Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

Օգոստոս 21,2013 19:12

Օգոստոսի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված զինված հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանության խնդրին: Ելույթ ունեցողների զգալի մասն անդրադարձավ Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթում, մասնավորապես, նշեց, որ Հայաստանի համար իրավիճակը Սիրիայում լոկ նորությունների խորագիր չէ եւ մեծապես մտահոգիչ է երկրում վատթարացող հումանիտար իրավիճակը եւ բռնությունների աճը: Դեսպան Նազարյանը դատապարտեց բնակչության հանդեպ բոլոր տեսակի հարձակումները, առեւանգումներն ու ահաբեկչական գործողությունները, որոնց թիրախում են հայտնվել անմեղ քաղաքացիներ` ներառյալ երկրում ապրող փոքրամասնությունները՝ ընդգծելով այն հանգամանքը, թե ինչպես են ավիրվում ու վնասվում հայկական եկեղեցիները, եւ ինչպես են մեծ թվով հայեր իրենց սիրիացի համաքաղաքացիների հետ մեկտեղ Հալեպում ու Դամասկոսում ծանր իրավիճակում փորձում գոյատեւել: Դեսպանը հավելեց նաեւ, որ Հայաստանը շարունակում է ընդունել փախստականների՝ չնայած ավելի քան հարյուր հազար հայեր իրենց կենցաղն են շարունակում Սիրիայում օրեցօր ուժգնացող  բռնությունների եւ հումանիտար ճգնաժամի ներքո: «Նմանօրինակ իրավիճակների լուծման համար համոզված ենք, որ պետք է հրաժարվել միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարման հարցում ընտրովի մոտեցումներից: Միջազգային հանրությունը պետք  է արդյունավետորեն գործի հումանիտար իրավունքի նորմերի պահպանման հարցում եւ առաջարկի, որպեսզի կողմերը ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր քայլերը մարդասիրական օգնության դերակատարների մուտքն ու գործունեությունն ապահովելու համար»,-նշեց դեսպան Նազարյանը:

Իր ելույթի մեկ այլ բաժնում, խոսելով առհասարակ զանգվածային սպանությունների, հանցագործությունների հարցում պատասխանատվության մասին, դեսպան Նազարյանը բարձր  գնահատեց ԱԽ դերակատարումն անպատժելիության վերացման ու միջազգային հումանիտար իրավունքը կոպտորեն ոտնահարողներին պատասխանատվության ենթարկելու գործում: Այս համատեքստում Հայաստանի ներկայացուցիչը խոսեց նաեւ փոխհատուցման մասին, անդրադարձավ դեռեւս այս տարվա գարնանը Հայաստանի կողմից նախաձեռնված ու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունած «Ցեղասպանության կանխարգելման» բանաձեւին՝ կարեւորելով ճշմարտության, արդարադատության ու փոխհատուցման խրախուսումը:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031