Սադոյանն արդյոք կրկին ակտիվացնելո՞ւ է իր կուսակցությունն ընտրությունների նախաշեմին, թե՞ հասկացել է, որ այն փակել է պետք։ «Որտե՞ղ է Ձեր կուսակցությունը, պարոն Սադոյան»,- հարցով դիմեցինք նրան։ «Բնական է, որ հիմա դժվար է երեւալը, նամանավանդ այս գերշուկայական, բազարային հարաբերություններում, որը տիրում է քաղաքական դաշտում, եւ բնական է, որ որոշակի դժվարություններ էին ծագելու, մեր գործունեության մասշտաբները մի քիչ փոքրացել են, բայց կուսակցությունը շարունակում է գործել»,- իր միալար, բայց հանդարտ ձայնով արձագանքեց պարոն Սադոյանը։
«Իսկ որտե՞ղ է գործում, որ մենք չենք տեսնում» հարցից քաղաքական նախկին «հարձակվողը» սրտնեղեց ու սկսեց շնչակտուր ներկայացնել իրենց գործունեության տիրույթը, որը, պարզվեց, ոչ ավել, ոչ պակաս՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցն է։ «Մեր կուսակցությունը հատկապես կարեւորեց արտաքին քաղաքականության հետ կապված խնդիրները, կուսակցության համար բավական ցավալի էր, որ Պուտինը, Ռուսաստանը այդքան զենք վաճառեց Ադրբեջանին, կուսակցության անունից ես բազմիցս «Ֆեյսբուքում» հայտարարություններ եմ արել…»,- նմանատիպ մի շարք հայտարարությունների մասին իրազեկեց եւ Մոսկվայի դիրքորոշման վերաբերյալ կուսակցության «լուրջ մտահոգությունները» ներկայացրեց Ա. Սադոյանը։
Փորձեցինք պարզել՝ քանի՞ մարդ ունի նման «լուրջ մտահոգություն», այսինքն՝ կուսակցության անդամների թիվը։ «Դե, վերջին շրջանում հաշվառում չենք արել, 1500-1700 անդամներ կային, կարող է հիմա նույնիսկ ավելացել են, կոնկրետ թիվ չեմ կարող ասել»։
Ասաց, որ «ողջունել են» ուղեվարձի թանկացման դեմ ակցիան. «Բայց քանի որ նրանք չուզեցին քաղաքականացնել, այլ քայլեր չարեցինք։ Ուզում եմ ասել, որ այնպես չէ, որ մենք հայաստանյան քաղաքական դաշտում չենք գործում։
Կարդացեք նաև
Մենք պատրաստ ենք նաեւ պայքարել բուհերի վարձավճարների թանկացման դեմ»։ Կուսակցության անունից միակ «պայքարողն» էլ, ըստ էության, ինքը՝ Սադոյանն է լինելու, որովհետեւ այլ անուններ հանրությանը ծանոթ չեն։ «Կուսակցության ներկայացուցիչներից, ցավոք, հանրությունը քչերին է ճանաչում, բայց դա էլ իր պատճառն ունի, մենք չունենք մեր թերթը, լուսաբանվելու առումով խնդիր ունենք եւ դրա համար ուզում ենք էլեկտրոնային շաբաթաթերթ բացել»,- գրեթե սենսացիոն հայտարարություն արեց պրն Աադոյանը։
Ստացվում է, որ միայն «Ֆեյսբուքում» հայտարարություն տարածելն արդարացնո՞ւմ է որեւէ քաղաքական ուժի գոյությունը, ավելին՝ ԱԺԴ-ն ձգտում է դառնալ վիրտուա՞լ կուսակցություն։ «Մեր կուսակցությունը գտնում է, որ որակապես պետք է փոխել մոտեցումները, այսպես ասած՝ հիմնվել ժամանակակից հնարավորությունների վրա, վիրտուալ դաշտը փորձել ծառայեցնել քաղաքական գործունեությանը, եւ այդ տեսակետից մենք, այսպես կոչված, վիրտուալ կուսակցության ստեղծմանն ենք կողմ… Իհարկե, օրենքով դա չի… եւ այդ կուսակցության անդամները կարող են դառնալ ՀՀ քաղաքացիները։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում