Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղարշակ Հարությունյան. «Հայաստանը կարող է կոմպլեմենտար քաղաքականություն վարել Եվրոպայի հետ, իսկ ՌԴ-ն իրավունք չունի՞ հարաբերելու Ադրբեջանի հետ»

Օգոստոս 22,2013 11:57

Հատված «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի հետ հարցազրույցից:

Ի՞նչ կարող է տալ մեզ Ռուսաստանը, որը չի կարող տալ Եվրոպան։

– Բայց ի՞նչ է տալիս Եվրոպան, որը չի տալիս Ռուսաստանը։ Եվրոպան մեզ չի ապահովում էներգակիրներով և կոշտ վառելիքով ատոմակայանի համար, չի ապահովում ՀՀ անվտանգությունը, չի ստեղծում աշխատատեղեր… Այս ամենը Եվրոպան չի կարող տալ մեզ։ Ո՞վ է ապահովում ատոմակայանի աշխատանքը, որը տալիս է մեր հանրապետության Էլեկտրաէներգիայի 40 տոկոսը, գազը ո՞վ է մատակարարում։ Եթե Ռուսաստանը գազ չտա՝ Հայաստանը որտեղի՞ց պետք է այն ստանա։

Ռուսական գազին չի՞ կարող փոխարինել իրանականը։

– Իրանական գազը ռուսական գազամուղն է։ Իրանը ևս կապեր ունի ՌԴ հետ, որը գլոբալ առումով աջակցում է Իրանին։ Իրանի գազը այլընտրանք չէ՝ գազամուղը ռուսական է։ Մնում է Ադրբեջանը՝ գազ կարող ենք ստանալ միայն Ադրբեջանից։

Պարոն Հարությունյան, ՌԴ կողմից ՀՀ նկատմամբ վերջին ամիսներին վարած քաղաքականությունը Ձեզ համար հասկանալի՞ է։ Խոսքս գազի գնի թանկացման, Ադրբեջանին զենք վաճառելու գործարքի, ՀՀ քաղաքացուն

ՌԴ դատարանում նվաստացուցիչ տեսքով ներկայացնելու մասին է։

– Անլուրջ հարցերին չեմ ուզում պատասխանել՝ խալաթով մարդուն դատարան բերելը կապում եք հայ-ռուսական հարաբերությունների հե՞տ։ Ինձ համար հասկանալի է, թե ինչ քաղաքականություն է վարում Ռուսաստանը։ Հարցին մյուս կողմից էլ նայեք. Պուտինը չէ՞ր, որ Բաքվում հայտարարեց, թե Ղարաբաղի հարցը քաղաքական մեթոդներով է կարգավորվելու՝ միայն խաղաղ ճանապարհով։ Ռուսաստանը Հայաստանին ապահովում է սպառազինությամբ, խնդիրը ո՞րն է։ Հայաստանը կարող է կոմպլեմենտար քաղաքականություն վարել Եվրոպայի հետ, իսկ Ռուսաստանը իրավունք

չունի՞ հարաբերելու Ադրբեջանի հետ։ Մի մոռացեք, որ ամեն պետություն իր շահերով է առաջնորդվում։

Պարոն Հարությունյան, պարբերաբար գնահատականներ են հնչում, որ հայ-ռուսական հարաբերությունները վերջին շրջանում վատթարացել են։ Արդյոք դրանո՞վ չէր պայմանավորված, որ Վլադիմիր Պուտինի խոստացված այցը Հայաստան այդպես էլ չկայացավ, և փոխարենը նա այցելցեց Բաքու։

– Ո՞վ է ասել, որ մեր հարաբերությունները վատթարացել են՝ Ռուսաստանը կամ Հայաստանը հայտարարե՞լ են դրա մասին։ Նրանք, ովքեր ասում են, թե վատացել են, ի՞նչ կոնկրետ փաստեր են բերում։ Այդ տեսակետներն ինձ համար անհիմն են։ Պուտինը գնաց Բաքու, որովհետև հարցեր ուներ Ադրբեջանի հետ. Հայաստանի հետ հարցեր չունի, դրա համար էլ չի գալիս։ Մենք պրոբլեմային բացեր հայ-ռուսական հարաբերություններում՝ տնտեսական, ռազմական, մշակութային կամ այլ առումներով, չունենք, պայմանագրերը ստորագրված են, գործում են։ Պատմական հարաբերությունների իբրև թե վատթարացումը պայմանավորել Բաքու այցով կամ զենքի գործարքով՝ միամիտ մոտեցում է։ Այո, վաճառվել է 1 մլրդ-ի զենք, բայց չէ՞որ դա չի խախտում ռազմական բալանսը, մենք Ռուսաստանից ավելի մեծ քանակով զինատեսակներ ենք ստացել։ Էմոցիոնալ մոտեցում այս հարցում լինել չի կարող։

Պուտինի այցը Բաքու ՌուսաստանՀայաստան հարաբերություններում հետևանքներ կարո՞ղ է ունենալ։

– Իհարկե ոչ։ Եթե ուշադիր նայեք՝ ինչ փաստաթղթեր են ստորագրված Բաքվում, կտեսնեք, որ ռազմաքաղաքական առումով լուրջ համաձայնագիր դրանց թվում չկա։ Հետո՝ Պուտինը չի այցելել նրանց Պանթեոն։ Սա ևս

կարևոր հանգամանք է։ Իսկ երբ Ալիևը կոշտ ձևակերպումներ հնչեցրեց, թե Ղարաբաղի տարածքները «օկուպացված են» և այլն, Պուտինը պատասխանեց մեկ տողով՝ ԼՂՀ հարցը լուծվելու է միայն խաղաղ ճանապարհով։ ՌԴ

նախագահի հայտարարությունը մեկ բանի մասին է խոսում, որ Ռուսաստանը չի ընդունում ռազմական ճանապարհով Ղարաբաղի հարցի լուծման տարբերակը:

Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն Մխիթարյան says:

    Որպեսզի կարողանանք հասկանալ` ինչ կարող են մեզ տալ Եվրամիությունը և Մաքսային կամ ձևավորվելիք Եվրասիական միությունը, պետք է համեմատության մեջ դնել վերջիններիս տնտեսական զարգացման մակարդակները; Այսպես. Միջազգային արժութային հիմնադրամի տվյալներով Եվրամիության մեջ մտնող 27 երկրների ՀՆԱ-ն դեռևս 2010 թվականին կազմել է 16 տրիլիոն դոլար, կամ համաշխարհային ՀՆԱ-ի 26 տոկոսը: ԱՄՆ-ի ՀՆԱ-ն նույն ժամանակահատվածում կազմել է 14,5 տրիլիոն դոլար, կամ համաշխարհային ՀՆԱ-ի 26 տոկոսը: Սա ցույց է տալիս, որ համաշխարհային տնտեսության ծավալի գրեթե կեսը բաժին է ընկնում Արևմուտքին: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա վերջինս, համաձայն ՄԱՀ-ի տվյալների, ՀՆԱ_ի իր ցուցանիշներով (1,5 տրիլիոն դոլար) համաշխարհային տնտեսության առաջատարների մեջ ընդամենը 11-րդ տեղում է: Դժվար է ենթադրել, որ անգամ Եվրասիական միության ձևավորումը որևէ շտկում կամ էական տարբերություն մտցնի այս դասակարգման մեջ և թույլ տա արդյունավետ մրցակցություն ծավալել Արևմուտքի հետ: Ինչ վերաբերում է այն հարցին, թե Եվրոպան ինչ կարող է տալ մեզ, ապա պարզ տրամաբանությունը հուշում է հետևյալ պատասխանը. Եվրոպայից հնարավոր է ստանալ և անվտանգության հզոր երաշխիքներ և տնտեսական զարգացման զորեղ ազդակներ, բայց այդ ամենի համար պետք է լինել Եվրոպայի անքակտելի և անբաժանելի մասը: Չպետք է մոռանալ. որ Եվրոպան Արևմուտքի գլխավորությամբ աշխարհը բաժանել է 3 գոտիների, ա` բացարձակ անվտանգության գոտի, բ` հարաբերական անվտանգության գոտի և գ` պատերազմի գոտի: Բացարձակ անվտանգության գոտու մեջ ընդգրկված են մշակութային և քաղաքակրթական ընդհանրություն ունեցող երկրները` երկրներ, որոնց պետականության հիմքերի պահպանումը, կայունությունը, տնտեսական առաջընթացն ու մշակութային զարգացումը ռազմավարական կարևորության խնդիրներ են: Հարաբերական անվտանգության գոտին ներկայացնում են այն երկրները, որոնց զարգացումը որոշ հնարավորություններով հանդերձ, երբեք լիարժեք չի եղել ու չի լինում: Իսկ պատերազմը տարածքը բռատիրական և ամբողջատիրական երկրների խումբն է, որոնք ենթակվում եմ պատմական դաժան փորձությունների և ստիպված են լինում գոյատևել մշտական քաոսի ու անկայունության պայմաններում: Զարմանալի է` ինչու Հայաստանը պետք է ձգտնի անդամագրվել նոր ձևավորվող նեոռուսական կայսրությանը, երբ կարող է ավելի զարգացած քաղաքակրթության մաս լինել և ձեռք բերել զարգացման և առաջընթացի լիարժեք հնարավորություններ: Չմոռանանք, որ անգամ Խորհրդային Միությունը իր գոյության համար որոշակիորեն պարտական է ԱՄՆի-ն և եվրոպական որոշ զարգացած երկրների` երկրներ, որոնք նախապատերազմյան շրջանում մեծապես նպաստել են Խորհրդային Միության արդյունաբերության կազմակերպմանը, առանց որի հնարավոր չէր լինի Երկրորդ աշխարհամարտում կռել ռուսական զենքի փառքը և հաղթանակ տոնել ֆաշական Գերմանիայի հանդեպ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031