Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. «Քո տեղը բանտն է, ոչ թե իշխանությունը»

Օգոստոս 22,2013 12:31
azat arshakyan

Հատված խորհրդային այլախոհ ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԻ հետ հարցազրույցից” 
 –Անկախությունը երկիր կառուցելու նոր պատասխանատվություն, «ֆունկցիայի» էր պարտադրում: Ինչը, ցավոք, ժամանակի իշխանությունների կողմից չգիտակցվեց:
-Փոխարենը կատարվեց հետեւյալը. քանի որ հաղթանակից հետո պասիոնար ուժերը հոգնել էին, շատերը զոհվել, գլուխ բարձրացրին փլուզման կողմնակիցները, նրանք ազատ ասպարեզ գտան, ու Հայաստանը դարձավ խոպան` հայ ժողովրդին հայհոյողների համար: Մեր ինքնության ապացույցները նրանց համար թիրախ դարձան: Պետությունն աստիճանաբար անցավ ոչ պետականամետ ուժերի ազդեցության տակ: Մարդիկ հիասթափվեցին, սկսվեց երկրից արտահոսքը: Երկիրը հանձնվել էր ավերողներին, քանդողներին, ովքեր էլ սկսեցին անխնա սպառողի պես շահագործել հայրենիքի գաղափարը:
Իսկ այսօր ես, որպես հայ մարդ, հպարտությամբ ուզում եմ ասել, որ այդ փուլը, չնայած մարդկային, նյութական, նաեւ արժեհամակարգի կորուստներով, անցյալում է, ու քանի որ, թող վերամբարձ չհնչի, բարձր կուլտուրայի տեր ժողովուրդ ենք, Հայաստանը չդատարկվեց, հայրենաբնակ հայերը մնացին: Հետաքրքիր «սելեկցիա» տեղի ունեցավ` մնացին այն մարդիկ, ովքեր նվիրված են այս լանդշաֆտին: Չեն կարողանում լքել Հայկ Նահապետի թողած ժառանգությունը:
Այսօր գալիս է մի նոր սերունդ, որը 20 տարուց ավելի է, որ ապրում է անկախ Հայաստանում, նրանք այլեւս հոմոսովետիկուսներ չեն: Լավատես եմ ու հույս ունեմ, որ պետականամետներս կկարողանանք մեր երկիրը արժանապատվորեն հանձնել նոր սերնդին, ովքեր արդեն նոր առաքելություն ունեն` զբաղվել պետության բարգավաճմամբ, երկրի հարստացմամբ, հայ ժողովրդի բարեկեցությամբ:
 –Իսկ դրա համար հարկ է, որ ինքնիշխան պետության գաղափարը անհրաժեշտ չափով արմատավորված լինի ե՛ւ իշխանական վերնախավի, ե՛ւ հասարակության գիտակցության մեջ: Ուրեմն, որքանո՞վ են ժողովրդավարությունը, իրավական պետությունը, օրենքներն ու նմանատիպ արժեքները արմատացած պետական վերնախավի ու հասարակության մեջ:
-Մեզ թվում էր, թե հայ ղեկավարը պետք է լինի խիստ պարկեշտ, բարեկիրթ, հասարակական շահերին, կարիքներին նվիրված մարդ։ Ո՞նց կարող է նախարարը հանցագործ լինել: Փաստորեն, շա՜տ մեծ էին մեր պահանջները:
Իշխանական վերնախավում այսօր կան մարդիկ, որոնց տեղը այդտեղ չէ, ու նրանք մեր հոգնածության, թուլության, անփութության հետեւանքով են հայտնվել «վերեւում»: Մենք պետք է մատնացույց անենք դրանց ու ասենք` դու «վերեւում» տեղ չունես, քո տեղը բանտն է, ոչ թե իշխանությունը: Նմանների մոտ էլ ի՞նչ գիտակցության մասին կարող է խոսք լինել:
Բայց մի նրբություն կա. պետության առաջընթացի կողմնակիցները, հայրենասիրության կրողները մեզանում քվորում ունեն. ես չգիտեմ՝ նրանք աստվածաշնչյան 20 հոգին են թե 50-ը, բայց համոզված եմ, որ նրանք կան: Ռուսները մի խոսք ունեն. «Ռուսաստանում կա մի եվրոպացի, դա կայսրն է»: Հիմա, եթե մեզ մոտ մեկ հոգի, ունենալով բարձր լիազորություններ, նվիրված լինի մեր երկրի առաջընթացին, ուրեմն ամեն ինչ կորած չէ:
Ես հույս ունեմ, որ այդ մեկը կա: Ուրեմն նրա շուրջ կան նաեւ այն 20-ը, որոնք իրենց մեջ կրում են ինքնիշխան պետության գաղափարը ու չեն թողնի, որ Հայաստանը սոդոմ-գոմորի վերածվի։
Մյուս կողմից՝ ունենք վտանգներ տեսած ու անցած հասարակություն: Ավելին՝ մեր հասարակությունն ավելի լավն է, քան իշխանությունը, նրանում ավելի մեծ է նվիրվածությունը իր համայնքին, քաղաքին, հայրենիքին, ազգային ինքնություններին, քան վերնախավի մեջ: Գուցե պարադոքս է, բայց իրողություն: Ու ինչքան էլ մեզ չկայացած պետություն են պարտադրում, մենք ասում ենք` կայացած պետության արժանի ժողովուրդ ենք: Հույս ունեմ, որ մեր ժողովուրդը դեռ իր խոսքը կասի:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց Աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Այո… Մեր հույսը Աստվածա! ներքեվում մենք… ու չենք կարողանում առթարությունը վերականգնել… ցավալիա իմ համար, երբեմն ես ինձ հառցեմ տալիս, հոքեվոր սնունդ ստանալուց հետո, ինչու պիտի այսպես լիներ մեր Հայ ազգի, Հայաստանի վիճակը… ու հասկանումեմ իմ մտածելակերպով որ երեխաների դեռահասների երիտասարտության, մոտ քիչա ձեր ասած կայսրի հասկացողության գաղափարը… ես ինքս շատ կուզենայի որ մարդիկ այտպես լիներ, հասկանային մի միյանց, ժողովրդին աջակցեին, վոչ թէ, բարեկամ ծանոթով ամենինչը լինի.

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031