ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկված Ա.Դավթյանի, Ս.Մկրտչյանի և Ա.Մանուկյանի նկատմամբ ոստիկանության բաժնում բռնություն գործադրելու փաստի առթիվ:
ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից Արման Դավթյանի, վերջինիս ընկերոջ՝ Արթուր Մանուկյանի և կնոջ՝ Սոնա Մկրտչյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012թ. փետրվարի 21-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռ.Ռևազյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ 2011թ. հունիսի 14-ի առավոտյան Ա.Դավթյանին, կնոջը՝ Ս.Մկրտչյանին և ընկերոջը՝ Ա.Մանուկյանին ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկելու, այնտեղ Ա.Դավթյանին ծեծի ենթարկելու մասին:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Ա.Դավթյանը, ով գրավոր դիմել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեին, իր դիմումում նշել էր, թե ոստիկանության նշված բաժնում իրեն ծեծի են ենթարկել՝ կոտրել ձախ ձեռքի մատերը, մարմնի տարբեր մասերը հոսանքահարել էլեկտրաշոկով՝ ստիպելով պատմել կատարած գողությունների մասին, իսկ ոստիկանության աշխատակիցների պարտադրանքով՝ քննիչի մոտ ցուցմունք է գրել, որ բերման ենթարկվելուց մի քանի օր առաջ ձեռքը խփել է պատին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում, ուսումնասիրելով Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող ամբաստանյալ Արման Դավթյանի վերաբերյալ քրեական գործը, պարզվել է, որ դեռևս նախաքննության ընթացքում Ա.Դավթյանը նույնաբովանդակ դիմումներ է ներկայացրել ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից իրեն, Ս.Մկրտչյանին և Ա.Մանուկյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ, որոնց քննարկման արդյունքում ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչի գնահատմամբ, չէին հիմնավորվել՝ որոշում կայացնելով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Նշված որոշումը չի բողոքարկվել Արման Դավթյանի եւ նրա պաշտպանի կողմից։ Ուստի հատուկ քննչական ծառայությունում քննության առարկա է դարձվել Սոնա Մկրտչյանից սպառնալիքներով սուտ ցուցմունքներ վերցնելու հանգամանքը, սակայն չի հիմնավորվել։
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից Արման Դավթյանին ու մյուսներին ծեծի ենթարկելու և խոշտանգելու վերաբերյալ նույն անձանց նկատմամբ նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին քննիչի չվերացված որոշման առկայությունը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչի 2012թ. մարտի 2-ի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերի հիմքերով։
2013թ. մայիսի 14-ին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վերացրել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչի՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2011թ. հոկտեմբերի 31-ի ու ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2012թ. մարտի 2-ի որոշումները։
Նկատի ունենալով վերոգրյալը՝ դատախազական հսկողություն իրականացնող դատախազը քրեական գործ է հարուցել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող գործողություններ կատարելու, այն է՝ ոստիկանության բաժին բերման ենթարկված Ա.Դավթյանի, Ս.Մկրտչյանի և Ա.Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելու և նրանց իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառելու փաստի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար։
ՀՀ գլխավոր դատախազություն