«ՉԻ» տեղեկություններով, ԱԺ-ում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության ներկայացուցիչը՝ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, աշնանը վերջին անգամ կմասնակցի ԵԽԽՎ աշխատանքներին։ Բացատրենք՝ որն է խնդիրը։ Սովորաբար ԵԽԽՎ-ում պետք է ներկայացված լինեն խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը, որպեսզի նրանց բոլորի ներկայացուցիչներն էլ ամբիոն ունենան այդ հեղինակավոր կառույցում։ ԵԽԽՎ պատվիրակությունները, այդ թվում հայաստանյանը, ձեւավորվում է համամասնությամբ, ավելի կոնկրետ՝ Դոնթի բանաձեւով։ Սա մի բանաձեւ է, որով տարբեր խորհրդարաններում որոշվում են հանձնաժողովների եւ պատվիրակությունների քվոտաները. ի դեպ՝ ԵԽԽՎ հանձնաժողովները եւս կազմված են Դոնթի բանաձեւով։
Վերջին խորհրդարանական ընտրություններից հետո ստացվեց այնպես, որ ՀՀԿ-ն բավականին բարձր տոկոս «խփեց», եւ վերոնշյալ բանաձեւի կիրառման արդյունքում վերցրեց ԵԽԽՎ 8 հոգանոց պատվիրակության ուղիղ կեսը՝ 4 տեղերը։ Մնացած տեղերը բաշխվեցին այլ խմբակցությունների միջեւ. ստացվեց այնպես, որ խմբակցություններից մեկին «տեղ չհասավ»։ Ուստի որոշվեց կիրառել բանաձեւի ռոտացիոն սկզբունքը։
Համաձայն Դոնթի բանաձեւի՝ ռոտացիան իրականացվում է խորհրդարանի ամենափոքր խմբակցությունների միջեւ։ Հայաստանի պարագայում ամենափոքր խմբակցությունները «Ժառանգությունը» եւ ՀՅԴ-ն են։ Նրանք երկուսն էլ ԱԺ-ում ներկայացված են 5-ական մանդատով։
Սակայն, «ՉԻ» տեղեկություններով, որոշվել է, որ ռոտացիան իրականացվելու է ոչ թե ամենափոքր խմբակցությունների, այլ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության՝ ՀԱԿ– ի եւ իշխանական ՕԵԿ-ի միջեւ։
Կարդացեք նաև
Նշենք, որ ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը «Ժառանգությունից» եւ ՀՅԴ-ից ավելի շատ մանդատ ունեն, յուրաքանչյուրը ներկայացված է 6-ական մանդատով։ Ասել է թե ռոտացիա պետք է իրականացվեր ոչ թե ՀԱԿ-ական Լեւոն Զուրաբյանի եւ ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանի, այլ «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի եւ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի միջեւ:
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում