Շուրջ երկու տարի առաջ, երբ անդրադարձանք մայրաքաղաքի գրադարաններում, առկա խնդիրներին, պարզվեց, որ մի շարք գրադարաններում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք մատնված են անուշադրության, սկսած շենքային վատ պայմաններից, մինչեւ՝ պայքար առնետների դեմ:
Նման պայմաններում էր գտնվում նաեւ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի №15 մասնաճյուղ`Խաժակ Գյուլնազարյանի անվան գրադարանը: Այսօր, նույն հաստատության վարիչ Սուսաննա Սոսոյանի հետ զրույցում պարզեցինք, որ այս տարիների ընթացքում որոշակի տեղաշարժ գրանցվել է, սակայն խնդիրներ դեռ կան: «Մինչև այսօր ջեռուցում չունեինք եւ միայն այս տարի տնօրենի գլխավորությամբ քաղաքապետարանում ուշադրություն դարձրին այդ խնդրին, քանի որ այլեւս հնարավոր չէր նման սուղ պայմաններում ջեռուցում ապահովել գրադարանում»,-ասաց Սուսաննան, նշելով, որ ի սկզբանե, հարցը դրված է եղել կամ վերանորոգում, կամ ջեռուցում:
«Մեր տնօրենը առաջնահերթ ավելի կարեւոր խնդիր է համարել ջեռուցումը, քանի որ դրա բացակայությունը ազդում է, թե գրադարանում առկա գրքերի պահպանման, եւ թե աշխատողների առողջականի վրա»,-հավելելով, որ վերանորոգումը եւս իրենց ցավոտ կողմերից մեկն է: «Ասում են, թե առաջիկայում վերանորոգման աշխատանքներ կտարվեն, հույսեր տալիս են, տեսնենք»,-ասաց տիկին Սուսաննան:
Կարդացեք նաև
Գրադարանում կար 34-35000 գիրք եւ անցյալ տարի տարվել են զտման աշխատանքներ, որն ըստ վարիչի` պայմանավորված է եղել պահանջարկի բացակայությամբ. «Ստացել էինք մեծ քանակությամբ գրքեր, որոնց օրինակները շատ էր, բայց պահանջարկը այդքան մեծ չէր: Մենք կարողացանք պահել գրադարանում մեր ընթերցողներին խիստ անհրաժեշտ ֆոնդը, որն այսօրվա օրով մեծ պահանջարկ ունի»:
Գրադարանը համալրվել է համակարգչով եւ առաջիկա ծրագրերի մեջ է մտնում գրադարանի ողջ ֆոնդը փոխանցել համակարգիչ եւ հատուկ ծրագրերով սպասարկումն ապահովել, սակայն այստեղ էլ թերացում կա. «Տվել են տեխնիկա, որն իր կարողություններով քիչ թե շատ չի համապատասխանում: Այն ֆոնդերը, որոնք պետք է մուտքագրվեն համակարգիչ, որոշակի ծրագրերի եւ հզորության հետ է կապված, որն էլ ծախսատար է եւ ֆինանսների հետ է կապված: Հույս ունենք, որ առաջիկայում կհարթվի այդ խնդիրները»:
Հաջորդ ամենացավոտ հարցերից մեկը դեռ շարունակում է մնալ աշխատավարձը: «Հուլիս ամսից 10 հազար դրամով բարձրացվեց՝ դառնալով 45.000 դրամ եւ ինձ համար շատ ցավալի է այդ մասին խոսել: Այսօրվա օրով եւ գրադարանի աշխատողը, եւ վարիչը, եւ հավաքարարը ստանում են նույն գումարը. սա, իհարկե, ահավոր է, սոսկալի վիճակ է, բայց ունենք այն, ինչ-որ ունենք»,-ընդգծեց Սոսոյանը, հավաստիացնելով, որ ստանալով անգամ նվազագույն աշխատավարձ, շարունակում են նվիրված աշխատել: «Մեր ցանկությունն է, որ գրադարանների նկատմամբ վերաբերմունքը փոխվի: Եթե տալիս են նվազագույն աշխատավարձը, սա արդեն ցույց է տալիս պետության վերաբերմունքը մշակույթային օջախների նկատմամբ»:
Տիկին Սուսաննան անդրադառնալով այն հարցին, որ հաճախ տարբեր առիթներով բարձրաձայնվում է, թե այսօրվա երիտասարդությունը գիրք չի կարդում, ասաց. «Ինչպես կարող է չկարդալ այսօրվա սերունդը, եթե գրադարանն այսօր ընթերցողների պահանջ չունի: Նույնիսկ մեր պայմանները չի ներում սպասարկելու քաղաքակիրթ ձեւով այն ընթերցողներին, ովքեր նոր են գրանցվում, որոնց հետ պետք է անհատական ձեւով զրուցենք, ժամանակ հատկացնենք, հասկանանք, թե ինչ է ավելի շատ նախընտրում, այ սա մենք բավարարել չենք կարողանում: Երբ ընթերցողների հոսքը սկսվում է, 3-4 հոգով հնարավոր չի լինում սպասարկել, եւ այս տարի եւս մեկ աշխատողով համալրվեց գրադարանը: Գրադարան այցելում են եւ աշակերտները, եւ ուսանողները, էլ չեմ ասում թոշակառուների մասին: Ուրիշ բան, երբ գրադարանը չի կարողանում հետադարձ կապ հաստատել ընթերցողի հետ: Ժամանակի ընթացքում կարողացանք այդ կապը հաստատել եւ հասկանալ, թե մեր ընթերցողներին ինչ է հարկավոր:
Այն հետաքրքրությունները, որ այսօրվա ընթերցողն ունի, չունի 20 տարի առաջվա ընթերցողը. սա ուրիշ հարց է: Ես չեմ ասում, թե հիմա պահանջները քչացել են, այլ այսօր պահանջարկ ունեն այն գրքերը, որոնք գովազդվում են, օրինակ Պաուլո Կոելիո, գրքեր կան, որ տեղում չեն մնում, այնքան մաշված են: «Փարիզի աստվածամոր տաճարը» ես չեմ հասկանում, թե ինչու չի վերահրատարակվում, կամ, եթե վերահրատարակվում է, ինչու գրադարաններ չի հասնում: Մեծ պահանջարկ ունեցող գրքերը մարդիկ ցանկանում են կարդալ եւ մեկ-երկու անգամ մերժվելուց հետո, երրորդ անգամ չի դիմի գրադարան»,-ներկայացրեց վարիչը, նշելով, որ քիչ չեն եղել դեպքեր, երբ աշխատողներն իրենք են տնից գրքեր բերել, որպեսզի ընթերցող չկորցնեն:
Գրադարանում հաշվարկը սկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից եւ երեկվա դրությամբ գրադարանում կար 1512 աբոնենտ, իսկ ընթերցասրահ` 720:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ