Լրահոս
Օրվա լրահոսը

Զինդատախազության աշխատանքային խմբում ընդգրկված հ/կ-ները հնարավոր է դուրս գան

Օգոստոս 21,2013 20:09

Զինդատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել, որը պետք է ուսումնասիրի ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը եւ իր գնահատականը ներկայացնի՝ այդ դեպքերի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետության վերաբերյալ: Աշխատանքային խումբն ուսումնասիրելու է այն քրեական գործերը, որոնցով ամփոփիչ որոշումները կայացվել են 2011-ի հունվարի 1-ից հետո:

Աշխատանքային խմբի առաջին նիստն արդեն կայացվել է, եւ խմբում ընդգրկվելու հայտ է ներկայացրել 5 կազմակերպություն, բայց արդեն արձագանքներ կան, որ զինդատախազությունը փորձել է ընդամենը թելադրել իր պայմանները: Aravot.am-ի հետ զրույցում այս առնչությամբ մեր հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ այդ աշխատանքային խմբի ստեղծումը ձեւական բնույթ է կրելու՝ «Հայկական լեգեոն» միության նախագահ Աղասի Կարապետյանն ասաց, որ եթե որոշել են մասնակցել, ուրեմն նման մտավախություն չունեն. «Դա դեռ առաջին նիստն է եղել եւ տպավորությունների մասին կարող ենք կիսել երկրորդ նիստից հետո»:

Խմբի կազմում է նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին նիստին իրենք բացակա են եղել. «Աշխատանքի, ձեւի եւ գործի ուսումնասիրության հետ կապված իրենք գրել են, որ պետք է ուսումնասիրվի տուժողի իրավահաջորդների կողմից ներկայացված դիմումների մի մասը, այն գործերը, որոնք կարճվել են: Բայց, քանի որ մեր կազմակերպությունը տարիներ շարունակ զբաղվում է զինծառայողների գործերի ուսումնասիրությամբ, մենք ավելի շատ խնդիրներ ենք տեսնում ոչ թե կարճած քրեական գործերով, այլ այն գործերով, որ կոնկրետ տուժողի իրավահաջորդ չեն ճանաչվում, օրինակ՝ Հայկ Մովսիսյանի գործը, հարուցված է քրգործ, բայց ներկա դրությամբ տուժողի իրավահաջորդ ճանաչված չի: Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք դրա հետ կապված, որ պետք է ուսումնասիրվի ոչ միայն այն գործերը, որտեղ կա արդեն տուժող, տուժողի իրավահաջորդ, այլ նաեւ այն գործերը. որ քրգործերի հարուցումը մերժվել է, չկա տուժող եւ տուժողի իրավահաջորդ»:

Աշխատանքային խմբում ընդգրկված «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հ/կ նախագահ Ժաննա Ալեքսանյանը պատմում էր, որ առաջին նիստում ոչ մի քննարկում չի եղել, զինդատախազությունը թելադրել է իր պայմանները եւ իրենք հավասարը հավասարի հետ քննարկման սեղանի շուրջ չեն նստել: Ժաննա Ալեքսանյանը չէր բացառել, որ եթե այդպես շարունակվի, իրենք դուրս գան այդ խմբից:

Մեր հարցին, եթե դուք էլ նման վերաբերմունք տեսնեք, որ զինդատախազությունը թելադրողի դիրքերում է,  հնարավո՞ր է դադարեցնեք  համագործակցությունն այդ աշխատանքային  խմբում՝ Արայիկ Զալյանը պատասխանեց. «Եթե մենք տեսնենք, որ մեր կազմակերպության մասնակցությունն այնտեղ ձեւական բնույթ է կրում, միանշանակ մենք դուրս կգանք: Բայց այս պահի դրությամբ մենք ներկայացրել ենք մեր առաջարկությունը: Երկրորդ նիստին՝ ամսի  28-ին էլ ենք ներկայացնելու մեր առաջարկները, նոր դրանից հետո արդեն պարզ կլինի, թե հետագայում մեր կազմակերպությունն ինչ չափով է ներգրավվում կամ չի ներգրավվում այդ խմբում: Գիտեք, այսօր Հայաստանի այդ կառույցների հետ շատ դժվար է աշխատելը, տեսնենք ինչ կստացվի»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031