Լրահոս
Օրվա լրահոսը

Կկարողանա՞ն ոչնչացնել Լիսկայի «խանությունը» սյունեցիները

Օգոստոս 21,2013 20:47

Սեպտեմբերի 29-ին Սյունիքում նշանակված ԱԺ լրացուցիչ ընտրություններին Կապանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանից բացի մասնակցում է նաև մեկ այլ կուսակցական, դարձյալ Կապանի բնակիչ, ազատամարտիկ  Սամվել Հայրապետյանը, որին սատարում է «Ժառանգությունը»:

Նշենք, որ «Կապանի ՀՀԳ» ՍՊԸ տնօրեն Վահրամ Հովհաննիսյանն ու երեւանաբնակ Պավլիկ Սարգսյանը ևս մասնակցում են ընտրություններին, սակայն նրանք անկուսակցականներ են:

Այսօր Aravot.am-ը «Ժառանգության» Գյումրու գրասենյակի պատասխանատու  Վահագն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե իրենց թեկնածուն կկարողանա՞  մրցակցել ՀՀԿ-ականի հետ, որի թեկնածությունը առաջ է քաշել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` այս մարզը իր տիրակալությունից դուրս չհանելու նպատակով: «Ժառանգության» թեկնածուն պատրա՞ստ է ենթարկվել փորձությունների: «Գիտե՞ք ինչ, էսպիսի մի կարծրատիպ կա մեզ մոտ` ավելի լավ է ոչ մի քաղաքական գործընթացի, այսինքն, ընտրությունների ձևաչափով, չմասնակցենք: Կան էդպիսի քաղաքական ուժեր, որոնք անընդհատ պնդում են, քանի որ անընդհատ կեղծվում են ընտրությունները, ավելի լավ է չմասնակցենք այդ գործընթացներին: Բայց «Ժառանգություն»-ը համարում է, որ ինչքան էլ վատ լինի իրավիճակը, պետք է բոլոր գործընթացներին մասնակցել, դրանք, նախևառաջ քաղաքական գործընթացներ են, և դրանք իրենք իրենցով արդեն կարող են ազդել բնակչության մտքի, նրա հայացքների վրա և եթե նույնիսկ հերթական անգամ անհաջողության մատնվեն, ամեն մի գործընթաց ինչ-որ մի դրական տեղաշարժ տալիս է: Բայց ինչ վերաբերում է Սյունիքին, ես հավատացած եմ, որ վերջին իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Սյունիքում, սրանք նպաստելու են, որ ընդդիմադիր թեկնածուի անցման հավանականությունը ավելի մեծ  լինի: Սամվելը դրական անձնավորություն է, նա լավ ճանաչված է Սյունիքում, և  մենք վստահ ենք, որ սյունեցիները  անպայման ձայն տալու են մեր թեկնածուին»,- ասաց Վահագն Հովհաննիսյանը:

Այսինքն` կարծում եք,  որ սյունեցիները այնքան զզված են նախկին մարզպետի կառավարման մեթոդներից ու նրա շուրջ պտտվող պատմություններից,  որ իրենց ձայնը կտան ձեր թեկնածո՞ւին: «Ես կարծում եմ, որ ոչ միայն Սյունիքում են զզված, այլ ամբողջ հանրապետությունում, Սյունիքում առավել ևս, որովհետև մենք տեսնում ենք, որ ամեն օր բացահայտվում են նորություններ, թե ինչպիսի խանական իշխանություն է եղել: Մենք` հայերս, սովոր չենք էդ ձևով ապրելու, ի վերջո ինչքան էլ ասենք ասիացի ենք, մենք եվրոպական մտածելակերպ ունեցող, արդարամիտ ժողովուրդ ենք: Եվ մենք չենք կարող հանդուրժել էդպիսի իրավիճակ, հետևաբար և պիտի փոխենք, իսկ փոխել պետք է պայքարելով, իսկ պայքարի ձևերից մեկը մասնակցելն է, կողքի նստել, ոչինչ չանել, կարծում եմ սխալ է», -ասաց «Ժառանգության» պատասխանատուն:

Մեր այն հարցին էլ` ձեր կարծիքով սյունեցիները գյումրեցիների նման կարհամարհե՞ն  ընտրակաշառքը, վերջ կդնե՞ն վախի մթնոլորտին, որը դեռ տիրում է Սյունիքում, մեր զրուցակիցն ասաց. «Նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ Սյունիքի քաղաքային բնակչությունը մեծամասամբ   իր ձայնը տվել էր ընդդիմադիր թեկնածուին, իսկ իմ կարծիքով սա արդեն նախադրյալ է, որ գործընթացը ի օգուտ մեզ հաջողություն կունենա, «ժառանգություն»-ը հաղթի Սյունիքում»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031