Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրու ամրոցի կլոր աշտարակը շարունակում է փլված մնալ

Օգոստոս 21,2013 22:48

2013թ. ապրիլի 17-ին  փլվել էր  Մեղրու ամրոցի կլոր աշտարակներից մեկի հյուսիս-արեւմտյան պատը:  Փլուզումից հետո մեղրեցիներն անմիջապես  պատրաստակամություն են հայտնել վերականգնել պատմական արժեք ունեցող  եւ Մեղրու խորհրդանիշ համարվող աշտարակը, սակայն դրա թույլտվությունը չունենալով եւ մասնագիտական մոտեցման պահանջը հաշվի առնելով՝ դիմել են համապատասխան մարմիններին:

Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ աշտարակի փլուզումից հետո  այդ հարցը կարգավորելու համար դիմել են ՀՀ մշակույթի նախարարությանը, ահազանգել խնդրի մասին եւ ակնկալել նրանց արձագանքը, սակայն մինչեւ օրս նախարարությունից որեւէ պատասխան չեն ստացել: «Մեղրեցիները նույնիսկ պատրաստ են ֆինանսական կողմը ապահովել, միայն թե նախարարությունն արձագանքեր մեր նամակին եւ մասնագիտական մոտեցման հարցերը որոշվեր, բայց փլուզումից առայսօր նախարարությունն այդպես էլ չի պատասխանել մեր նամակին եւ բուրգն էլ շարունակում է փլված մնալ», -ասաց Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը:

mmm-037

Մեղրու ամրոցը 10-րդ դարի վերջին եւ 11-րդ դարի սկզբներին է կառուցվել: Այն վերակառուցվել է 18-րդ դարում,  երբ ազգային-ազատագրական կռիվների ժամանակ Դավիթ Բեկի եւ նրա զինակիցների կողմից որպես պաշտպանական կառույց է օգտագործվել: 1700-ական թվականներից մինչեւ այսօր այնտեղ վերակառուցման որեւէ աշխատանքներ չեն տարվել: Մեղրու ամրոցի 6 աշտարակները՝ երեքը կլոր, երեքն ուղղանկյուն, կառուցված են կոպտատաշ քարերով, դրանց տանիքները վաղուց են փլվել, իսկ կլոր աշտարակի հյուսիս-արեւմտյան պատի փլուզումը տեղի է ունեցել այս տարվա ապրիլ ամսին Մեղրիում գրանցված առատ տեղումներից հետո:

mmm-036

Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը նշեց, որ իրենք խնդրին տեղեկանալուց հետո համապատասխան զեկուցագիր են ներկայացրել վերադասին, որպեսզի  համապատասխան ընթացք տրվի հարցին: «Մեր խնդիրն այն է, որպեսզի վերականգնման աշխատանքներն օրինական հունով տանենք», – ասաց տիկին Հակոբյանը: Նրա խոսքով՝ աշտարակը ներառված չէ մարզի առավել վտանգված հուշարձանների ցանկում:

«Մեղրին ուղղահայաց ժայռերի մեջ գտնվող բնակավայր է: Այդ ժայռերի որոշակի հեռավորության վրա 6 աշտարակ է կառուցված: Մեղրու ամրոցի համար որպես պատ՝ ժայռերն են հանդիսացել, իսկ պաշտպանական կառույցներն այդ աշտարակներն են: Վերջին փլուզումը հորդառատ անձրեւների հետեւանքով եղավ, իհարկե տարիներ ի վեր բնական ազդեցությունն էլ նաեւ նպաստել դրան: Շինությունը, որ աստիճանաբար թուլանում է,  ամրությունը քայքայում է՝ մի օր էլ փլուզվում է», – նշեց Աստղիկ Հակոբյանը:

Ինչեւէ, Մեղրու աշտարակը 5 ամիս է շարունակում է փլված մնալ, իսկ մեղրեցիներն ապրիլ ամսից  դեռ սպասում  են մշակույթի նախարարությանն ուղղված  եւ անարձագանք մնացած  նամակի պատասխանին:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031