում էին՝ դու պետք է վկա լինես, ինքն էլ զանգում էր ինձ, ասում էր՝ մամա, սենց բան են ասում։ Դե ինքն էլ ստայանկայում էր աշխատում, նալոգ պետք է փակեր, բայց երբ տանում էին բաժին, չէր կարողանում փակել։

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031