Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ուսումնամարզական հավաք է անցկացնում բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը: Գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ աղջիկները նախապատրաստվում են սեպտեմբերին Բուլղարիայում կայանալիք աշխարհի պատանեկան առաջնությանը:
Ռաֆայել Մեհրաբյանի խոսքերով, հավաքները պիտի սկսեին ավելի վաղ, քանի որ աշխարհի առաջնությունը նախապես նշանակված էր մայիսին՝ Ֆրանսիայում: Սակայն կազմակերպիչներն ինչ-ինչ պատճառներով հրաժարվել էին այն ընդունել եւ առաջնությունը հետաձգվել էր անորոշ ժամանակով: «Մոտ մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ աշխարհի առաջնությունը կայանալու է սեպտեմբերին՝ Բուլղարիայում: Դրա համար էլ մեր պլանները փոխվեցին: Հիմա առաջին հավաքն ենք անցկացնում, որը տեւելու է 12 օր: Օգոստոսի 30-ին կվերադառնանք Երեւան, հինգ օր մի փոքր թեթեւ ծրագրով կշարունակենք մարզվել, որից հետո երկրորդ հավաքը կանցկացնենք Աբովյանի մարզաբազայում եւ սեպտեմբերի 18-ին կամ 19-ին կմեկնենք Բուլղարիա: Այս հավաքներում ընդգրկել ենք ինը մարզուհու, սակայն աշխարհի առաջնություն կմեկնեն երեքը՝ 44 կգ քաշային Ֆրիդա Սարգսյանը, 50 կգ՝ Անուշ Գրիգորյանը եւ 54 կգ՝ Անի Հովսեփյանը: Նրանք կմասնակցեն պատանիների առաջնությանը: Բոլորն էլ տրամադրված են մարտական, մարզվում են ջանադրաբար: Միակ բանը, որ բացակայում է, այն է, որ ոչ մի անգամ մրցման չեն մասնակցել», – ասաց մարզիչը:
Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ է այդպես ստացվել, Ռաֆայել Մեհրաբյանը պատասխանեց. «Ֆեդերացիան ընդհանրապես ուշադրություն չի դարձրել այս աղջիկների վրա: Կանաց բռնցքամարտը պետական մարզաձեւ չի համարվել: Հուսով եմ, որ եթե լավ մրցելույթներ ունենանք, դա կօգնի, որ ֆեդերացիան ֆինանսավորի մեր ամբողջ տարվա համար պլանավորած աշխատանքները՝ հավաքներ, մասնակցություն մրցաշարերի: Միայն դրանից հետո հնարավոր կլինի լավ մրցելույթներ ունենալ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ